• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցի դասավանդողների վերապատրաստումը Կրթության ազգային ինստիտուտում

Հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը Կրթության ազգային ինստիտուտում ընթանում է ավագ դպրոցներում անգլերեն դասավանդողների հերթական որակավորման (ատեստացիոն) վերապատրաստումը:

Նախորդ` 2007-ի վերապատրաստմանը, որը տեղի ունեցավ Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանում, ես մասնակցում էի որպես վերապատրաստող և փաստորեն նորից դասավանդողի ինձ համար սովորական դերում էի:Այս տարվա վերապատրաստմանը մասնակցում եմ որպես վերապատրաստվող և այս առումով ինչ-որ հետաքրքրություն եմ զգում: Հետաքրքրությունը կարճ ժամանակով ուսանող զգալու հաճելի զգացումն է, չնայած, շատ հաճախ եմ միջամտում վերապատրաստողի խոսքին`դասն ավելի հագեցած և հետաքրքիր դարձնելու համար: Ինձ համար հատկապես հետաքրքիր էին օրենսդրական դաշտին վերաբերող դասերը:

Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս կրթահամալիրից և առնչվում եմ այլ դպրոցների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ, ավելի պարզորոշ եմ զգում մեր կրրթահամալիրի մեծությունը ամեն առումով: Օրինակ, այսօր ՏՀՏ միջոցների կիրառմանն ուղղված պարապմունքներ էին անցկացվում:Պարզվեց, որ ես շատ լավ գիտեմ "Word office", "Internet" և "Power Point" ծրագրերով աշխատելը: Դա այն է, ինչ նրանք պատրաստվում են սովորեցնել վերապատրաստվողներին: Եվ մինչ վերապատրաստողը բացատրում էր, թե ինչպես պետք է բացել սեփական էլեկտրոնային փոստի հասցեն, ես հասցրեցի Երևանի մասին "Power point" ծրագրով մի անգլերեն ուսումնական նյութ ստեղծել, որից հետո սկսեցի օգնել վերապատրաստողին:

Վերապատրաստման դասընթացի ղեկավար Անուշ Խաչիկյանի հետ պայմանավորվել եմ, որ դասընթացի վերջին օրը ներկայացնելու եմ մի էլեկտրոնային նյութ`"Միջին և ավագ դպրոցներում լսելով հասկանալու, խոսելու, ընթերցելու և գրելու կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական գործունեության տեսակներ ՏՀՏ միջոցների կիրառմամբ" թեմայով: