• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եթե մարդը փոփոխությունների մեջ լինի, կարող է իր իրավունքները պաշտպանել…

Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանում առաջին անգամ երկրաշարժի ուժգնությամբ երերում էին Սերժ Սարգսյանի իշխանության դիրքերը։ «Մերժիր Սերժին» շարժումը արդեն դրության տեր էր Երևանում, 6 օրից Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ինչքանո՞վ է այսօր հեղափոխությունը մերը, մենք՝ հեղափոխությանը։ Կպարզենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։

– Ինչքանո՞վ է այսօր հեղափոխությունը մերը, մենք՝ հեղափոխությանը։
– Հեղափոխություն բառը, մեկ է, չեմ օգտագործի։ Ես կօգտագործեմ «փոփոխություններ» բառը։ Փոփոխություններ, որոնք վաղուց հասունացած էին։

– Ձեր կարծիքով տեղի ունեցածը հեղափոխություն չէ՞ր։
– Ես դրա մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետև շատ կարևոր եմ համարում էս 30 տարվա կապը մեր պատմության հետ։ Մի հեղափոխության մասնակցել եմ. 1988-ի արցախյան շարժումը վերածնունդ էինք համարում։ Հեղափոխություն էր, որովհետև քաղաքական համակարգի փոփոխություն կատարվեց, տնտեսական, հասարակական համակարգի։ Ես նկատի չունեմ 88-ի շարժումը, 88-ի շարժումով սկսված, հետո 1990-91 թվականի իրադարձություններով, անկախությունով ձևակերպվեց։ Եվ կարծում եմ, որ էն մարդիկ, որոնք էս օրերին մի շաբաթ շուտ, մի օր ուշ միացան, ես նրանց անվանում եմ պարմանիների ընդվզում-պայքարին, նրանք էդ 90-ի հեղափոխության մասնակիցներն են։

– Եթե մենք սա համարենք փոփոխություն և ոչ թե հեղափոխություն, այդ դեպքում այս փոփոխության արժեքային հենքը ո՞րն է։
– Մենք կուտակել էինք էս ընթացքում բավականին մեծ կենսափորձ, ունեինք հնարավորություն՝ մեր երեխաներին, իմ աղջկան՝ Շուշանին, էլ նկատի ունեմ, փոխանցելու։ Եվ էն 30 տարվա այլասերումները, շեղումները, քաղաքացու չարածը, որոնք կեղտ էին՝ առանց քաղաքական սերնդափոխության դրանից ազատվել հնարավոր չէր։ Մի լճացում էր, որ մարդկանց թևաթափ էր անում։

– Այսինքն, էդ փոփոխությունն արդեն կար մարդկանց մեջ, որ տեղի ունեցավ։
– Այո, և դրա համար շատ արագ տեղի ունեցավ՝ չթերագնահատելով նրանց արածը. նկատի ունեմ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արածը։ Հակառակը, ես ուզում եմ, որ ամեն մեկն իրենը վերցնի։ Հետո գալու էր ամեն մեկի գնահատականը։ Ի՞նչն էր 1990-1991 թվականի վտանգը. այն, որ մենք շատ արագ դիտորդ դարձանք։ Հավատալ-չհավատալ՝ Տեր-Պետրոսյանին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին. դրա մասին չէ խոսքը. ինքդ քե՛զ հավատա, քո ուժերին։ Եվ քո գործին տե՛ր կանգնիր։ Օգտվի՛ր քո հնարավորությունից։ Էդ դեպքում մենք ավելի հարգանքով կլինեինք մեր գնահատականի մեջ էս փոփոխությունների, հնարավորությունների համար, քան թե նորից դիտորդի կարգավիճակ, քննարկում՝ էս սխալ արեց, էն սխալ արեց։

– Հիշո՞ւմ եք Նորագավիթի երիտասարդ մաքսավորի դեպքը, երբ Նիկոլ Փաշինյանը դրոշի առիթով քաղաքացուն հորդորեց դիմում գրել և դուրս գալ աշխատանքից։ Դա նույնպե՞ս տեղավորվում է էս օրերի նվաճումների մեջ։
– Իրոք, տեղավորվում է։ Քաղաքացին պիտի, իրոք, դիմում չգրեր, կարող էր պայքարել, կարող էր վարչապետին ներկայացնել։ Եթե ինքը փոփոխությունների մեջ լիներ, կարող էր իր իրավունքները պաշտպանել։

– Հայաստանը պատրաստվում է նշել Քաղաքացու օրը, պարոն Բլեյան։ Կառավարությունը 124 միլիոն դրամ է հատկացրել այդ օրը նշելու համար։ Ձեր վերաբերմունքը Քաղաքացու օրվան և հատկացված գումարին։
– Ես չեմ ուզում նույն հարցերը, որոնք տալիս էինք մի տարի առաջ, երկու տարի առաջ, երեք տարի առաջ՝ մտքում, կամ տալիս էին տոնածառին, մյուսին… Խնայող պետք է լինենք յուրաքանչյուր դրամի դեպքում, պիտի հասկանանք, որ ամեն անգամ դա ներդրում է։

– Արհեստականություն չկա՞, երբ քաղաքացին, որպես երևույթ, դեռ ամբողջապես կայացած չէ, բայց արդեն… 
– Դրա մասին չէ խոսքը, ինձ համար կա, որովհետև 365 օրը իմ օրն է՝ քաղաքացու օրն է։ Ես հասկանում եմ մոտավորապես՝ ինչ էին ուզում անել, բայց ես չէի շտապի էդ օրը մտցնել, ինքը հասունացած չէր, ապրված չէր։ Տոնը տոն է, երբ գալիս է մեզ միավորելու։ Նրա մեջ որևէ բաժանարար բան չպիտի լինի։ Երկրորդ բանն այն է, որ մեր տոներն օտարված են մարդուց, դրանք միջոցառումային բաներ են, մենք զզված ենք դրանից։ Եթե ինքնաբուխ գար, շատ լավ կլիներ։

Զրուցեց Մհեր Արշակյանը։

Աղբյուրը՝ factor.am

Մանրամասները՝ տեսանյութում: