• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընտրակեղծիքների մեկնարկը տրված է...

Աշոտ Տիգրանյանի հետ գնում էինք դիվանբաշու մոտ: Ստացվեց այնպես, որ շուտ տեղ հասանք, իսկ դիվանբաշին զբաղված էր: Մոտ ութսուն տարեկան, ձեռնափայտով, վշտից խորշոմած դեմքով մի տատիկի տնակն էր խլում: Որոշեցինք ազատ ժամանակն արդյունավետ օգտագործել ու նայել այն տեղամասային ցուցակը, որտեղ ես գրանցված եմ որպես ՀՀ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացի: Ինչ լավ է հնչում... քաղաքացի, ընտրական իրավունք...: ՄԻ խոսքով, նայեցինք 34/22 տեղամասը, որը տեղակայված է Կումայրու թիվ յոթ դպրոցում: Բերեմ միայն չորս փաստ: Մեր հասցեում ավել գրանցված մարդ չկար, դա լավ էր, բայց իմ հարևան Աբովյան 178 հասցեում Լյովա պապիկի բնակարանի վրա գրանցված էին նրա հարսը՝ տիկին Թամարան, թոռը՝ Աննան: Նրանք 1999 թվականից ապրում են ՌԴ Պենզա քաղաքում և ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Այս փաստն արդեն հետաքրքրեց և նայեցի հաջորդ հասցեն՝ Աբովյան 180: Այստեղ ժամանակին ապրում էին հինգ մարդ, Զվարթ տատիկը մահացավ 2000-ին, երկու տարի անց Զվարթ տատիկի հարսը՝ Կարինեն և թոռնուհին՝ Մարիամ Խուդավերդյանը, մեկնեցին մշտական բնակության ՌԴ Սոչի քաղաքը: Չորս տարի հետո նրանց միացավ նաև որդին՝ Ժորա Խուդավերդյանը: Այժմ այս հասցեում ապրում են Վարդան քեռին և նրա երկրորդ կինը: Բայց ցուցակում... ցուցակում նշված էին վերը նշված բոլոր անունները, բացի Զվարթ տատիկի անունից: Հաջորդ հասցեում բնակվում էր Վարդանի եղբայր Վանիկն իր ընտանիքով: Ընտանիքը չորս հոգուց է կազմված և բոլորն էլ 2004 թվականից ի վեր ապրում են ՌԴ Վլադիկավկազ քաղաքում: ԵՎ այս փոքրիկ պատմության կուլմինացիան՝ Աբովյան  184 հասցեն: Այս հասցեում ապրում էին երջանկահիշատակ Հենրիկ պապիկի ընտանիքի անդամները: Նրանք 2009 թվականին վաճառեցին տունը Իտալիայի հյուպատոսին: Այժմ այդ հասցեում Իտալիայի հյուպատոսարանն է, որտեղ ապրում է նաև Իտալիայի հյուպատոսը: Բայց մի շտապեք, պարզվում է, որ Իտալիայի հյուպատոսարանից ՀՀ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է չորս մարդ՝ Հենրիկ պապիկի կինը, որդին, հարսը և ավագ թոռնուհին: Տեսնում եք` ինչ ստացվեց: Ընդամենը չորս իրար կողք գտնվող տնից, ցուցակներում գրանցված է տասներեք ավել ընտրող: Էս հալով ենք գնում արդար ընտրությունների: Հիմա ասեք տեսնենք` ոնց հավատանք կամ ինչին հավատանք, ցուցակը փոխենք, որ հավատանք, թե՞ երկիրը փոխենք: Իսկ միգուցե առաջնորդվենք ավելի հեշտ ճանապարհով ու ձեզ փոխե՞նք, պարոնայք երդվյալ հավատացողներ ու փոխողներ...

Հ. Գ.

Ինչքան եմ ես խղճում այն սերունդին, որին կրթել է Հեղինե Բիշարյանը: