• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վաճառելով քո քվեն` աճուրդի ես հանում քո ԵՍ-ը

Նախընտրական գարուն է:
Քայլում եմ ձմռան տհաճություն և անհարմարություն պատճառող ցրտից, անդուր քամուց, ցեխոտ փողոցներից, բրդյա վերարկուներ և տարօրիանակ չափսերի, գույների երկարաճիտ կոշիկներ հագած մարդկանցից, դողացող, սոված ճնճղուկներից, ցրտից կուչ եկած, բայց սառը նստարաններին համառորեն նստած սիրահարներից, մշտապես ցուրտ եղականից բողոքող և  մռայլ դեմքով անցորդներից ազատված երևանյան փողոցներով: Գարունը փոխել է այդ ամենը, էլ չկան ձմռան հետքերը, կարծես` սիրահարվել են բոլորը` նույնիսկ գետնանցումներում փող մուրող մուրացկանները: Պայծառ է բոլորի դեմքին նկարված գարնանային թարմ ժպիտը, փողոցներ և բակեր են դուրս եկել փոքրիկները` անգամ այս տարի ծնվածները: Գարնան անուշ բույրով արբել բոլորն են շտապում:
Գարուն է նախընտրական:
-Ո՞վ է ուզում գնել ինձ` իմ քվեն:
-Ո՞վ ինձ կվճարի «5000դրամ»` խոստացած «3000»-ի փոխարեն:
-Ես պատրաստ եմ վաճառել իմ ԵՍ-ը, չէ՞ որ այսօր շատերը այդ «5000»-ը երկու կամ երեք  օր շարունակ աշխատելու դիմաց են ստանում:
-Ինչի՞ չունենալ ավել փող` փողը երբեք ավել չի լինում…
-Գրեթե բոլորն են զբաղվում առևտրով նախընտրական գարնանը, գրեթե ոչ ոք բաց չի թողնում ընձեռնված հնարավորությունը:
-Ինչո՞ւ անվճար քվեարկեմ, եթե իմ քվեն ունի իր գինը, ես ունեմ իմ «գինը»:
   Սրտիս ամենախոր հիասթափությամբ, զզվանքով, ատելությամբ եմ լցվում այսպես մտածող յուրաքանչյուրի հանդեպ և ցավով կարող եմ ասել, որ ինձ շրջապատող բազմաթիվ երիտասարդներ, որոնց ես միամտաբար ընկեր եմ համարել, տատիկներ, պապիկներ, որոնց հետ միշտ հարգանքով եմ խոսել, տարբեր գործունյա և քիչ թե շատ կայացած մարդիկ, որոնց համար մտածում էի, թե պատվաբեր չի լինի այդ ճանապարհով գումար վաստակել, և շատ ուրիշ ծախված հոգիներ այսօր դռնեդուռ ընկած գնորդ են փնտրում իրենց ԵՍ-ը վաճառելու համար:
   Փողոցում կանգնած անբարոյականն անգամ ավելի մաքուր կարող է լինել, քան նա, ով վաճառում է իր ձայնը` աճուրդի հանելով իր ԵՍ-ը: Երբ ծախում ես քո հոգին ավելի բարձր գին վճարողին, ապա ինչո՞վ ես տարբերվում այդ նույն մարմնավաճառից, ով հոգու փոխարեն իր մարմինն է վաճառում: Եվ ո՞վ է ձեզանից ավելի մեղսագործ ու կեղտոտ` մարմի՞ն, թե՞ հոգի վաճառողը...
Յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձեռնամխելի ձայնը, պաշտպանի և բարձրացնի այն` ի օգուտ մեր վաղվա օրվա, խոսքի, մտքի, մեր երկրի ազատության համար:
   Հետգրություն. ես կուսակցության անդամ չեմ, չունեմ կուսակցական ծնողներ: Ես ուսանող եմ, ով տեսնում է իր երկրի ներկայիս տխուր և ոչ խոստումնալից վիճակը, ով մտահոգված է իր երկրի, այդ երկրում ապրող ընկերների, հարազատների ապագայի համար:
   Ես մասնակցելու եմ ընտրություններին…