• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գաղթի ճամփեն բռնած հասարակության համար ի՞նչ ազատ ընտրություն, ի՞նչ ազատ համալսարան...

Մինչ ուսանողները պայքարում են Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի վերադարձը իրականություն դարձնելու համար, Սուրեն Զոլյանի հայցադիմումն ընդդեմ կրթության, գիտության նախարարության մերժվեց՝ պատճառաբանությամբ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի (06.04.2012թ.) «Երեւանի Վ. Բոյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 160-11 հրամանը վերացնելու պահանջը ենթակա չէ վարչական դատարանում քննության։ Հարցի լուծումը գնալով բարդանում է։

Փորձեցինք պարգել` նախկին ԿԳ նախարար էդուարդ Ղազարյանը եւ Աշոտ Բլեյանն ինչ կարծիք ունեն ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Աշոտ Բլեյան.– Ես չեմ կարող լռել կրթության համակարգի հազարավոր կազմակերպիչների նման։ Առավել եւս չեմ կարոդ մեղադրողի խոսք ասել Երեւանի պետական համալսարանի ռեկտորի նման, որը, կարծեմ, հայաստանյան բուհերի խորհրդի նախագահն է։ Ինձ մնում է, հակառակ պարոն նախարարի եւ Սուրեն Զոլյանի, քաղաքականացնել խոսակցությունը, քաղաքական գնահատական տալ կատարվածին։ Քաղաքացիական, բաց հասարակություն մեզանում այդպես էլ չի կայանա ոչ միայն առանց ազատ ընտրական իրավունքի իրացման, առանց անկախ ու անաչառ դատարանի, այլեւ առանց ազատ համալսարանի։ Ազատ համալսարանները մեզանում ոչ պակաս անհրաժեշտ են հասարակության եւ տնտեսության զարգացման համար, որքան, ասենք, տնտեսական գոտիները, խոշոր տեխնոպարկերը։ Ազատ համալսարանն ակադեմիական ինքնավարություն է, պատասխանատվություն հասարակության առաջ ողջ կրթության, մասնավորապես մասնագիտական կրթության որպիսության համար։ Բոլոնիայի ողջ գործընթացը նախաձեռնել ու տանում են եվրոպական ազատ համալսարանները, նրանց ընկերակցությունը: Ի՞նչ կրթության զարգացում` առանց ազատ համալսարանի, ի՞նչ ազատ համալսարան` առանց գործուն ինքնավարության, առանց պաշտպանված պրոֆեսուրայի:
Թվում էր, թե վերջին 10-15 տարում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ընտրյալ ռեկտոր Սուրեն Զոլյանը իր համախոհների հետ վերածում է համալսարանը մասնագիտական կրթության եվրոպական տարածքի։ Ես այդպես գիտեմ։ Հիմա ի՞նչ եղավ... Այն, որ ռեկտորատի, հենց ռեկտորի աշխատանքում կարող են լինել սխալներ, վրիպումներ, ի՞նչ, ազատենք նրանց ազատ համալսարանի կառուցման, կայացման պատասխանատվությունից։ Կեղեքե՞լ է, հափշատկե՞լ է, ի՞նչ վրիպումներ են եղել լեզվաբանական համալսարանում, որոնք հնարավոր չէր մասնագիտական միջամտությամբ արագ շտկել։ Նախարարը, որպես կառավարության անդամ, կրթության քաղաքականության մշակման համար կարող է պատասխան տալ, բայց մասնագիտական կրթության կազմակերպման, նրա որակի պատասխանատուն ազատ համալսարանն է` իր պրոֆեսուրայով, ռեկտորով, խորհուրդով։ Ահա ինչու է առաջացել ազատ համալսարանն իր ակադեմիական ինքնավարությամբ։
Եթե Սուրեն Զոյլանը համալսարանի խորհրդում կանչվեր պատասխանատվության մասնագիտական կրթության անբավարար վիճակի համար, ուրեմն հասարակությունը հաստատ շահած կլիներ։ Բայց մի կողմից գովում ենք լեզվաբանական համալսարանը, ընդունում ռեկտորի վաստակը, մյուս կողմից... Մեզանում վարվող կրթական քաղաքականությունը ոչ թե ազատ համալսարանի ճարտարապետներին պատժելով պիտի զբաղվի, այլ խթանելով, որ կայանա ազատ համալսարանների ընկերակցություն։ Քանզի հենց այդպիսի դինամիկ զարգացող ընկերակցությունը կարող էր հասարակությանը այս փակուղուց ելքեր ցույց տալ, որակյալ նոր մասնագիտական խմբեր ու կառույցներ ձեւավորելով։ Ազատ համալսարանի պաշտպանված պրոֆեսորը կարող էր ինքնուրույն հանդես գալ քաղաքական մասնագիտական հայացքներով, հասարակության մեջ մտավոր զարգացման թեզեր շրջանառելով։ Հիմա տեսեք մեր տասնյակ ու տասնյակ բուհերի, այդ թվում համալսարանների համալսարանի պրոֆեսուրան ինչպիսի զրոյական դերակատարում ունի ոչ միայն իր գործընկերոջ պաշտպանության, այլև հասարակական կյանքում ունեցած ազդեցությամբ, որովհետև չունենք ազատ համալսարան։ Նորից կարդացեք ԵՊՀ ռեկտորի հայատնած կարծիքը Հայաստանի «Զրուցակից» շաբաթաթերթի ապրիլի 19-ի համարում։

Ես պարտավոր եմ ավելի քաղաքականացնել խոսակցությունը։ Մենք, որպես հասարակություն, երկարատեւ ու խորացող հիվանդությամբ ենք տառապում։ Բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից։ Իր ծննդավայր-պետություն-հայրենիք Հայաստանի Հանրապետությունից գաղթում է մարդը։ Գաղթողը իմ ընկերն է. հարեւանը, իմ աշակերտը, իմ զավակը, իմ հարազատը։ Գաղթի ճամփեն բռնած հասարակության համար ի՞նչ ազատ ընտրություն, ի՞նչ ազատ համալսարան, բաց դպրոց ու հավատ։ Կեղծ են քարոզները, տոնախմբություններն ու կոչերը։ Մի անկեղծ բան կա` հասարակությանը համակած ատելությունը։ Կյանքի անհեռանկարայնությունը դարձել է գաղթի կազմակերպիչ։ Եթե խնդիր կա, ահա այն` ինչպես կանգնեցնել գաղթը... Ազատ ընտրություններով, ազատ համալսարանով, ստեղծագործ նախաձեռնող ու հայրենատեր քաղաքացիով։

էդուարդ Ղազարյան.– Չեմ կարող ասել, որովհետեւ մանրամասները չգիտեմ, առաջին նկատողությունը, որ տրվել է քաղաքից բացակայելու համար, ընդունված կարգ է, որ եթե ռեկտորը բացակայում է, պետք է համաձայնեցնի նախարարի հետ։ Ես չգիտեմ՝ համաձայնեցրե՞լ է, ասե՞լ է, նա չի համաձայնվե՞լ, ես մանրամասներից տեղյակ չեմ։ Երկրորդ նկատողությունից ընդհանրապես տեղյակ չեմ` նախարարության աշխատակիցները ի՞նչ թերություններ են հայտնաբերել, եւ դժվար է գնահատական տալ։ Չեմ տիրապետում դաշտին, բայց ես չեմ կարծում` խնդիրն անձնական լինի։ Ինչքան հասցրել եմ ծանոթանալ, ճանաչել Արմեն Աշոտյանին, նրա մարդկային որակները, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ նրա հարգալից վերաբերմունքը, այդ թվում՝ նաեւ նախկին նախարարների նկատմամբ է ուշադիր, եւ թե ինչ կոնֆլիկտ է, որ այսքան սրվել է, եւ նա նման հրաման է տվել, դժվար է ասել։ Իմ աշխատելու տարիներին Սուրեն Զալյանի հետ խնդիր չեմ ունեցել։
Անկեղծ ասած` ես չեմ տեսնում աթոռը այդքան պինդ բռնելու անհրաժեշտություն. Նույնիսկ գտնում եմ, որ մարդը 5 տարուց ավելի որ նույն գործն է անում, լճանում է։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ հիվանդագին չեմ նայում, երբ մեկը օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով պաշտոնը թողնում է։