• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վիլյամ Սարոյանը «ԵՐԹԱՄ, ՏԵՍՆԵՄ ԶԻՄ ԿԻԼԻԿԻԱ»

1964թ.-ի մայիսի 1-ին անվանի գրող Վիլյամ Սարոյանը ժամանում է Կ. Պոլիս, որպեսզի այցելի իր ծնողների ծննդավայրը՝ Բիթլիս: Պոլսից նրան ընկերանում է «Մարմարա» օրաթերթի խմբագիր՝ Պետրոս Զօպեանը

16 օր տևող շրջագայության ընթացքում նրանք շրջում են ողջ Արևմտյան Հայաստանով... Վիլյամ Սարոյանն այս պատմական այցելության երթուղու վրա գտնվող գրեթե բոլոր բնակավայրերում հանդիպում է 1915թ. ցեղասպանությունից մազապուրծ՝ դեռևս իր բնօրրանում ապրող հայ բեկորներին և զարմանում, որ եղեռնից 50 տարի հետո նույնիսկ հայը շարունակում է ապրել իր պատմական հողերի վրա: 1890-ական թվականներին ԱՄՆ գաղթելով Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում հաստատված իր ծնողների ծննդավայր Բիթլիս քաղաքում գտնվելով իր պապենական տան մեջ, մեծանուն հայ գրողն այդտեղ պատմական համարվելու արժանի հուզիչ պահեր է անցկացնում:

Ճանապարհորդելիս հայկական բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմաններ այցելած աշխարհահռչակ գրողը վերջում հասնում է նաև չքնաղ Կիլիկիա՝ պատմական Հայոց Ծոցի այժմ Իսկենտերուն կոչվող նավահանգստյան Ալեքսանդրետ քաղաքում, որն իմ հոր ծննդավայրն է, հանդիպում իմ պապիկին՝ Գևորգ Հացպանյանին:

Պապիկս նրան տեղեկություններ է տալիս Ալեքսանդրետի հայության մասին, հետո հյուրերին ուղեկցում տեղի հայ համայնքի երևելի դեմքերից՝ բժիշկ Ներսես Մաճարյանի մոտ, ում պարտեզում գտնվող ծառերից մրգեր են համտեսում և այդ հիշարժան պահերն անմահացվում լուսանկարվելով: Օրացույցում 21 մայիս 1964 թ. ցույց տվող այդ օրը, քաղաքի Սուրբ Քառասուն Մանուկ հայկական եկեղեցուն տրված այցելությունից հետո Վիլյամ Սարոյանը հայրենակիցներին հրաժեշտ է տալիս:

Կ.Պոլսից Անկարա, Սամսուն, Կիրասուն, Տրապիզոն, Էրզրում, Արարատ, Վան, Թաթվան, Բիթլիս, Մուշ, Տիգրանակերտ, Խարբերդ, Այնթապ, Անտիոք, Ալեքսանդրեթ, Ադանա, Անամուր, Անթալիա, Փամուքկալե, ԵփեսոսևԻզմիրքաղաքներ կատարված այցելություններն ընդգրկող այս ճանապարհորդության ընթացքում պահած իր օրագրային հուշերը նախ «16 օրում 6000 կմ Վիլյամ Սարոյանի հետ» վերնագրով Կ.Պոլսի «Մարմարա» օրաթերթում տպագրած Պետրոս Զօպեանը, տարիներ անց որոշում է նաև այդ առանձին գրքով լույս ընծայել, որը Կ.Պոլսի հայկական «ԱՐԱՍ» հրատարակչատան կողմից «ԴԵՊԻ ԲԻԹԼԻՍ՝ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ» անունով տպագրվում է 2003թ. հունիսին:

Գիրքը, նույն հրատարակչատան կողմից թարգմանվել և հրատարակվել է նաև թուրքերեն: