• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հիշատակ Նունե և Մանե սրբուհիների

Հայ եկեղեցին այս տոնը նշում է Տոն Կաթողիկեին (Տոն Ս. Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը:

Նունեն և Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսն «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»: Հետաքրքրական պատմություն  է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և  ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որ պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում:

Իսկ մյուս կույսի` Նունեի մասին, Մովսես Խորենացին գրում է. «Մի կին, Նունե անունով, սուրբ Հռիփսիմյանների ցրված ընկերներից, փախչում հասնում է Վրաց աշխարհը»:

Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում են արքունիք: Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն: Նա հրաժարվել է բոլոր թանկարժեք նվերներից և քարոզել Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծո զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին`խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու:

 «Իսկ երանելի Նունեն հավատարիմ մարդիկ խնդրելով` ուղարկեց ս. Գրիգորի մոտ, թե ինչ կհրամայե այնուհետև անել, որովհետև վրացիները հոժարությամբ ընդունեցին Ավետարանի քարոզությունը»,- գրում է Մովսես Խորենացին:

Կուր գետում տեղի է ունեցել  մկրտություն,  Մցխեթում` կառուցվել  Սուրբ Խաչ եկեղեցին:

«Իսկ երանելի Նունեն այնտեղից գնաց, որ Վրաստանի մյուս գավառներին էլ քարոզի իր անապական լեզվով, շատ հասարակ կերպով շրջելով, առանց որևէ ավելորդի, աշխարհից և աշխարհային ամեն բանից հրաժարված, ավելի ճիշտ խոսելով`խաչվելով, կյանքը դարձնելով մահվան կրթության միջոց», - գրում է Խորենացին:

Ըստ վրացական աղբյուրների, ս. Նունեն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ: Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն:

Նունեի մահվան ստույգ թվականն անհայտ է: Գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն ուխտավայր է դարձել: Վրաստանում սուրբ Նունեի հիշատակի տոնը տոնվում է հունվարի 14-ին:

Աղբյուրը` Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Կայքէջ`araratian-tem.am

Սրբապատկերը`Լիանա Առաքելյանի

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը