• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիարը վերընտրվեց…

Կրթահամալիր խորհրդի անդամ եմ և, բնականաբար, ներկա էի այսօր տեղի ունեցած խորհրդի ընտրական նիստին:

Երբեք չէի մտածի, որ խորհրդի նիստի ընթացքում կհուզվեմ` հուզվեցի: Տիարի նախընտրական խոսքը հուզեց ինձ` շատ էր անկեղծ ու շատ դիպուկ` ուղիղ ինձ, քեզ, մեզ ուղղված: Լիրիկական մեջբերումներով առանձնացնեմ ինձ հատկապես հետաքրքրած ու դեռ չձևակերպված մի քանի դրույթներ, մտքեր ու ծրագրեր Ա. Բլեյանի խոսքից. կրթահամալիրի զարգացման դրույթների մասին չեմ խոսի` դրանք ձևակերպված են.

·         Հոգածու վերաբերմունք յուրաքանչյուր աշխատողի ու նրա սոցիալական խնդիրների հանդեպ: Տեսականորեն ու ընդհանուր դրույթներով խոսել ուսուցչի` քեզ հետ ու քո կողքին` քո քաղաքում ապրող մարդու մասին, հեշտ է, բայց` անիմաստ: Խոսքը մնում է խոսք, այնուամենայնիվ առանց գործողությունների ծնունդ չի լինում: Ցավալի է, բայց իրականություն, որ աշխատելը ու օրնիբուն աշխատելը մեր երկրում հաճախ սոցիալական վիճակի լավացում չեն ենթադրում: Իսկ սոցիալական վիճակը մտածելակերպ, աշխարհայացք, դժգոհ ու հուսահատ դեմք, անընդհատ հոգնածության զգացողություն, հաստատ, կարող է առաջացնել: Տիարի խոսքում հնչեց այս անհանգստությունը ու գոնե կրթահամալիրի շրջանակներում ինչ-որ բան փոխելու հաստատակամությունը: Ինձ հուզեց տիարի հավատը: Սոցիալական խնդիրների ընդգծված առկայություն, դրանց լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վճռականություն:

·         Հետևողական ու արդեն իրական դարձած մի ծրագիր` մայրիկ: Մայրանալը չի նշանակում օտարում. hաճախ կինն ուզում է և կարիք ունի աշխատանքի` մեդիան ընձեռում է այդ հնարավորությունը: Կրթահամալիրում նման աշխատանքի կազմակերպումն արդեն իրականություն է: Իրականություն է նաև այն, որից ես էի շատ վախենում, անհանգստանում, մտածում` վերադառնալ-չվերադառնալ: Մինչև երեք տարեկան փոքրիկների մայրիկներ, Ձեր իրավունքները հարգվում են: Անընդհատ նորացվող ու միշտ նոր և նորարար կրթահամալիրի համար սա իրոք ծրագիր է` նորին` նոր մարդուն ուղղված ու ժամանակի ոգուն համահունչ ծրագիր:

·         Ուշադրություն մարդու հանդեպ. ամենակարևոր գործը մարդուն լսելն է, օգնելը, հասկանալը, կարդալը, չչարանալը, գնահատելը: