• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմռանը Սևանում չէինք եղել...

Երկար սպասված ճամփորդությունը կայացավ: Այսօր առավոտյան 08:45 մեկ մարդու նման հավաքվեցինք Երևանի Ամերիկյան համալսարանի շենքի մոտ` զինված տաք հագուստով, թվային տեխնիկայով` Սևան ուղևորվելու համար:

Մարտ ամսին Սևա՞ն` ճամփորդությա՞ն...

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի պարտաճանաչ էկոխումբը` 26 սովորող, շաբաթը մեկ անգամ` յուրաքանչյուր շաբաթ օր, մասնակցում է Ամերիկյան համալսարանում կազմակերպվող էկոդասերին, որոնք վարում է համալսարանի աշխատակից Սիրանուշ Թումանյանը: Սովորողներն անընդհատ պատմելու նյութ ունեն և սպասում են հաջորդ դասին (իսկ դա շատ բան է նշանակում...) և, իհարկե, ճամփորդություններին, որ խոստացել է ընկեր Սիրանուշը:

Այսօր առաջինն էր` դեպի Սևան:

31 հոգի էինք, 26-ը սովորող, վարորդ, 3 ուսուցիչ և Գեղարվեստի ավագ դպրոցի 10-րդցի Աստղիկի հորաքույրը: Մեզ հետ էր նաև ամերիկացի Բենը, որը Հայաստանում զբաղվում է անգլերենի ծրագրերի մշակմամբ:

Տրամադրվեցին հեռադիտակներ` 2 անձին 1 հեռադիտակ սկզբունքով, բարձրակարգ ավտոբուս, դե, բարձր տրամադրությունն էլ մեզ հետ վերցրել էինք:

Ճամփորդեցինք կանգառներով: Առաջին կանգառը Լճաշենն էր, ուր շատ ցուրտ էր, լճի ջուրը` սառած, մենք տեսանք, հնարավորինս ուսումնասիրեցինք մեծ սուզակին  ու հայկական որորին:

Երկրորդ կանգառ. Հայրավանք: Եղանակը մեղմ էր: Մտանք եկեղեցի, ուսումնասիրեցինք տարածքի թռչնաշխարհը` սև փարփար, մեծ սուզակ, սովորական կիվիվ. թռչուններ, որ հյուսիսից եկել են Սևան` ձմեռելու, բայց նաև կարող են բնադրել մեր հայրենիքում:

Ավտոբուսի ընթացքի ժամանակ տեսանք արտույտ, խատուտիկ, հողմավար բազե ու մի աղվես խորամանկ, որին երկար հետևեցինք ու հասկացանք, որ բռնեց զոհին:

Երորդ կանգառը չնախատեսված էր. տեսանք կարմրակտուց սուզաբադեր ու լայնակտուց բադեր:

Վերջին կանգառը Լիճքն էր, որն ազգային պարկի մաս է. Ծակքար գետի քչքչոց, անտառի գեղեցիկ տեսարան ու 1 մետրանոց ձյան շերտ... Քայլեցինք երկար, փայտփորիկի ձայն լսեցինք: Նկարեցինք, նկարվեցինք, մեկմեկու հարցեր տվեցինք, ոչ էլ հոգնեցինք, նույնիսկ ձնագնդի խաղացինք: Հա, Մերուժանը, դե, ցածրահասակ է, չէ՞, ձյան շերտն էլ` հաստ, մի մեծ փայտ էր գտել, որի օգնությամբ էր ամբողջ ժամանակ քայլում, ավտոբուս նստելիս փայտին համբուրելով հրաժեշտ տվեց:

Ամենուր տեսանք էկոխնդիրներ. առաջին տեսնողն այնպես էր ճչում, որ վախենում էինք: Այդպես Քրիստինան ցույց տվեց կտրած եղևնին, Սոնան տեսավ գեղեցիկ տիկնիկն աղբի մեջ: Ու տոպրակնե~ր, տոպրակնե~ր...

Ինչքա~ն բան կա սիրելու ու ինչքա~ն բան` մտածելու...