• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երիտասարդ արևելագետների ակումբ

Գործունեության ծրագիր

 

Նպատակ.

Երիտասարդ արևելագետների ակումբը նպատակ է հետապնդում համախմբելու արևելյան ժողովուրդների քաղաքակրթությամբ հետաքրքրվող սովորողներին, նրանց հնարավորություն տալու, որ զարգացնեն իրենց գիտելիքները այս բնագավառում, և ստացված գիտելիքները դարձնեն գործնականում կիրառելի:

«Արևելյան քաղաքակրթություն» հասկացությունը բավական ընդգրկուն է: Նրա մեջ մտնում են բազմաթիվ ժողովուրդներ, ազգեր ու պետություններ: Նրանցից յուրաքանչյուրն իր պատմության ընթացքում ստեղծել է ուրույն քաղաքակրթություն, որը ներառում է լեզուն ու մշակույթը, գրականությունն ու բանահյուսությունը,  ավանդույթներն ու առասպելները, տոներն ու ծեսերը: Արևելագիտության կարևոր մի բաղկացուցիչն է հայագիտությունը: Արևելագիտության համար հույժ կարևոր են հայկական սկզբնաղբյուրները, որոնց զգալի մասը, լուսաբանելով հայ ժողովրդի պատմությունը, անդրադառնում է նաև հարևան ժողովուրդների անցյալին և պարունակում պատմական, քաղաքական, ազգային և արժեքավոր այլ տեղեկություններ:

Գիտության այսպիսի բազմաբնույթ ու ընդգրկուն ճյուղի ուսումնասիրության համար միայն առարկայական դասաժամերը բավական չեն: Ակումբային գործունեությունը սովորողների առաջ բացում է ավելի լայն հնարավորություններ:

Ակումբային գործունեության ձևերը

1. Շաբաթական կտրվածքով մեկ անգամ սեմինար-դասախոսությունների, քննարկումերի կազմակերպում՝ «Արևելյան քաղաքակրթություններ» թեմայի շուրջ:

2. Կրթահամալիրում դասավանդվող որևէ արևելյան լեզվի պարտադիր ուսուցում:

3. Հայաստանում տեղակայված Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի պետությունների դեսպանատների հետ մշտական կապի ստեղծում, փոխադարձ այցելություններ ու հանդիպումներ:

4. ԵՊՀ  Արևելագիտության ֆակուլտետի և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի դասախոսական կազմի և ուսանողների հետ մշտական կապի ստեղծում, մասնակցություն նրանց դասախոսություններին:

5. Այցելություն Մատենադարանի Հայագիտության բաժին, ծանոթացում ձեռագրերի հետ:

6. Արշավներ և ուսումնական ճամփորդություններ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ  հարևան պետություններ՝ Թուրքիա և Վրաստան:

7. Օգտագործելով ՏՀՏ միջոցները՝ հարևան երկրների դպրոցներում սովորող աշակերտների հետ առցանց քննարկումեր, միջմշակութային կապի ամրապնդում, բարիդրացիական հարաբերությունների ձևավորում:

 

Ակումբի անդամներին ներկայացվող պահանջները

1. Երիտասարդ արևելագետների ակումբի անդամ կարող են դառնալ ինչպես կրթահամալիրի, այնպես էր այլ ուսումնական հաստատությունների սովորողներ, որոնք հետաքրքրված են արևելքի ժողովուրդների պատմությամբ, լեզվով ու մշակույթով, գրականությամբ ու բանահյուսությամբ,  ավանդույթներով ու առասպելներով, տոներով ու ծեսերով:

2. Պարտադիր է արևելյան որևէ լեզի ուսունասիրումը:

3. Ակումբիանդամը շաբաթական կտրվածքով մեկ անգամ պետք է մասնակցի ակումբի սեմինար-դասախոսություններին, ակտիվություն ցուցաբերի քննարկումների ժամանակ,  պատրաստ լինի ինքը հանդես գալու որպես սեմինարավար՝ ներկայացնելով իր կողմից կատարված հետազոտությունները արևելագիտության բնագավառում:

4. Կայքում և «Լուսաստղ» էլեկտրոնային ամսագրում հանդես գալ հրապարակումներով, ներկայացնել իր կողմից ստեղծված նյութերը,  ուսումնական հետազոտությունները:

5. Մասնակցել ակումբային գործունեության շրջանակում կրթահամալիրում պարբերաբար կազմակերպվող միջոցառումներին, ինքը լինի նման միջոցառումների նախաձեռնող ու կազմակերպիչ: