• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոդասը Ամերիկյան համալսարանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի էկոակումբի հերթական դասը Ամերիկյան համալսարանում վարեց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լևոն Աղասյանը: Դասի թեման էր` «Հայաստանի օձերը. Դարևսկու իժ»:

Նախ տրվեցին ընդհանուր տեղեկություններ Հայաստանի թունավոր օձերի մասին: Ապա մանրամասնորեն ներկայացվեցին Դարևսկու իժի տարածման, արտաքին տվյալների, թվաքանակի, ապրելու համար անհրաժեշտ բնական պայմանների, բազմացման, սնման տվյալները:

Որպես թվարկված բոլոր կետերին պատասխան հարկավոր է ներկայացնել «Արփի լիճ» ազգային պարկի նկարագիրը: «Արփի լիճ» ազգային պարկը Դարևսկու իժի տարածման միակ շրջանն է` Հայաստանում և աշխարհում :

  «Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին » N405-Ն որոշմամբ, ՀՀ Շիրակի մարզի Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերի, այդ թվում` Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով:

«Արփի լիճ» ազգային պարկը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում: Բաղկացած է  արևմտյան, արևելյան, Արդենիսի, Ալվարի և Ախուրյանի կիրճ տեղամասերից: Ազգային պարկը սահմանակից է Թուրքիային ` արևմուտքում և Վրաստանին` հյուսիսում:

Համաձայն ՀՀ կառավարության N1151-Ն որոշման` ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 21179,3 հա:

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքը, ըստ պահպանման և օգտագործման ռեժիմի, գործառնական նշանակության և էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, տնտեսական, պատմամշակութային և գեղագիտական արժեքների, բաժանվում է արգելոցային, ռեկրեացիոն, տնտեսական և պահպանման գոտիների:

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում աճում են 80 ընտանիքի և 269 ցեղի մոտ 670 տեսակի բարձրակարգ բույսեր: Տեսակներով հարուստ բազմատեսակ ընտանիքներից են` հովանոցազգիները, բարդածաղկազգիները, մեխակազգիները, լոբազգիները, շրթնածաղկավորները, հացազգիները, գորտնուկազգիները, վարդազգիները, խլածաղկազգիները:

19 տեսակներ գրանցված են Հայաստանի բույսերի Կարմիր գրքում:

Ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են բզեզների` 329, ուղղաթևերի` 18, թիթեռների` 27, ճպուռների`13 տեսակներ: Տարածքի բնակիչ է Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում, Բեռնի կոնվենցիայում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված Արիոն կապտաթիթեռը:

Հայաստանում ապրող ձկների 39 տեսակներից 11-ը տարբեր ժամանակաշրջաններում գրանցվել է Ախուրյան գետում, Արփի լճում և նրա մեջ թափվող գետերում. կարմրախայտը, կովկասյան թեփուղը, քուռի բեղլուն, կարմրաշուրթ հաշամը, ենթաբերանը, կողակը, արևելյան տառեխիկը, ծածանը, արծաթափայլ կարասը, ամուրյան նրբաձկնիկը և անգորական լերկաձուկը:

Լիճը ջրամբարի վերածվելուց հետո կարմրախայտը դադարել է այստեղ հանդիպել:

Հայաստանում հանդիպող երկկենցաղների 7 տեսակներից 3-ը` կանաչ դոդոշը, լճագորտը և փոքրասիական գորտը գրանցվել են Աշոցքի սարահարթում:

Հայաստանում հայտնաբերված 52 տեսակի սողուններից (3 տեսակի կրիաներ, 26 տեսակի մողեսներ, 23 տեսակի օձեր) պարկի տարածքում գրանցվել են 6 տեսակի մողեսներ և 4 տեսակի օձեր:

Օձերից հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1ab(ii,iii)+B2ab (ii,iii) Դարևսկու իժը, որը գրանցվել է նաև Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում: Տեսակը Կովկասի էնդեմիկն է, որի արեալը ներառում է Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասը Հայաստանի սահմաններում` մինչև Վրաստանի հետ սահմանը (լ. Աչքասար), Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի վրա տեղակայված սահմանափակ քարքարոտ զառիվայրերի տեղամասերը:

Ընդհանուր թվաքանակը` 2400 առանձնյակ, օդի օպտիմալ ջերմաստիճանը` 22-23 աստիճան: Ձվակենդանածին են: Նրանց սպառնացող վտանգներն են` ապրելավայրերի ոչնչացումը և անօրինական որսը: Այդ վտանգները հնարավորինս կասեցնելու նպատակով «Արփի լիճ» ազգային պարկի բնակավայրերում իրականացվել են կոնկրետ միջոցառումներ. ջրարբիացման ավազանների կառուցում, խորքային հորերի վերանորոգում, բիոտոպների ցանկապատում: Մեծ ուշադրություն է դարձվում տեղական բնակչության շրջանում բնապահպանական իրազեկության բարձրացմանը:

Դարևսկու իժի պահպանությանն ուղղված միջոցառումները ֆինանսավորվում են CLP (Conservation Leadership Programme) կազմակերպության կողմից, իրականացվել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) փոքր դրամաշնորհների ծրագրերի և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ֆինանսական աջակցությամբ: