• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվս մեկ օր մեր տարաբախտ կյանքից

 

Գորիս-Տաթև ճամփորդությունն ավարտվեց: Մենք վերադառնում ենք: Ճամփորդության  երկրորդ  օրը, ծրագրի համաձայն, մենք մեկնեցինք Խնձորեսկ. հրաշալի գիշեր էր: Մեզ հետ էին նաև գորիսեցի սովորողները: Կրթական փոխանակումը լիարժեքորեն մտավ իր իրավունքների մեջ: Կենտրոնում խարույկն էր, շուրջը՝ սովորողները և մենք: Երեխաները երգում էին, զմայլվում, երբեմն սիրահարվում, այս ամենին նպաստում էր Սյունյաց աշխարհն իր բացառիկ բնությամբ և մեր առջև փռված Խնձորեսկի հրաշագեղ անտառով: Երեխաները տեղավորվեցին վրաններում, մենք մնացինք խարույկի շուրջ: Ոչ մի օբյեկտիվ, ոչ մի ճարտասան կամ հանճարեղ գրող չի կարող նկարագրել այն հոգևոր կատարսիսը, որն այցելել էր մեզ, այդ հրաշք բնության գրկում: Գիշերն անցավ առանց միջադեպերի, հյուրընկալության սկզբունքով էին կարծես առաջնորդվում նաև շրջակա անտառի գիշատիչները, որոնք, տեղացիների հավաստմամբ, շատ էին շրջակայքում: Գորիս վերադառնալու ճանապարհին, հանրակառքի մեջ, գորիսեցի տղաներից մեկը վարդ նվիրեց կրթահամալիրի աղջիկներից մեկին: Այդքան պարզություն, մանկականություն, միաժամանակ թովչանք ու դողդոջուն հայացք, շշունջով լի սիրառատ ու աղերսական ձայն, ես վաղուց չէի լսել: Հրաշք էր կարծես.. Չգիտեմ, երևի քաղաքը, քաղաքի գորշությունը, կոպտությունը, քաղաքում վերացրել են այդ ամենը:
Առավոտյան հասանք Գորիս: Այստեղ, դպրոցի մոտ մեզ արդեն սպասում էին սովորողները։ Ավելի ուշ մեզ միացան նաև դասավանդողները: Փոքր քննարկում-ամփոփումից հետո մենք փորձեցինք նստել հանրակառք: Մեզ դա երկար ժամանակ չէր հաջողվում: Իրոք, այն ջերմությունը, համակրանքը  և հարազատության զգացումը, որ մենք հասցրել էինք տածել միմյանց նկատմամբ այդքան կարճ թվացող ժամանակահատվածում, տպավորիչ էր:
Ճամփորդության արդյունքում ստեղծված նյութերը կներկայացվեն հաջորդիվ:

Հ. Գ.
Քիչ մնաց մոռանայի... Արմինե Շեկունցը վերադարձրեց տիար Գևորգի պարտքը: Մենք այն բերում ենք մեզ հետ: Բայց մի քիչ կուշանանք. ուզում ենք այցելել Նորավանք:

Վահրամ Թոքմաջյան