• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչու՞ վերացան խորացված ուսուցման դասարանները

Բոլոր այլ ավագ դպրոցներում գործում էին և գործելու են հոսքային ուսուցման դասարանները` ֆիզիկո-մաթեմատիկական, պատմա-հասարակագիտական,  լեզվաբանական, բնագիտական և այլն: Մեր կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանում գործում էին տարբեր նախամասնագիտական խորացված ուսուցման դասարաններ: Մեր և նրանց նմանությունն այն էր, որ մի դասարանում հավաքվում էին միևնույն հետաքրքրություններն ունեցող սովորողներ և այսպիսով նպաստավոր պայմաններ էին ստեղծվում առարկայական գիտելիքներ ձեռք բերելու համար, սակայն մեր հիմնական հաղթաթուղթն այն էր, որ մեր սովորողը, բուհ ընդունվելու համար առարկայական գիտելիքներ ստանալուց բացի, ձեռք էր բերում նաև ապագա մասնագիտությանը անհրաժեշտ կարողություններ: Օրինակ, “Օտար լեզու-թարգմանչություն և տուրիզմ” խորացված ուսուցման իմ դասարանը 11-րդ դասարանում անգլիական և ամերիկյան բանաստեղծների մեկական բանաստեղծությունների գրքույկ հրատարակեց իր CD-ով: Սովորողների համար կարևոր վարժանք էր դարձել տարբեր էլեկտրոնային կայքերի հոդվածների բանավոր թարգմանությունները, արտասահմանյան հյուրերից անգլերեն հարցազրույցներ էին անում և կայքում տեղադրում: Այս ամենը հենց նախամասնագիտական կարողություններ են, և միևնույն ժամանակ` դասարանի ճնշող մեծամասնությունը կարողանում էր միասնական ընդունելության թեսթի շեմը հաղթահարել դեռ 11-րդ դասարանի վերջում:

Ի՞նչ հաղթաթուղթ ունենք հիմա: Տարբեր հետաքրքրություններ ունեցող 23-24 սովորողներից բաղկացած շաբաթական 4 ժամով ընդհանուր դասընթացի դասարաննե՞րը : Այս 4 ժամերը կարելի է կորած համարել: Նոր կազմավորվող 10-րդ դասարանների սովորողներից որքան էլ որ հավաքենք մոտավորապես նույն լեզվական կարողություններն ունեցող սովորողներ, մի քանի ամսից նրանց լեզվական կարողությունները էապես կտարբերվեն այն պատճառով, որ նրանցից որոշ մասը չի ընտրի ընտրությամբ գործունեության 4 ժամը և նրանք կդառնան անհամատեղելի: Նոր 11-րդ դասարանների մասին այս առումով խոսել էլ ավելորդ է: Ակումբային գործունեության 4 ժամը դասերից հետո գործնականում անհնար կլինի, քանի որ մենք ունենք մեդիաուրբաթներ, մասնագիտական սեմինարներ, մեկը մյուսին հաջորդող ստուգատեսներ, ծնողների հետ  հանդիպումների հաստատված մեկ օր, որոնք պարտադիր ներկայություն են պահանջում:

Այս ամենով հանդերձ` առաջարկում եմ.

1.      Նոր կազմավորվող 10-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր ցանկություն կհայտնեն ներգրավվելու անգլերենի ընտրությամբ գործունեության մեջ, ընդհանուր դասընթացով երկու ժամ անգլերեն ունենան 12 հոգանոց խմբում նույն խմբում, նույն դասավանդողի մոտ: Այս ձևով որոշ չափով կվերագտնենք մեր անցյալ տարվա հաղթաթղթերը:  

2.      Ակումբային գործունեության համար 2 ժամ անգլերենը կարող է իրագործելի լինել: