• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2009-2012 թթ ամփոփ հաշվետվություն. իրավիճակ և ձեռքբերումներ

Մշակվել է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նոր կանոնադրությունը, որով կարգավորվում է նախադպրոցականից մինչև միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության հեղինակային կրթական ծրագրերի մշակման-իրականացման-տարածման արդյունավետ համակարգի  գործունեությունը, 2012-ին ներկայացված է ԿԳՆ և հաստատման փուլում է։ Հաջողությամբ իրականացվել է կրթահամալիրի 2009-2012 թթ  զարգացման ծրագիրը, 2013-2017թթ զարգացման ծրագրի հիմնադրույթներում ներառված են ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերում արտացոլված` հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության նպատակները և գերակայությունները։ Որպես արդյունավետ ներդրումային միջավայր` կրթահամալիրը գործուն կապեր է հաստատել ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների (Ձեռնարկությունների ինկուբատոր, ԻՏՁՄ, Մայքրոսոֆթ, Յունիքոմփ, Ֆիրմա Ալֆա), հասարակական կազմակերպությունների («Սեբաստացներ» կրթական հիմնադրամ, «Կրթասեր» ՀԿ), բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ (ԵՊԼՀ, ՀՊՃՀ, ԵՊՄՀ, ՀԱՀ), ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը գրավիչ է Հայաստանի մարզերի, Արցախի, Վրաստանի և այլ երկրների նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, միջազգային կրթական ծրագրերի համար. կնքվել են տասնյակից ավելի համաձայնագրեր։

Կրթական միջավայրը կրթահամալիրում, կրթահամալիրի դպրոցներում և քոլեջում միանման մշակված-արդիական է. կրթահամալիրի ուսումնական մասնաշենքերն անլար ինտերնետային տարածքներ են, ուսումնական կաբինետների, ուսումնա-արտադրական արհեստանոցների, լաբորատորիաների ամբողջություն, այդ թվում`  թվային աստղացուցարան և թվային աստղադիտարան, հանրակրթական տեխնոպարկ, ձայնագրման, տեսագրման ստուդիաներ, գրադարան, ջերմոց, կենդանաբանական այգի, տեխնոլոգիական, բնագիտական և այլ լաբորատորիաներ։ Ուսումնական կաբինետները` սկսած նախադպրոցական խմբասենյակից, իրենց ուսուցման թվային միջոցներով, սարքերով և գործիքներով` մեդիաընթերցարաններ, սովորողների-ուսուցիչների տեխնոլոգիական, այդ թվում` մեդիա, հմտությունների ձևավորման արհեստանոցներ են։ HP ընկերության կողմից «Յունիքոմփ» ընկերության միջոցով ստացված գերհզոր սերվերի, համապատասխան ծրագրերի տեղադրումով առցանց ուսուցման տեխնիկական-ծրագրային ապահովման խնդիրները լուծվում են արագ և արդյունավետ։  Կրթահամալիրում թվային միջոցների գործածության վիճակի մասին սոցիոլոգիական ուսումնասիրությունը  2013թ. հունվարին արձանագրել է, որ տանը անհատական օգտագործման  համակարգիչ և ինտերնետ ունեն կրթահամալիրի բոլոր սովորողները և ուսուցիչները, նոթբուք-նեթբուք` ուսուցիչների 70 %-ը, սովորողների՝ մոտ 40%-ը:  2011թ. կրթահամալիրն ընդգրկվել է Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումը ուսումնական գործընթացում» ծրագրում, որի առաջին փուլում գրանցված է կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների համար 800 նոթբուք-նեթբուք ձեռքբերելու պատվերը: «Յունիքոմփ» ընկերության միջոցով պատվիրված համակարգիչները շուտով կհասնեն սովորողներին և ուսուցիչներին, արդյունքը կլինի այն, որ 2013-ի սեպտեմբերին կրթահամալիրի 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսուցիչները և սովորողները ուսումնական պարապմունքներին կմասնակցեն իրենց անձնական ուսումնական նոթբուք-նեթբուքով` ճանապարհ հարթելով  հանրապետության հանրակրթական դպրոցների սովորողների համար: Ձայնագրիչը, ֆոտոխցիկը, տեսախցիկը և դրանց փոխարինող թվային այլ միջոցները նույնպես կրթահամալիրի դասավանդողների և սովորողների կողմից մշտապես գործածվող ուսումնական գործիքներ են։

Հեղինակային կրթական ծրագրերը կազմակերպվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մշակվող կրթահամալիրի ուսումնական օրացույցով, որի միջոցով ոչ միայն պահպանվում, նորացվում և տարածվում են ավանդական ծեսերը, այլև ժամանակակից, կրթական կյանքի նոր ծեսերն են մշակվում, սովորորողի ուսումնական գործունեության մի շարք ձևեր են ծիսականացվում։ Միասնական բաց տոներն ու ծիսական ուսումնական նախագծերը միավորում են կրթահամալիրի մեծին ու փոքրին, գործընկերներին, համակիրներին ու հետաքրքրվողներին։

Պետական աջակցությամբ հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրով մշակվել է նախադպրոցականի զարգացման մոդել միջավայրը` խմբասենյակ-լաբորատորիայով, ամառային, ձմեռային պարտեզներով, բաց լողափերով։ Ծրագրի մոդել խմբերում, որտեղ սաների թիվը տարեցտարի աճում է, զարգացնող գործունեությունը կազմակերպվում է ուսումնական պլաններով, ծեսերի-տոների ուսումնական նախագծերով, որոնք ներառում են երեխայի զարգացնող գործունեության բոլոր ձևերը` երաժշտություն-պար, խաղ, մարզանք (այդ թվում` մարմնամարզություն, լող, հեծանիվ), տեխնոլոգիա, խոսք-թատրոն, հաշիվ, բնագիտություն-ուսումնասիրություն։ Մանկան օրը հրապարակային է, դրան կարելի է հետևել նախակրթարանի դաստիարակների (խմբերի), նրանց օգնականների բլոգներում և youtube-յան ալիքներում, «Պարտեզ» ամսագրում, mskh.am-ի ենթակայքերում։

Կրթահամալիրի դպրոցներում ուսուցումը կազմակերպվում է կրթական ծրագրերի ամեն տարի լրամշակվող ուսումնական պլաններով (1-4-րդ, 5-6-րդ, 7-9-րդ դասարանների, Ավագ դպրոց-վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի, Արհեստագործական ավագ դպրոցի), ուսումնական դասընթացների ծրագրերով, ուսուցման կազմակերպման կարգերով։ Այլընտրանքային կրթական ծրագրի մատչելիությունը  տարեցտարի ավելացրել է շահառու սաների և սովորողների թիվը, աշխարհագրությունը, որի պատճառով ավելացել է նաև երկարօրյա և տրանսպորտային ծառայություններից օգտվողների թիվը: Ուսուցման կազմակերպման մեջ հետևողականորեն առաջնային է դառնում կարճատև, երկարաժամկետ և ամենամյա, որոշակի խմբի և կրթահամալիրային ուսումնական նախագծերի (ինչպես` համերգների կազմակերպում կրթահամալիրում և քաղաքի համերգասրահներում, ուսուցում թանգարաններում, ցուցասրահներում, մասնակցություն գիտական-բանավիճային հեռուստահաղորդումների, «Անտիվիրուս Կոմիտաս», «Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավներ», «Հանրապետության օրեր. բարձունքների նվաճում», «Մեր ծնունդը` բարձունքին», «Բռնադատվածներ», «Ճանաչենք մեր ժամանակակիցներին», «Գրքի տոն դպրոցում», «Մեր բակը` պարտեզ», «Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր», «Սահմանամերձ գյուղեր», «Խոնարհված եկեղեցիներ», «Ուսումնական արձակուրդ», գրողների, գիտության, մշակույթի, հասարակական գործիշների նվիրված օրեր,  ընթերցումների, ուսումնական օրացույցով սահմանված տոների, ստուգատեսների կազմակերպման նախագծեր) մշակում-իրագործումը։ Ուսումնական նախագծերն ինտեգրում են ուսումնական դասընթացներ և բնագավառներ, սովորողին ինքնուսուցման, հասարակական կյանքի այլ ոլորտներում աշխատելու-հետազոտելու, ստեղծական աշխատանքի հնարավորություն են տալիս. դրանց իրականացման համար կրթահամալիրը, առանձին ծրագիրը, դասարանը, խումբը համագործակցում են պետական մարմինների (ՀՀ Բնապահպանության, պաշտպանության նախարարություններ, ՀՀ Ազգային արխիվ), թանգարան-ցուցասրահ-դահլիճի, պետական և ոչ պետական կազմակերպությունների, անհատների հետ։ Կրթական ծրագրերի բաղկացուցիչ ուսումնական այցելություններում և հայրենագիտական ճամփորդություններում ընդգրվում են կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողը և ուսուցիչը։ Ուսումնական նախագծերը, դրանց ամենամյա բաց մրցույթները (հանրակրթական Դիջիթեք, հանրակրթական Էկոտուր), ստուգատես-փառատոները (թարգմանչական, հասարակագիտական, երաժշտական, թատերական, ֆիլմերի, հայրենագիտական, տեխնոլոգիական, «Ձոն»), ավագ դպրոցների ուսումնական պլանով որոշված քսանից ավելի պատանեկան բաց ակումբները, պատանեկան ամսագրերը, ուսումնական ամառային, ձմեռային երևանյան ճամբարները, ակումբային` աշնանային, հանրակրթական Դիջիթեքի` գարնանային, հանրակրթական էկոտուրի, թարգմանչաց, մարզական-հայրենագիտական, ռազմա-մարզական, տիեզերագիտական ամենամյա ամառային ճամբարները սովորողների օժտվածության զարգացման  բաց համակարգ են ձևավորում` գործունեության դպրոցը։

Կրթահամալիրում թղթային մատենավարության և գնահատման համակարգը փոխարինվել է գնահատման էլեկտրոնային համակարգով, էլեկտրոնային մատենավարությամբ, մշակվել և ներդրվեն են գնահատման նոր գործիքներ։ Խմբի և անհատի ուսումնական գործունեությունը, դրա կազմակերպումն ու արդյունքները արտացոլվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, կրթահամալիրի մեդիագրադարանում, ուսումնական նախագծերի-ստուգատեսների, ինչպես նաև դպրոցների ենթակայքերում։

Կրթահամալիրում գործում են մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման կազմակերպման մոդելներ`  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը, դասավանդողների ամենշաբաթյա սեմինարներ` սահմանված գրաֆիկով, մանկավարժական աշխատողների ամառային, աշնանային, ձմեռային գարնանային բաց դպրոցներ, որին մասնակցում են ոչ միայն կրթահամալիրի դասավանդողները, վերապատրաստումներ առանձին կազմակերպությունների (ԿԳՆ, կրթության մարզային վարչություն, հասարակական կազմակերպություն, դպրոց) և անհատների պատվերով։ Կրթահամալիրը ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ընտրվել է որպես ատեստավորվող ուսուցիչների վերապատրաստման հաստատություն։ Կրթահամալիրում կազմակերպվում են գործընկեր բուհերի ուսանողների մանկավարժական փորձառությունները։

Կրթահամալիրում կազմերպվող ամենամյա ստեղծագործական հավաքները, պարբերական կլոր սեղանները հանրապետության մարզերում, դպրոցներում, կենսամշակութային արշավները, մոբիլ դպրոց-դասարան ծրագրի իրականացումը հանրապետությունում, Արցախում, Վրաստանում, կրթական փոխանակումների` տարեցտարի աշխարհագրությունն ընդլայնող ու մասնակիցների ընդգրկումը մեծացնող ծրագիրը, հանրապետության կրթական կայքերի մեջ մշտապես առաջատար mskh.am-ը` իր կրթական TV-ով, նաև 8 օտարալեզու էջերով, մանկավարժական «Դպիր»` նաև անգլերեն, վրացերեն, ռուսերեն համարներով, պատանեկան «Լուսաստղ» և  «Հեռադիտակ», նախադպրոցականի-կրտսեր դպրոցականի «Պարտեզ» էլեկտրոնային ամսագրերը, դասավանդողների, սովորողների և խմբերի բլոգները, պատանեկան բաց ակումբները, ուսումնական ստուգատեսներն ու ճամբարները, հանրապետական ԶԼՄ-ների մշտական անդրադարձը կրթահամալիրի առօրյային, կրթահամալիրի աշխատողների և սովորողների մասնակցությունը հանրապետական և միջազգային ստեղծագործական մրցույթների-հավաքների, էքսպո-ցուցադրությունների, հեռուստա-ռադիոեթերների կրթահամալիրի փորձի փոխանցման և տարածման մատչելի, բաց համակարգ են ձևավորել։ Մշակվել և կիրառվում է աշխատանքի համար կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստման և նրանց աշխատանքի ընդունելու գործուն համակարգ: