• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկնարկել է «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր մեկնարկել է «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը: Վերջինիս աշխատանքներին տեղում ծանոթացել և հավաքի մասնակիցների հետ զրուցել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է նորարարությունների դերը ներկայիս դարաշրջանում.  «Կրթական հաստատությունների լավագույն փորձը պետք է համակարգված փոխանցվի այլ դպրոցների: Վստահ եմ, որ այս օրերը սիրով եք հիշելու և  անընդհատ պահանջելու եք դրանց կրկնությունը»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավաքի մասնակիցներին մաղթելով հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր հերթին նշել է, որ գործընկերությունը կարող է լավ հիմք հանդիսանալ՝ կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններն արագացնելու, այդ գործում դպրոցներին և ուսուցիչներին ներգրավելու տեսանկյունից: «Այստեղ չկա սեբաստացի և ոչ սեբաստացի, կա մանկավարժություն, որը բոլորին միավորում է»,-նշել է նա:

Արայիկ Հարությունյանը նաև շրջել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ծանոթացել կրթահամալիրի նյութատեխնիկական բազային և իրականացվող կրթական ծրագրերին:

Նշենք, որ ստեղծագործական հավաքին մասնակցության համար Երևանից և ՀՀ մարզերից հայտագրվել էին կրթահամալիրի գործընկեր, հեղինակային կրթական ծրագրի ցանցում ներառված, դրանով հետաքրքրված դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների շուրջ 140 մանկավարժական աշխատողներ: Նրանք երկու օր կրթահամալիրի հանրակրթական վեց դպրոցներում, քոլեջում և ուսումնական կենտրոններում կծանոթանան իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման և տարածման բաց միջավայրին, գործընկերություն-համագործակցություն բաց հարթակներին՝  ֆիզիկական և մեդիա միջավայրերում: Հավաքի մասնակիցները կծանոթանան նաև ցանցային կազմակերպմամբ հեղինակային մանկավարժության յուրացման և դրա համար անհրաժեշտ աշխատանքներին:
Հավաքը կշարունակվի նաև վաղը՝ ապրիլի 27-ին: 
Ստեղծագործական առաջիկա հավաքներին նախատեսվում է ուսումնական-ստուգատեսային բաց ճամբար-դպրոցների, ինչպես նաև քանդակագործության և ճաւտարապետության միջազգային բաց փառատոնի անցկացում Երևանում, Իջևանում և Արատեսում:

Նյութի աղբյուրը՝ edu.am