• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երազում եմ` ես էլ երազեմ

Օգոստոսն էր, շոգ… տագնապաձայն ու անկամագո… Վթարից 4 ամիս էր անցել: Բժիշկները շարունակում էին հավատացնել, որ հիշողությունս կվերականգնվի (հաճախ, հիմա եմ զգում, փորձում էին նոր կյանքեր հորինել, որ ավելի շատ հավանեի ու գնեի, բայց միշտ եմ կամակոր եղել)… գալիս էին նորերը ու օտարները` հնի ու հարազատի ոտքերով, վերադառնում` նորացած ու օտարացած… ես… ես ռենտգենյան ճառագայթի նման թափանցում էի իրենց մեջ` ցույց տալով միայն սև ու սպիտակ փայտիկներ… փչացնում էի…հերթով ու առանց հերթի…
Հիմա Մայիսն է, իմ եղբայրը, իմ ամիսը, իմ պաշտպանը… բացի եղբորիցս միայն մի բան եմ հիշում այսքան հետազոտություններից, վերելքներից, վայրէջքներից, նոր դեղերից, նոր դեմքերից, ու ազարտի վերածված` հինը գտնելու տանջանքներից հետո…
Փոքր ժամանակ դմբո եմ եղել… ամեն տարի ծննդյան տորթի մոմը փչելիս նույն երազանքն եմ մտապահել (էն էլ ոնց, մի վայրկյանում մի 16 անգամ կրկնում էի` առանց մտածելու)…Բայց… դժբախտ եմ եղել… ես երբեք երազանքներ չեմ ունեցել, էդ մեկն էլ չունեի… ինձ պարտադրում էին, ասում էին` արագ մտքումդ երազանք պահի, ու չասես, որ կատարվի (հիմար, որ չասես, ո՞նց կկատարվի)… ու ամեն տարի` դեռ չեմ հիշում քանի, ես աչքերս պարտադրված պինդ- պինդ սեղմում էի ու, առանց երազելու, առանց երազանքի ինչ-որ բառեր էի կրկնում` հնարովի…
Նկարներս այնքան գեղեցիկ են ու երջանիկ, ոնց որ իմը չլինեն, բայց ես դժբախտ եմ եղել… ես երբեք չեմ երազել… ու չնայած, որ ես հիմա կյանքս դեռ չեմ գտել, ինձ` իմ հետագծով թափառած մեկիս չեմ գտել, ես հիմա եմ երջանիկ, արդեն առանց լուսանկարչական ապարատի կամ սև ու սպիտակ փայտիկների…
Ես չգիտեմ` երբ է իմ ծննդյան օրը, միգուցե այսօ՞ր. չեմ հիշում, մե´կ է, բայց հիմա ես առանց «նրանց» եմ երազում, ես ունեմ երազանք, իմ երազանքը բարձրաձայն եմ երազում, ազատ ու առանց ծափերի…
     Անջատեք լույսերը, ու ես կբարձրաձայնեմ իմ երազանքը…