• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մամուլի ասուլիս «Ուրբաթ» ակումբում

Որպես Էներգախնայողության միջազգային օրվան նվիրված փառատոնի շրջանակներում «11.11.11» խորագրով կազմակերպվելիք միջոցառումների սկիզբ` «Ուրբաթ» ակումբում կայացավ մամուլի ասուլիս: Մեծ թվով լրագրողների հետ հանդիպում ունեցան ԷՌՕԴԾ (SPARE) միջազգային ծրագրի ՀՀ կոորդինատոր, «Տապան» էկո-ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Հրանտ Սարգսյանը և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության պետ Լևոն Վարդանյանը: Մասնակցի, դիտողի, ուսումնասիրողի, քննադատի, սովորողի, սովորեցնողի դերում մասնակցում էր նաև «Մխիթար Սեբաստացի» խումբը` Հայրապետյան Լուսինե, Զուլալյան Արաքսյա, Արսենյան Սոնա, Մկրտչյան Արթուր, Մարտիրոսյան Արման, Առաքելյան Գայանե:

Հրանտ Սարգսյանը ներկայացրեց SPARE ծրագրի ստեղծման տվյալները, ապա մանրամասն անդրադարձավ ծրագրի` Հայաստան կատարած մուտքի, տարածման շրջանակների, ձեռքբերումների, այժմյան վիճակի և հետագա պլանների փաստերին: 10 տարուց ավելի է, ինչ ՀՀ-ն մասնակցում է միջազգային կրթական ծրագրին, իսկ 2010թ.-ին ծրագիրը մտել է դպրոց` որպես առարկայական բաղադրիչ: «Տապան» էկո-ակումբը աշխատում է հանրապետության 60 դպրոցների հետ, զբաղվում անտառի, ջրի, անապատացման էկոլոգիական խնդիրներով, ծավալում գործունեություն գյուղական համայնքների հետ, որոնում ալտերնատիվ էներգիայի, վերականգնվող և չվերականգնվող էներգիայի աղբյուրներ: Հրանտ Սարգսյանը պատասխանեց տարբեր հեռուստաընկերություններից, խմբագրություններից ներկա գտնվող լրագրողների կողմից տրված հարցերին:

Ապա Լևոն Վարդանյանը պատասխանեց իրեն ուղղված հարցերին, կատարեց համեմատություններ եվրոպական երկրների և մեր երկրի տվյալների միջև (օրինակ` Նորվեգիայում բնակչության 1 շնչին ընկած էլեկտրաէներգիայի խածսը 11000 կվտ է, իսկ Հայաստանում` 2000 կվտ...), ներկայացրեց հետագա ծրագրերը:

12 հեռուստաընկերության գեղեցիկ լրագրողը հատուկ ուշադրություն դարձրեց սեբաստացիներիս. միայն մենք էինք դպրոցական համակարգի ներկայացուցիչներ: Պատասխանեցինք մեզ տրված հարցերին, բաժանեցինք կրթահամալիրի բուկլետները, օգտվեցինք սեղանից: