• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամփոփում եմ իմ մեկշաբաթյա գործունեությունն ու...

Ամեն  անգամ աշխատակարգ ստանալուց անկեղծ հիացմունքի պահ եմ ապրում`հերթական անգամ չկարողանալով չգնահատել աշխատակարգը ամենայն մանրամասնությամբ կազմած իմ գործընկերներին: (Մշտապես զարմացել եմ` ինչպես կարելի է այդ ամենը ներառել ու մեկտեղել): Նույն ծանոթ զգացողությունն ապրեցի, երբ ծանոթացա 2012թ. հունիսի 18-30- ի դասավանդողների աշխատակարգին: Թվում է` ամեն ինչ կա, ամեն ինչ ներառված է, ամեն ինչ նախատեսված է, ամեն ինչ բծախնդիր կերպով մտածված է, բայց...ամփոփում եմ իմ մեկշաբաթյա գործունեությունն ու արդյունքում պարզում, որ, ըստ էության, իմ շաբաթը ոչ այնքան արդյունավետ անցավ: Իսկ ինչո՞ւ: Կփորձեմ պատասխանել հարցիս, որքանով կստացվի` այս պահին դժվարանում եմ ասել:

Ես կրթահամալիրի այն բնակիչներից եմ, ովքեր ունեն անմնացորդ ու անվերապահ հիացմունք կրթահամալիր երևույթի հանդեպ առհասարակ: Բայց միաժամանակ նաև մարդու այն տեսակն եմ, որի համար կույր սեր ասվածը չի գործում: Թերարժեքության, առավել ևս գերարժեքության բարդույթով չեմ տառապում: Ունեմ ինքնագնահատական ու փորձում եմ հնարավորինս ապրել ու գործել համաձայն  այդ արժեհամակարգի (երբեմն ստացվում է, երբեմն` ոչ): Փաստերը փորձում եմ արձանագրել ու դիտարկումներն էլ անում եմ կողքինի` երրորդ մեկի տեսանկյունից, որպեսզի հնարավորինս անկողմակալություն ու անաչառություն ապահովեմ: Հիմա փորձելու եմ այդ երրորդ մարդու վերաբերմունքն արտահայտել:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, անշուշտ, հզոր ներուժ ունեցող կազմակերպություն է: Տեխնիկական հագեցվածություն + խելոք ուղեղներ: Թվում է, էլ ի՞նչ է պետք թռիչք ապահովելու համար, բայց...

Պատճառը ո՞րն է: Կարծում եմ պատճառը հստակ կարելի է ձևակերպել` ոչ գրագետ աշխատանքն ու մոնիտորինգի ոչ լիարժեք առկայությունը:

Մենք, հա, աշխատում ենք, մենք, հա, ամեն ինչ անում ենք, որ լավ լինի: Բայց մենք, կներեք, սիրելիներս, հիմնականում աշխատում ենք  մի տեսակ ինքնանպատակ: Ի վերջո, ըստ մասնագետների, ծուլություն է նաև մշտական շարժման մեջ գտնվելը, որը ուղղված չէ նպատակին հասնելուն: Աշխատում ենք թափթփված, անկազմակերպ, մեկը մյուսից անջատ, միով բանիվ` ոչ միասնական:

Իսկ միասնական աշխատանք չի ստացվում, որովհետև, ըստ իս, մեզանում պակասում է երեք շատ կարևոր բան`

* առարկայական միասնական ծրագրեր

* մեթոդական լուրջ մշակումներ

* վերահսկողության համակարգ

Կարծում եմ` մենք անհամեմատ արդյունավետ կաշխատենք, եթե կայանա ծրագրային և մեթոդական տեղեկատվական շրջանառություն ապահովող-փոխանցող դպրոցը և այդ ամենը վերահսկող համակարգը: Ընդ որում, վերահսկողություն ասելով ի նկատի ունեմ մշտադիտարկումն ու խորհրդատվությունը:  

Մեր ավագ գործընկերների մեջ հաստատ կան մարդիկ, ովքեր կարող են իմ սիրելի գործընկեր-սեմինարավարներին, այդ թվում և ինձ, ուղղորդել, սովորեցնել գրագետ սեմինար վարել: Իմ խորին համոզմամբ, դա շատ լուրջ գործ է ու պետք է այն ուսումնասիրել ամենայն մանրամասնությամբ` ասելիքի առումով նախապես հաշվարկելով յուրաքանչյուր րոպե:

Հ.Գ. Այս շաբաթ ամենադրական զգացողություններն ունեցել եմ Linux-ի սեմինարներից, ավելի ճիշտ` հանդիպումներից: Ամբողջ ընթացքում չդադարեցի հիանալ այդ խանդավառ երիտասարդի` Սերգեյի, մասնագիտական գիտելիքներով ու անմիջական պահելաձևով: Ու ոչինչ հա՞, որ ծրագրավորումից այդպես էլ գլուխ չհանեցի...:

Միշտ սիրով` Ձեր Նունե Մովսիսյան