• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խրիմյան հայրիկ

 

Արևմտահայ գրականությունը զարգացման հունի մեջ են դնում հիմնականում հոգևորականները: Այս իմաստով անգնահատելի է Մկրտիչ Խրիմյանի` Հայրիկի դերը: Պոլսո պատրիարք, ամենայն հայոց կաթողիկոս, ազգային գործիչ, գրչի մարդ: Նա եղավ առաջինը, որ հնչեցրեց հայ հոգևոր և ազգային իր հզոր ձայնը պատմական Հայաստանի մեջ: Անկախ իր բոլոր ծառայություններից սա ամենից նշանակալիցն է: Ե՛վ Վանում, և՛ Տարոնում նա փորձում էր  ստեղծել խանդավառություն, ազգային գործունեության մթնոլորտ, ինչը նրան էապես հաջողվեց:

 Ծնունդով Վանեցի էր: 1846թ.-ին առաջին անգամ Պոլիս է գալիս` Եվրոպայում բարձրագույն կրթություն ստանալու ակնկալությամբ: Սակայն, գավառից եկած շատ շատերի նման, միջոցներ չունենալով`անցնում է մանկավարժական աշխատանքի` 6 տարի աշխատելով Պոլսում, մասնավորապես Խաս գյուղի իգական վարժարանում: 1853թ.-ին վերադառնում է Վան, ուր նրան սպասում էր բոթը. հիվանդությունը չէր խնայել նրա ողջ ընտանիքը: Վերադառնում է Պոլիս, երբ  33  տարեկան էր, խորհրդանշական մի տարիք և որոշում է մեկընդմիշտ իրեն նվիրել եկեղեցուն: Ահա այդպես նրա գործունեության նոր փուլը համընկնում է եկեղեցական հայտնատեսության (էպիֆանիա) հետ: Երիտասարդ վարդապետը զարմանալի  նվիրում և եռանդ ուներ. չէր մոռացել ծննդավայրը: Պոլսում միջոցներ է ձեռք բերում, Եվրոպայից Վան է տեղափոխում տպարան, և մայր երկրում առաջին մարտակոչ թերթի հիմքն է դնում, որը խանդավառելու էր ժողովրդին, դա  «Արծիվ Վասպուրականի» թերթն էր: Ըստ էության արծիվը, ոչ այլ ոք էր, եթե ոչ ինքը:  Երբ դարձավ Տարոնի առաջնորդ, թերթն իր հետ տարավ փոքրիկ սրբագրությամբ` «Արծվիկ Տարոնոյ»: Խրիմյան հայրիկը խոր ցավ էր ապրում` տեսնելով Տարոնի ժողովրդի թշվառ կացությունը: Նա իր ձայնն է բարձրացնում ի պաշտպանություն կեղեքված ժողովրդի, ընդգծում լուսավորություն տարածելու պահանջը մայր հողի վրա: 60-ական թվականներին, երբ արդեն Զեյթունի ապստամբությունը խռովել էր ժողովրդի ազատատենչ ոգին, Խրիմյան հայրիկը դառնում է հայ ազատագրական պայքարի կազմակերպիչներից: Նրա հետ հաշվի են նստում, նրան սիրում են, գնահատում: Արդեն 60-ական թվականների երկրորդ կեսից, երբ նա արդեն եպիսկոպոսական կոչումն ուներ, ժողովուրդը նրան հայրիկ է անվանում` արտահայտելով իր սերն ու վերաբերմունքը: Պոլսո պատրիարք դառնալուց երեք տարի անց նա ինքնակամ հրաժարվում է նվիրապետական կարգից. իրեն համարում էր գործի մարդ և չկարողացավ ներել Պոլսո ամիրայական դասի խժդժություններն իր հանդեպ: Խրիմյան հայրիկն իր նոթագրություններով ահազանգ է բարձրացնում Հայաստանի ոչ միայն տնտեսական թշվառության, այլ նաև հայ թուրքական փոխհարաբերությունների առումով:1887թ.-ին Պոլսո Ներսես Վարժապետյան պատրիարքը նրան նշանակում է հայկական պատվիրակության նախագահ Բեռլինի վեհաժողովին մասնակցելու համար: Խրիմյանը այնտեղ գնաց որոշ հույսերով, սակայն վերադարձավ` հասկանալով եվրոպական երկրների քաղաքականության շարժառիթները, նա հասկացավ, որ երբեք խնդրառությունները նպատակին չեն հասնի, եթե չկա քաղաքական ուժի գիտակցությունը: Ահա այստեղ է, որ ծնունդ է առնում երկու շերեփների և մեկ կաթսայի նշանավոր համեմատությունը, որտեղ Խրիմյան հայրիկն, ըստ էության, բարձրացնում է ազգային ազատագրական պայքարի ծրագիրը: Հայ ժողովուրդը պիտի հոգեփոխվի,- գրում է նա և իրեն պաշտպանելու միակ ճանապարհը պիտի գտնի զենքի ուժի մեջ: Թուրքական իշխանությունները, սակայն, 1890թ.-ին գտնում են Խրիմյանին առժամանակ լռեցնելու միջոցը. աքսոր Երուսաղեմ, որտեղ նա մնում ե երկու տարի: 1892թ.-ին հայ ժողովրդի միակամ ցանկությամբ նա ներկայացվում է որպես կաթողիկոսական թեկնածու և հաղթանակ տանում: Նա իր կաթողիկոսական գահն օգտագործում է որպես պետական ղեկ, քանի որ ուներ ժողովրդին առաջնորդելու իրեն վստահված ձայնը: Խրիմյանի աշխատությունները երկու հիմնական աշխարհ են ընդգրկում` ինչպես հոգևոր աստվածաբանական, կտակարանային մեկնություններ, այնպես էլ ազգային հայրենասիրական: Նա իր ստեղծագործություններում միշտ փորձում է կամուրջ նետել մարդկայինի և աստվածայինի միջև, որովհետև հավատացած էր, որ աստվածայինը մարդկայինով է լեցուն և  մարդկայինի համար է: Ահա թե ինչու նրա խորհրդածություններն ունեն փիլիսոփայական մեղմ շղարշ, ինչպես ասենք «Ժամանակ և խորհուրդք իւր» գրքում, որը միջանկյալ դիրք է գրավում իր երկու գրական թեմաների միջև: Ասենք նաև, որ այդ հատկանիշը նկատվում է «Հիսուսի վերջին շաբաթը» աշխատության մեջ, որը կարող է թվալ զուտ աստվածաբանական նյութ: Այսպիսով Խրիմյան գրողի ստեղծագործական հատկանիշը գավառի գրականության հիմնավորումն է. հայրիկը հպարտություն էր ապրում արդեն այն բանից, որ ինքը առաջիններից է, ովքեր ձգտում են բնաշխարհի գրականության ստեղծմանը: