• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարտիության քննարկում

Շնորհավոր իգական սեռի բոլոր ներկայացուցիչների մարտի 8-ը և հաջորդող միամսյակը: Կարծում եմ, յուրաքանչուրս մեր հասանելիքը կստանա առանց մաղթանքների ևս, իսկ այն հարցերը, որոնց մասին կուզենայի խոսել, երևի թե ավելի կարևոր են:

Ի՞նչ դեր ունի կինը մեր ներկայիս քաղաքակրթությունում: Գնահատվո՞ւմ է կինը այնքան, ինչքան որ արժանի է, կամ ինչի՞ է ընդհանրապես արժանի:
Մի պահ մտածում եմ` դեռ մենք ենք բողոքում, երբ մեր ժամանակներում կան կին նախագահներ, պատգամավորներ, գործարարներ և յուրաքանչյուր ոլորտում առաջատար  մասնագետներ: Հիմա կանայք կարող են կրթություն ստանալ, աշխատել, որոշումներ կայացնել և այլն: Այնինչ մի քանի դար առաջ կանայք համարվում  էին ստորադաս: Տղամարդիկ նայում էին կնոջը որպես սեփականության, իրի: Գնում էին, վաճառում` առանց նրա կարծիքը հաշվի առնելու:

Ինչո՞ւ են դեռ շարունակվում կանանց նկատմամբ բռնության երևույթները:  Էթնիկ մտածողության մեջ կարծրացած երևո՞ւյթ է, վախի արդյո՞ւնք, թե՞ ի սկզբանե էդպես է եղել: Ես կարծում եմ, որ էթնիկ մտածողության մեջ կարծրացել է վախից կամ «հարգանքից» ելնելով:  Կինը շատ հնազանդ է, նուրբ և շատ զգացմունքային:  Անկախ ամեն ինչից` ինչ-որ բան ներսից ստիպում է  ներել, հանդուրժել և հարմարվել: Բայց պետք է որոշ դեպքերում մի կողմ դնել այդ բոլոր զգացմունքները և չթողնել, որ մեզ կապանքների մեջ պահեն, դիպչեն ինքնասիրությանը և տիրանան մեր եսին:  Կինն ավելի ուժեղ է, քան տղամարդը, ավելի խելացի, խորամանկ: Կինը հաղթող է, եթե նույնիսկ պարտվում է: Չմոռանանք, որ կինն է կյանքի աղբյուրը մարդկության համար և ակունքներին անրադառնալով` հիշենք մայրիշխանության ժամանակները:
Լրիվ ուրիշ խնդիր է, որ օգտվելով կնոջ բնույթից` դարերի ընթացքում, մարդկությունը այլասերվել է յուրաքանչուր տեսանկյունից: Վիրավորվում եմ երբեմն նույնիսկ հանճարներից, երբ տեսնում եմ նրանց խորը քննադատական տեսակետները կնոջ վերաբերյալ: Չեմ ուզում կարծել, որ այդ քննադատությունները նախանձից կամ թուլությունից են բխում: Կանանց զրկելով շատ հնարավորությունից` կարծիք են ստեղծել, թե կանայք ցածր են տղամարդկանցից: Թուլության նշան չե՞ն խաղի տարօրինակ կանոնները`զրկել զենքից և ստիպել կռվել: Հետևություններն անհիմն են:
Այսօր կարդացի հետևյալ կատակները և ընկճվեցի: Սա դարերից եկած մտածողության արդյունք է, կատակ չէ, այլ վերաբերմունք, կարծիք, զգացողություն: Համացանցը, առօրեական խոսակցությունները, երևույթներն ավելի են ամրապնդում այս մտածողությունը: Խնդրեմ մի քանիսը, որոնք հատուկ չեմ թարգմանել, ուղղակի որպես օրինակ`
8 Марта - единственный день в году, когда женщины рады тому, что мужчины им врут.
8 марта - Праздничный день для работников цветочной торговли.
Мужчины любят 8 марта лишь потому, что это не рабочий день.
Молчи, женщина! Твой день 8-е марта.... 

Հումորային ենթատեքստ: Բայց առկա չե՞ն արդյոք նմանատիպ խնդիրները ներկայումս: Տարվա մեջ միայն մե՞կ ամիս պետք է առանձնացվի  կնոջ համար, իսկ ինչպես տղամարդիկ են կատակում, մնացած 11 ամիսը տղամարդկա՞նցն է: Արդյո՞ք մի ամիս կնոջը ընդգծված լավ վերաբերմունք պետք է ցուցաբերենք, իսկ մնացած ամիսներին ճնշենք, անուշադրության մատնենք: Վերջին տարվա ցուցանիշներից ելնելով (ընտանեկան բռնություններին վերաբերող 435 զանգ է գրանցվել, որից 311-ը հոգեբանական բնույթի են, 120-ը՝ ֆիզիկական, 4-ը՝ սեռական) չեմ կարծում, որ մեր հասարակությունը այն մակարդակի վրա է, որ կարող է առանձնացնել ինչ-որ օրեր, կարծրատիպեր փոխելուն: Քաղքենի և անբնական քայլերի փոխարեն ընդամենը պետք է աշխատենք մեզ վրա: Փոխենք այն, ինչը սխալ է, այն, ինչ արժե փոխել:
Կանանց պետք է գնահատել և սիրել անընդհատ, իսկ մարտի 8-ը ուղղակի նշել որպես տոն, այլ ոչ թե առանձնացնել մեր իրականությունից և տրվել ձևականություններին:

Ապրենք ներդաշնակ ու հարգենք միմյանց` առանց տարբերություններ ու առավելություններ փնտրելու: