• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ոստիկանը դպրոցում

«Հայկական ժամանակը» շարունակում է անդրադառնալ դպրոցներում ոստիկանների աշխատանքի պիլոտային ծրագրին։ 

Մեջբերում. «.... Երկարամյա մանկավարժ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը խնդրի առնչությամբ նկատեց. «Եթե մանկավարժությունը չի անում, մեկը պիտի՞ գա, կարգուկանոն հաստատի»: Նա ընդունեց, որ ոստիկաններին անսահման լիազորություններ տալով` նշանակում է խոստովանել, որ մանկավարժների աշխատանքի արդյունավետությունը կասկածելի է: «Դա դպրոցի համար խոստովանություն է, համաձայն եմ, որովհետեւ դպրոցը կրթական բաց համայնք պիտի լիներ, պիտի լիներ ներառող, զարգացնող, դեռ մի քիչ էլ առաջ ընկնող, հասարակությանը նաեւ աջակցող այդ առումով: Շատ նորմալ է, որ դպրոցը ոստիկանության հետ համագործակցեր, բայց համագործակցության ձեւ կա: Դա պետք է լինի այն դեպքում, երբ անհրաժեշտ է, երբ դիմում ես, երբ առաջանում են խնդիրներ, որոնք համատեղ քննարկում են պահանջում: Միշտ էլ եղել է, երբ ինչ-որ կոնկրետ դեպք է պատահել եւ դա եղել է անչափահասների գծով ոստիկանության գործառույթը, բայց այսպես` մենք չենք կարողանում, դուք եկեք, հա՞… Կամ էլ ոստիկանությունը հայ ժողովրդի, հայ հասարակության իդեալն է, եւ որոշել է դպրոցի՞ց սկսել այդ իդեալի հաստատումը: Բայց ոստիկանի նկատմամբ իրականում ի՞նչ վերաբերմունք կա, դրակա՞ն: Այսինքն` դա ի՞նչ է, ահաբեկչական գործողությո՞ւն: Կարելի էր մի հատ էլ տանկ բերել դպրոցի դիմաց կանգնեցնել եւ տանկի վրա էլ մի տանկիստ լիներ նստած»,- հարցադրումներ անելով, ըստ էության, գնահատականներ տվեց Աշոտ Բլեյանը` նկատելով, որ դպրոցները պետք է լիարժեք բաց լինեն, եւ խնդիրներից էլ չվախենան:

Հարցին, թե իր կարծիքով «լավ» պապաների երեխաների անկարգությունների դեմ ոստիկանությունն ի զորո՞ւ է լինելու պայքարել, թե միայն թույլին էլ ավելի է ճնշելու, նա պատասխանեց. «Ոստիկանի ներկայությունը կշեշտի այդ անհավասարությունը»: Նաեւ ենթադրեց, որ ավագ դպրոցները չեն հասցնում տարբեր դպրոցներից հավաքված պատանիներին ներառել, նրանց համար գրավիչ դառնալ` ուսումական հետաքրքրությունների առումով, ինչի պատճառով էլ պատանիները սկսում են դպրոցը դիտարկել որպես իրենց ուժի, առանձնահատկությունների, գերիշխանության ցուցադրման վայր: Իսկ այդ ամենի դեմն առնել ներկայիս մանկավարժությունը չի կարողանում եւ ահա կարիք է զգացվում «սպեցնազի»»: