• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մուտք սեբաստացիների մեծ ընտանիք. նախնական դիտարկումներ

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիր». բառակապակցություն, որը ոմանց մոտ ոչ մի զգացողություն չի արթնացնում, ոմանց ոգևորում է, ոմանց էլ ջերմություն է հաղորդում, քանզի այստեղ իրենք դարձել են Քաղաքացի, և դառնում են Քաղաքացի իրենց զավակները: Հենց այսպիսի ակնկալիքով եմ մտնում այս մեծ ընտանիք: Ընդունելությունը որպես նորեկի ջերմ էր ու սիրալիր, այնպես, ինչպես լինում է ցանկացած համերաշխ ընտանիքում:

Սեբաստացին տեսակ է, ով պատեր չի հանդուրժում, ում համար անհաղթահարելի բարձունքներ չկան, ով կերտում է ի հեճուկս ճահճի և հանուն բարձունքի: Այսպիսին էր տպավորությունը, որը կրկին անգամ հաստատվեց: Սակայն սեբաստացին նաև ինքնակրթվող ու ինքնաքննադատող է, ուստի ստորև կներկայացնեմ մի շարք նախնական դիտարկումներ, քանի որ այսուհետ պատիվ ունեմ լինել կրթահամալիրի մեդիատիրույթի խմբագիրներից մեկը:

Մեդիապոտենցիալ

Արդի տեխնոլոգիաների ու համացանցի, երբեմն գլխապտույտ զարգացման հորձանուտում «սնկի նման» աճեցին ամենատարբեր բովանդակության ու նպատակուղղվածության կայքեր: Սակայն միաժամանակ պետք է նշել, որ հայաստանյան մեդիատիրույթում  առկա կայքերը հաճախ ինքնանպատակ են և խոցելի որակով՝ թե բովանդակային, թե տեխնիկական առումներով: Այս տեսանկյունից կրթահամալիրի կայքը նախանձելի է անգամ հայաստանյան առաջատար կայքերի համեմատությամբ, քանի որ հենց միայն կայքի բազմալեզու տարբերակների առկայությունը (9 լեզու) արդեն իսկ վկայում է նրա բացառիկության մասին: Մյուս կողմից կամա թե ակամա հարկ է նշել, որ ներկայումս կայքը օգտագործում է իր հնարավորությունների փոքր մասը: Ինչ խոսք, զուտ փակ համակարգի տեսանկյունից, լոկ որպես կրթահամալիրի կայք, վերջինս լիարժեք կատարում է իր գործառույթները, սակայն մյուս կողմից պետք է փաստել, որ «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրը որևէ առնչություն չունի «փակ համակարգ»  ձևակերպման հետ, քանի որ այն բաց է իր կենսագործնեության բոլոր ոլորտներում անխտիր:

Կրթամշակութային առցանց միջավայր

Ցանկացած առցանց տիրույթ որոշակի միջավայր իր բոլոր բաղադրիչներով: Եթե լրատվական տարբեր կայքեր իրենցից ներկայացնում են հասարակական-քաղաքական մեդիամիջավայր, ապա բնականաբար ենթադրելի է, որ կրթական հաստատության կամ համալիրի մեդիա տիրույթը պետք է լինի կրթամշակութային առցանց միջավայր: Այս խնդիրը թերևս առավելագույնն է լուծված կայքում, սակայն այդուհանդերձ պետք է նշել, որ միջավայրի առանցքը հատվածային է և ինչ-որ տեղ նաև բլոգային, որն իր հերթին բերում է կայքի՝ որպես միջավայրի կենտրոնախույս բնույթին:

Կայք բոլորի համար և ամեն ինչի մասին

Կայքը լավագույնս պատկերացում է տալիս կրթահամալիրի առօրյայի և անցուդարձի մասին: Սակայն ինչպես արդեն նշեցի վերևում, կարծում եմ  «Մխիթար Սեբաստացին» փակ համակարգ չէ, եթե սրան հավելում ենք  կայքի ընձեռած բոլորհնարավորությունները, ապա պարզ է դառնում մեկ բան՝ սեբաստացին իր մեդիամիջավայրում պետք է կարողանա բավարարել իր բոլոր հետաքրքրությունները: Վերջիվերջո մենք ապրում ենք հանրապետությունում, տարածաշրջանում որտեղ տեղի ունեցող անցուդարձից չեն կարող անմասն մնալ: Իհարկե, կրթահամալիրի կայքը նախևառաջ կրթամշակութային միջավայր է, սակայն միաժամանակ կարծում եմ, նպատակահարմար կլինի որպեսզի մեր երկրում, մեր քաղաքում կատարվող իրադարձությունները իրենց արտացոլումը գտնեն այդ միջավայրում: Բնականաբար խոսքը չի գնում հերթապահ լրատվության մասին, այլ ուղղված՝ այսպես ասած «Աշխարհը սեբաստացիների աչքերով» ելակետին: Ընդ որում հարկ է շեշտել, այս պարագայում այլևս թիրախավորվում է հանրային ավելի լայն զանգված քան «Մխիթար եբաստացի» մեծ ընտանիքն է:

Եզրափակելով կցանկանայի նշել, որ վերոնշյալ դիտարկումները նախնական են և անձնական, ենթակա են քննարկման, լրամշակման կամ մերժման:

Բարի երթ բոլորիս: