• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես «Սեբաստացիներ» երգչախմբում եմ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում շատ միջոցառումներ եմ տեսել, բազմաթիվ ու բազմատեսակ, բայց չեմ մոռանա այն մի քանի հանդիպումները, որոնց շնորհիվ դարձա այդ մթնոլորտի մի մասը: Երբ ինքնամոռաց հիացմունքով ըմբոշխնում էի «Գեղարդ» երգչախմբի եթերային կատարումները և դեռ ուշքի չեկած պատիվ ունեցա սեփական ականջով լսել «Հովեր» երգչախմբի աննման կատարումները, նույնիսկ ամենահամարձակ երազում էլ չէի պատկերացնի, որ ես էլ կարող եմ հայտնվել այդ հիանալի աշխարհում, որը իրապես հանգրվան գտավ այս նույն պատերի ներքո: Մի օր համարձակությամբ համակված  նշանակված ժամին գնացի մայր դպրոց, «Սեբաստացիներ» երգչախմբի փորձին....Ու մինչ օրս յուրաքանչյուր պարապմունք ինձ համար դարձել է մի դուռ, որից այն կողմ ոչինչ չկա, բացի մաքուր երաժշտությունից, որի հնչյունների տակ սիրտս մի պահ կանգ է առնում երկյուղածությամբ, որ այդ երկնային լույսը հանկարծ չկորչի...

Կրթահամալիրի ծնող