• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր Պապիկի ծննդյան օրն է

Սիրելի սովորողներ, հարգելի գործընկեր՝ ուսուցիչ, ծնող և դպրոցի ղեկավար.
Հովհաննես Թումանյանն ինքնին Դպրոց է, նրա կյանքն ու ստեղծագործությունը առաջադեմ ազգայնականության կրթական ծրագիր: Ավետիս: Փետրվարի 19-ին` կիրակի օրը, մեր Պապիկի  ծննդյան օրն է: Պապիկի ծննդյան օրը լավ առիթ է թոռների, բոլորի համար` հավաք, առույգ ներկայանալու, Պապին իրենց երախտագիտությունը հայտնելու, նրա առատաձեռնությունից, վեհությունից շռայլորեն նորից օգտվելու:  Պապի համար իր ծննդյան օրով այսպիսի հավաքը լավագույն պարգևն է` իր առաքելության իրականացման, իր անմահության-կարևորության ապացույցը:

Հովհաննես Թումանյանը բոլորիս Պապիկն է` սկսած երկամսյա Սեբաստացի Դավիթիկից, շարունակած ձեզնից յուրաքանչյուրով, վերջացրած ինձանով: Եկեք պայմանավորվենք, ինչպես անցյալ տարի, ինչպես նախատեսված է կրթահամալիրի տոնացույցով, պատշաճ նշենք այն: Փետրվարի 19-ին, կիրակի օրով, յուրաքանչյուրիս ընտանիքում, նույն ազգանունը կրող, չկրող, հարազատ, բարեկամ, ընկեր, հարևան թոռնիկներով ընտանեկան տոնախմբություն ենք կազմակերպելու, սեղան ենք գցելու, բաժակ ենք բարձրացնելու: Տոնախմբությունը ֆիլմ, տեսանյութ ու ձայնանյութ ենք դարձնելու, մեր mskh.am-ով տարածելու ենք, ընտանեկան ուրախությունը յուրաքանչյուրինս դարձնելու համար:

Փետրվարի 20-ին Թումանյան Հովհաննեսի օրը նշելու ենք կրթահամալիրում: Առավոտյան ընդհանուր պարապմունքին կրթահամալիրի բոլոր դպրոցներում Թումանյան ենք կարդալու, իսկ ժամը 14:15 Մարմարյա սրահում Թումանյան և Բարեկենդան ենք խաղալու-ներկայացնելու: Այսօրվանից սկսած` յուրաքանչյուր սովորող, խումբ, ընտանիք, դասարան հայտնվում է Թումանյանական աշխարհում: Մեկ շաբաթ ապրելու ենք այս կենարար աշխարհի օրենքներով, կարդալու ենք, արտասանելու ենք, պատմելու ենք, հորինելու ենք, նկարելու ենք, խաղալու ենք Թումանյան:

Համեցեք մայր դպրոցի փոքր դահլիճ, հրավիրեք դասարան ու դպրոց:

 

Հովհաննես Թումանյանի թոռնիկ-տնօրեն