• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիլիջանյան արկածներ...

Դիլիջան... սեմինար Դիլիջանում....դիլիջանյան արկածներ: Ա՛յ հենց դիլիջանյան արկածներից մեկի մասին էլ ուզում եմ պատմել:

Երբ մեր երթուղայինով գնում էինք Դիլիջան, պատահաբար իմացանք, որ հաջորդ օրը` նոյեմբերի11-ին, գավառցի մեր ընկերներից մեկի` Կորյունի ծննդյան օրն էր: Երբ սեմինարից հետո մեզ հյուրընկալող  տանն էինք, սկսվեցին հեռախոսազանգերը: Ու քանի որ բախտի բերումով կամ սուրճի բաժակի գուշակությամբ ընդամենը երեք աղջիկ էինք, որտեղից հանում ենք Զառային (Զառան պարոն Թամրազյանենց տանը աուդիոգիրք էր մոնտաժում), հետևաբար խմորեղեն պետք է պատրաստեինք ես ու Մանեն: Մեզ էլ պետք է օգներ մեզ հյուրընկալող Շուշանը: Թվում է` բարդ գործ չէ, մանավանդ, երբ դեռ 18.30 է: Բայց, ա՛յ, Դիլիջանում, պարզվեց` դա արդեն խնդիր է:

Այստեղ երեկոյան ժամը յոթից հետո աղջիկներին տնից դուրս գալ չի թույլատրվում. մենք էլ պետք է գնայինք տանը ոչ այնքան մոտ մի խանութ` անհրաժեշտ մթերքներ գնելու: Դե, սա էլ երկար պատմություն է, թե ոնց համոզեցինք, որ Շուշանին թողնեն տանից դուրս գալ:

Հաջորդ փորձությունը, որն ամենադժվար հաղթահարելին էր` ձյանը դիմադրելն էր: Պատկերացնո՞ւմ եք, մենք կարողացանք մեզ զսպել ու չխաղալ ձյան հետ (պետք է գոնե մինչև 19.30 տանը լինեինք): Արագ-արագ գնացինք, արագ-արագ հետ եկանք ու սկսեցինք խմորեղենի պատրաստումը: Դե, իրականում, «սկսեցինք» բառը մի քիչ սխալ եմ օգտագործում, որովհետև ես այդ ժամանակ նյութ էի գրում, իսկ Մանեն սուրճի բաժակի գուշակություններով էր զբաղված: Մի խոսքով, մեր հաճելի կատակների ընկերակցությամբ Շուշանը պատրաստեց Կորյունի ծննդյան տորթը:

Առավոտյան մի փոքր շուտ արթնացանք, փուչիկները փչեցինք ու նորից ձյունն անտեսելով արագ գնացինք դպրոց, որպեսզի մինչև Կորյունի գալը հասցնեինք տեղադրել մեր պատրաստած ֆիլմը:

Միակ բանը, որ վերջում մի փոքր տխրեցրեց (մենք էդպես նկատեցինք) Կորյունին, այն էր, որ նա սխալ էր հասկացել մեր այն կատակը, թե հետո գնալու ենք Գավառ` իր ծնունդը նշելու: Ճիշտ է, այս անգամ նրան միանալ ու Գավառ գնալ չկարողացանք, բայց ծնունդին պատրաստվելուց լիքը հետաքրքիր հուշեր կմնան: