• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական էկոտուր 2014-ի տպավորիչ մեկնարկ

Ապրիլի 24-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվող «Հանրակրթական էկոտուր 2014» ամենամյա 4-րդ բաց ստուգատեսը։ Ժամանել և կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում և սովորողների ընտանիքներում հյուրընկալվել են ստուգատեսի մասնակից թիմերը՝ Վրաստանից՝ Թբիլիսիի թ. 98 և գեղարվեստի թ. 1 դպրոցներից, Արցախի Ստեփանակերտի դպրոցների հավաքական թիմը,  Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Ալավերդու ենթաշրջանի, Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի, Կոտայքի մարզի Բջնիի, Գեղարքունիքի մարզի Գավառի էկոխմբերը։

Ստուգատեսի մասնակիցները ապրիլի 24-ին կրթահամալիրի դպրոցների հետ մասնակցեցին միասնական էկոակցիային՝ կրթահամալիրի դպրոցների շրջակա տարածքների մաքրման-բարեկարգման-ձևավորման, ծառատնկման ու ծաղկապատման աշխատանքին։ Սովորող էկոլոգներն այսօր միասին տնկել են ավելի քան 100 ծառ, հարյուրավոր ծաղկի թփեր, սածիլներ, ցանել են ծաղիկներ, այլ բույսեր։ Աշխատանքից հետո նրանք միասին այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր։ Կրթահամալիրի էկոտեսուչները մոտակա ամիսներին աչալուրջ կհետևեն նորատունկին։

Ստուգատեսի մրցութային հանձնաժողովն ընդունել է միջին և ավագ դպրոցների սովորողների՝ սահմանված կարգով ներկայացված  125 էկոնախագիծ, կրտսեր դպրոցականների 70 նախագիծ։ Միջին և ավագ դպրոցականների նախագծերի ներկայացում-բաց քննարկումը կլինի ապրիլի 25-ին՝ ժամը 9.30-13.00, Մայր դպրոցի «Սեբաստացներ» սրահում, կրտսեր դպրոցների նախագծերի քննարկումը՝ Մեդիասրահում  (Ա. Բաբաջանյան 25)։ Լավագույն նախագծերը ժամը 15.00 Մարմարյա սրահում կներկայացվեն միասնական մեդիապարապմունքի ժամանակ։ Ապրիլի 26-ին՝ ժամը 15.00, Մարմարյա սրահում Հանրակրթական էկոտուր 2014-ի արդյունքների ամփոփումն է։ Ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցելու ստուգատեսին, լուսաբանելու ստուգատեսի  աշխատանքները, ծանոթանալու պատանի էկոլոգներին և նրանց գործունեությանը, ոգևորելու նրանց Ձեր աջակցությամբ։