• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լեոն Հովհ. Թումանյանի մասին

 

Հովհաննես Թումանյանը անխառն ու միաձույլ  մի բանաստեղծական բնավորություն չէր: Լոռում ծնված և քաղաքում ապրող  ու աշխատող  բանաստեղծը կրում էր այս տարբեր, իրար հակամարտ միջավայրերի մրցությունը:  Լոռին ինքը լեռնային ժողովուրդն էր` իր հոյակապ տեղայնությունով, իր բույրով ու շնչով:  Նա արդեն տվել էր Թումանյանին այնպիսի գոհար ստեղծագործություններ, ինչպիսին «Շունն ու կատուն»,  «Գութանի երգը»:

Թումանյանի փառքի շողշողուն աստղն էր, որ նրա մեջ միտք կաթեցրեց պատմել  «Անուշն»  այնպես, ինչպես  պատմել է «Շունն ու կատուն»:  Այս մի սքանչելի խորհուրդ էր,  որ խլում-տանում  է Թումանյանին Թիֆլիսի կուլտուրական աշխարհից այն միջավայրը,  ուր անուշներն ու  սարոները  իրանց սարերից են լեզու , զգացմունք, արյուն ու մարմին ստացել  և Լազարյան ճեմարանում հնարված  աշխարհաբար, բայց ոչ ժողովրդական լեզուն  չէ, որ նրանց անկեղծ հարազատությունը պատկերացնե:

Թումանյանն էլ ինձ նման  գրքամոլ էր,  և արդեն շատ հրատարակություններ էր հավաքել  թե′ մասնավորապես կովկասագիտության,  թե′ առհասարակ  արևելագիտության համար:

Հովհաննեսի  ճաշերը  շատ էին  հռչակված  Թիֆլիսում:  Նրա պես հացով մարդ շատ և շատ քիչ կլինի: Հյուրասիրությունն ուղղակի մի պաշտամունք էր այդ տան համար:  Անկարելի էր, որ մեկը, մտնելով Հովհաննեսի մոտ,  օրվա որևէ ժամին, չհյուրասիրվեր որևէ բանով:

 Բայց նրա սեղանի քաղցրությունն  այնքան ճոխ  համադամները չէին, որքան նա ինքը:  Նա շատ տաղանդավոր թամադա էր և վերջերում այնքան շատ էր բարձրացրել իր շնորհքը` բաժակաճառերը, սրամտություններով համեմելու մեջ, որ նրան տվել էին «համազգային թամադա» պատվանունը:

     

                                                                        Լեո, Երկերի ժողավածու, հատոր 8-րդ