• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունվարի 14-ը կրթահամալիրում

Այսօր հունվարի 14-ն է, օրը՝ հինգշաբթի: Կրթահամալիրի դպրոցներում ուսումնական աշխատանքը շարունակվում է առցանց, թեև դադարեցվել են դաս-դասարանային պարապմունքները ֆիզիկական միջավայրում, ինչպես ամբողջ հանրապետությունում: Դասավանդողներն իրենց առաջադրանքները հրապարակում են ուսումնական բլոգներում, իսկ պարտաճանաչ և ուսումնատենչ սովորողներն էլ իրենց պատասխանները հրապարակում են իրենց բլոգներում: Այսպիսով կարելի է ասել, որ սովորողի համար ուսումնական գործընթացը չի ընդհատվել մեր կրթահամալիրում: Գեղարվեստի դպրոցում կազմակերպվում են անհատական խորհրդատվություններ:   

Դպրոց-պարտեզում այսօր գյուղացիական տնտեսության և հանրակրթական հայրենագիտության մասին խորհրդակցություն կայացավ: Երբ Դպրոց-պարտեզ գնացի, առաջինը այցելեցի Գյուղացիական տնտեսություն: Ինձ դիմավորեց Ռոքսին իր զվարթ հաչոցով: Զվարթ հաչոցը կատաղիի վերածվեց, երբ ուզեցի մտնել սագերի տարածքը: Նա ցույց տվեց, որ այդ տարածքը հատուկ է պահպանում:

Գյուղացիական տնտեսության մասին հարցի քննարկումը բերեց այն եզրահանգման, որ այդ տնտեսությունը պետք է դիտել որպես ուսումնական լաբորատորիա, այլ ոչ թե գյուղացիական արտադրանք արտադրող տնտեսություն: Ինչպես տիար Գևորգ Հակոբյանը նշեց այստեղ կարևոր է ոչ թե աճեցված լոլիկի քանակը, այլ թե որքա՚՚ն սովորող է մասնակցել այդ գործընթացին, արդյո՞ք կարտոֆիլը աճեցրել են պապենական ձևերով, թե համացանցում կարդացել և փորձարկել են ժամանակակից ու առաջավոր ձևեր: Տիար Աշոտ Բլեյանն էլ դպրոցների ղեկավարներին հայտնեց իր դժգոհությունը այն առումով, որ կենսաբանութուն դասավանդողները գյուղացիական տնտեսությունը չեն դիտում որպես իրենց առաջնային ուսումնական լաբորատորիա:

Օրվա վերջին մեդիակենտրոն եկան ԱՄՆ-ից և Կանադայից ժամանած երկու մասնագետ, որոնք ապրում են մեր Գեղարվեստի հյուրատանը: ԱՅՍԵԿ կազմակերպությունը նախատեսում է ֆինանսական գրագիտության դասընթաց կազմակերպել մեր Ավագ դպրոցում: Հիանալի առիթ է ոչ միայն ֆինանսական գրագիտություն ձեռք բերելու, այլև անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու համար: