• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ կարդալ ամռանը

Ընթերցանության համար ամենալավ ժամանակը ամառային արձակուրդներն են, սակայն բոլոր գրված գրքերը կարդալու համար մի ամբողջ կյանք չի հերիքի: Այդ պատճառով էլ ամենակարևորը գրքերի ճիշտ ընտրությունն է: Առաջարկում եմ ամռանը կարդալ այս գրքերը, որոնք կլինեն մեր մեդիագրադարանի կայքում:Յուրաքանչյուր գրական ստեղծագոծություն կարդալուց հետո կլինեն առցանց քննարկումներ:

Եթե դու 15-16 տարեկան ես, ոչ մի այլ գիրք չարժե կարդալ, եթե դեռ չես կարդացել…

Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ը, որը չկարդալ, նշանակում է երբևէ զգացած չլինել, թե ինչ վեհ, ճոխ ու արքայական լեզու է հայերենը: Առաջին անգամ այս գիրքը կարդացի, երբ 9-րդ դասարանի աշակերտ էի, 1965-ին: 400 տարի է անցել այն ժամանակվանից, ինչ այս գիրքը գրվել է, բայց այն դեռ արդիական է հնչում: Այս ողբերգությունը թարգմանվել է աշխարհի բոլոր քաղաքակիրթ լեզուներով և բեմադրվել ու նկարահանվել է աշխարհի տարբեր բեմերում և կինոստուդիաներում միայն մի պարզ պատճառով: Այդ պատճառն այն է, որ կարդալով այդ գիրքը, յուրաքանչյուր ոք սկսում է իր խղճի առաջ պատասխանատվություն զգալ կատարած ամեն մի քայլի համար: «Լինե՞լ , թե՞ չլինել»,- այսինքն` պայքարե՞լ չարիքի դեմ, թե՞ ձևացնել, որ այն չկա: Լինել` նշանակում է ապրել սեփական սկզբունքների ու խղճի թելադրանքով, այլ ոչ թե գոյատևել որպես հլու հնազանդ կամակատար մի խամաճիկ: Չկարդալ այս գիրքը, նշանակում է չկարդալ մարդկության ամբողջ պատմության մեջ երբևէ ստեղծված ամենահարատև մշակութային գլուխգործոցը:   

Պատմվածքներ, որոնք սովորեցնում են պայքարել ու երբեք չհուսահատվել

Այս առումով միլիոնավոր գրական ստեղծագործություններից առանձնանում են Ջեք Լոնդոնի «Կյանքի սերը» և Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքները: Այս պատմվածքները կարդալուց հետո դուք կզգաք, որ ավելի ուժեղ եք հոգով, քան մինչև կարդալը:

Պատմվածք, որը ցույց է տալիս, թե ինչը կարող է մարդուն ստիպել բարեփոխվել

Կարդացեք Վասիլի Շուկշինի «Մանրադիտակը»:

Վեպ, որի հերոսն իր ամբողջ կյանքում փնտրում է կյանքի իմաստը և վերջում գտնում է այն

Սոմերսեթ Մոեմ «Ստրկություն մարդկային»

20-րդ դարի ամենահայտնի ու ամենագնահատված բանաստեղծություններից մեկը

Ռուդյարդ Կիպլինգի «Եթե»  բանաստեղծությունը մի պատգամ է, թե ինչպես պետք է արժանապատիվ կյանք ապրել:

Մեծ արտիստի ինքնակենսագրականը

Կարդալով Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» երկհատորյակը կզգաք հայերենի գեղեցկությունը և հարստությունը, կկարողանաք ավելի լավ շարադրել ձեր միտքը:

Հնարավոր չէ կանգնեցնել առաջընթացը

Խաչիկ Դաշտենցի` Գյումրվա բարբառով գրված «Ֆայտոն Ալեքը» պատմվածքը

Բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների երբևէ ստեղծած ամենահզոր ժողովրդական ստեղծագործությունը

«Սասունցի Դավիթ» էպոսը