Ուսուցիչը, որպես խնամող
Հասարակագիտական առարկաների ուսուցիչների մեծ մասը աշակերտների հետ իրենց բազմաբնույթ հարաբերությունների բերումով ամեն օր մի շարք դերեր են կատարում, ինչպես նյութը և գիտական միտքը ներկայացնողի, տեղեկություններ հավաքողի, հետաքննողի, որոշումներ կայացնողի և խորհրդածողի դերերը: Սակայն չպետք է մոռանալ, որ ուսուցչի կարևորագույն դերը խնամողի դերն է, և հասարակագիտության ուսուցիչը պետք է հանդես գա նաև այդ դերում: Ուսուցիչը`որպես խնամող,հանդես է եկել դեռևս պատմության հնագույն ժամանակներում: Հոգու խնամքի և խնամող-խորհրդատու ուսուցչի մասին տեսությունն իր ծաղկմանն է հասել հունական Պայդեյայի կրթական համակարգում: Հայ փիլիսոփա Դավիթ Անհաղթի ջանքերով խնամքի գաղափարը 5-6-րդ դդ. բերվել է հայոց կրթական միջավայր: Գուցե կարելի է ենթադրել, որ հենց այս 1500-ամյա խնամքի ավանդույթ ունենալն է, որ առկա է նաև ներկա ժամանակաշրջանի ուսուցիչներից շատերի հոգեկերտվածքում. նրանք ի բնե խնամող են:
Դասարանը և դպրոցն այն վայրերն են, որտեղ մարդիկ ներգրավվում են բազմատեսակ իմաստավորված փոխազդեցությունների մեջ.հոգ են տանում միմյանց նկատմամբ կամ խնամում են միմյանց, և որտեղ խնամքը ներգործում է թե՛աշակերտների և թե՛ուսուցիչների համոզմունքների, վերաբերմունքի, գիտելիքի, գործողությունների և ձգտումների վրա:Դպրոցում խնամքը բավական մեծ խնդիր է, և այսօր խնամքի կարիք ավելի շատ կա, քան անցյալում: Ուսուցիչները պետք է ոչ միայն խնամեն աշակերտներին, այլև նրանց մեջ խնամքի ու հոգատարության զգացում և համապատասխան ունակություններ զարգացնեն: Դպրոցի աշակերտները գերադասում են ունենալ խնամող ուսուցիչներ: Կապվածությունը ուսուցչի, այլաշակերտների և առարկայի բովանդակության հետ դասարանից վերացնում է միայնակության և չհասկացված լինելու զգացումները`առաջացնելով վստահության, փոխօգնության և միասին դժվարությունները հաղթահարելու տրամադրվածություն: Խնամող ուսուցիչները դպրոցի այն անհրաժեշտ հենակետն են, առանց որի դպրոցը չի կարող կայանալ որպես արդյունավետ ուսումնական համայնք:
Ցանկալի է, որ իրենց այս դերն իրականացնելիս մանկավարժները առաջնորդվեն հետևյալ հարցերով.
1. Ինչպե՞ս են հասարակագիտական առարկաների ուսուցիչները խնամք ու հոգատարություն դրսևորում և ի՞նչ եղանակներով են խրախուսում աշակերտներին հասարակագիտությունը կապել հասարակական խնդիրների հետ:
2. Ի՞նչ եղանակներով են ուսուցիչները աշակերտների մեջ հասարակական-քաղաքական իրադարձություններին մասնակցելու, քաղաքացիական խնդիրների վերաբերյալ ավելի շատ բան սովորելու և դրանց մասին բարձրաձայն խոսել փորձելու ձգտում առաջացնում:
3. Ինչպե՞ս են ուսուցիչներն իրենք իրենց մեջ պատկերացնում քաղաքացիական խնդիրների լուծումը:
Խնամող աշակերտը
Ըստ էության`աշակերտները պետք է սովորեն իրենք իրենց խնամել և իրենց մասին հոգ տանել առավել կառուցողական, քան անձնակենտրոն ձևով: Խնամքը երկու կողմ ունի. Առաջինը ինքնախնամքն է, իսկ երկրորդը խնամքն է այլոց նկատմամբ: Աշակերտները պետք է սովորեն խնամել սեփական անձը և այլոց ու միաժամանակ զգան, որ մյուսներն էլ են իրենց մասին հոգ տանում: Դա հնարավորություն կտա նրանց իրենց մեջ գիտակցաբար դաստիարակել ու զարգացնել հասարակության օգտակար անդամ դառնալու համար բոլոր անհրաժեշտ հմտությունները, գիտելիքները, վերաբերմունքը և այլն: Զարգացնելով ինքնախնամքի կարողությունները` աշակերտները ձեռք կբերեն ողջ կյանքի ընթացքում ինքնակերտման և ինքնազարգացման համար անհրաժեշտ ընդհանուր հմտություններ: Սա հատկապես կարևոր է ժամանակակից հասարակության համար, հասարակություն, որում շարունակական կրթությունն ու զարգացումը դարձել են անհրաժեշտություն:
Ինքնախնամքը ունի ևս մեկ կարևոր սկզբունք, այն է` գիտելիքն ինքնանպատակ չէ, այն առաքինության դրսևորման միջոց է: Այնպես, որ աշակերտները պետք է գնահատեն գիտելիքի արժեքը և հասկանան, թե ինչ նպատակով են իրենք ձեռք բերում այդ գիտելիքը: Գիտելիքը` որպես արժեհամակարգ, չի կարող լինել այդպիսին, եթե այն չկիրառվի:
Դասավանդող` Արսեն Գալստյան