• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծնողի խոստովանությունը

 

Ուղիղ երկու ամիս է, ինչ իմ աղջիկը` Նարեն, հաճախում է Գեղարվեստի դպրոցի Կարինե Խառատյանի առաջին դասարանը:

Սեպտեմբերից մինչև դեկտեմբերի կեսը Նարեն Բելինսկու անվան դպրոցում էր սովորում, որն իսկական տառապանք էր թե́ իր և թե́ ինձ համար: Այնտեղ մայրենի լեզվով մի որևէ բան գրելիս գլխավոր նպատակը բառերի միջև ուղիղ մեկ մատ տարածությունը, տառերի խիստ որոշակի թեքությունը ու մասնիկների հստակությունը պահպանելն էր: Երեխային թույլատրվում էր գրել միայն ասված բառերը: Նարեն ստիպված էր գերլարված վիճակում մի քանի անգամ արտագրել միևնույն բառը` պահանջվող բոլոր չափանիշներով: Նրա համար բոլորովին հետաքրքիր չէր դա անելը: Դասերը պատրաստելը միշտ դիտվում էր որպես մի տհաճ պարտականություն:

Հիմա արդեն մեր կյանքը փոխվել է: Դաս պատրաստելը Նարեի համար աշխույժ ու հետաքրքիր մի ստեղծագործական խաղ է` շնորհիվ Մատենիկի և թվաբանության դասագրքերի:  Այստեղ չի պարտադրվում <<տուն>> բառը գրել երեք տող, որի անիմաստ հրաման լինելը երեխան  ինքն էլ է զգում: Երեխային հարց է տրվում, թե արդյոք նա կարող է գրել այնպիսի մի բառ, որի մեջ կա <<ու>> տառը: Երեխան ոգևորված գրում է  <<տուն, շուն, բույն, սուր>> բառերը, որոնք նա համարում է իր ստեղծագործությունը: Նմանատիպ ստեղծագործական մոտեցում է դիտվում նաև թվաբանության առաջադրանքներում: Յուրաքանչյուր գործողություն անելիս, երեխան ստեղծում է իրենը, այլ ոչ թե կրկնում ասվածը: Սա մի նոր հետաքրքիր աշխարհ է իմ ու Նարեի համար: