• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2013թ. հունվար-մարտ. հաշվետվություն

Հարգելի գործընկերներ, ծանոթացեք խնդրեմ հեղինակային կրթական ծրագրերի իրականացման եռամսյա հաշվետվության նախագծին, հավելվածներին։ Խնդրում եմ Ձեր լրացումները, դիտողությունները։ 

1. Հեղինակային կրթական ծրագրերի չափորոշչի լրամշակում-ամբողջացում

Մանկավարժական աշխատողների ձմեռային և գարնանային դպրոցներում, կրթահամալիրի ամենշաբաթյա սեմինարներին քննարկվել են կրթական ծրագրերի կազմակերպման, 2012-2013 ուստարվա առարկայական ծրագրերի կատարման խնդիրները, ծրագրերի լրամշակման առաջարկները։ 2012-2013 ուստարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփման, mskh.am-ում և ենթակայքերում դրանց առցանց քննարկման արդյունքում ապրիլ-մայիս ամիսների համար մշակվեց մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա սեմինարների կազմակերպման կարգը և դրանց բովանդակությունը։ Էլեկտրոնային մատենավարության կարգում, էլեկտրոնային մատյանների մեջ արվել են լրացումներ` ուղղված համակարգն ավելի օբյեկտիվ, մատչելի և արդյունավետ դարձնելուն։

Գրական ընթերցանության մեդիաօլիմպիադայի ավանդական դարձած նախագծերի` «Տերյանական օրեր», «Թումանյանի օրեր», «Չարենցի օրեր» ստուգատեսների հետ, որոնց շրջանակում ըստ տարիքային խմբերի, սովորողներն ուսումնասիրեցին և ներկայացրեցին հեղինակների հայտնի և անհայտ ստեղծագործությունները, հոդվածները, նամակներ, սկսվել է գրական ընթերցանության նոր նախագիծ` «Մեր ժամանակակիցը», որով միջին, ավագ դպրոցների սովորողները կարդացել են ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործություններ` Արամ Պաչյան, Կարեն Անտաշյան, ստեղծել հեղինակների մեդիադարակները մեդիագրադարանում, կազմակերպել հանդիպում Արամ Պաչյանի հետ, նախապատրաստել Կարեն Անտաշյանի հետ հանդիպումը, «Գրքի տոն ուսումնական հաստատությունում», որը կրթահամալիրի գրադարանը կազմակերպում է երևանյան հրատարակչությունների հետ։

Որպես «Համերգը, թատրոնը, կինոն, թանգարանները հանրակրթության մեջ» ուսումնական նախագծի մեկնարկ` 2013-ին կրթահամալիրում արդեն կազմակերպվել է երեք համերգ` Երևանի պետական Կամերային երգչախմբի, «Կադանս» մենակատարների անսամբլի, Ռոբերտ Ամիրխանյանի և Սեդա Ամիր-Կարայանի. համերգներին մասնակցել է ավելի քան 350 սովորող։  Կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների խմբերը Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մասնակցել են 5 համերգի։ Կայքում կազմակերպվում են դասական ֆիլմերի քննարկումներ, սովորողները «Մոսկվա» կինոթատրոնում դիտել են անգլերեն ֆիլմ։

Հաշվետու շրջանում կրթահամալիրի սովորողներն ըստ տարիքային խմբերի եղել են Թումանյանի թանգարանում, երկու խումբ նաև` Դսեղում` տուն-թանգարանում, Չարենցի տուն-թանգարանում, Հայաստանի բնության թանգարանում։  Քննարկման փուլում է «Պատմության և հասարակագիտության ուսուցումը` հեռուստատեսային ուսումնական փաթեթների մշակման և իրականացման նախագծեր» ծրագիրը։

Մարտին սկսեց դպրոցական բակերի բարեկարգման նախագծերի իրականացումը։ Նախագծերի իրականացման համար նախապատրաստվել է համաձայնագիր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև։

2. Հեղինակային կրթական ծրագրի գնահատման ծառայության գործունեություն

Մշակվել և կրթահամալիրի մասնաժողովում քննարկվել են «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն ավարտող 4-րդ դասարանցիների ուսումնական արդյունքների, 6-րդ դասարանցիների ընդհանուր ուսումնական կարողությունների, 9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման, 12-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման ուսումնասիրության գործիքները, 2012-2013 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական արդյունքների գնահատման գործիքները, ժամանակացույցը, աշխատակարգը։

Գնահատման ծառայությունն իրականացրել է հեղինակային կրթական ծրագրին առանձին դասընթացների ուսուցման կազմակերպման համապատասխանության ուսումնասիրություններ, որոնց արդյունքները քննարկվել են մասնաժողովում։

3. Մեդիահանրակրթության սովորողների առողջության պահպանման ծրագիր

Ստեղծվել և գործում է կրթահամալիրի առողջագետի բլոգը։ Սկսել է մեդիակրթության, հեղինակային կրթական ծրագրի սպասարկման և կազմակերպման առանձնահատկությունների ձևակերպման աշխատանքը։

4. «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձի իրականացում և լրամշակում

2012-2013 ուստարվա երկրորդ կիսամյակի համար ավագ դպրոցի սովորողների նախաձեռնությամբ նրանց անհատական ուսումնական պլանների մեջ արվել են փոփոխություններ, դրանց համապատասխան ճշգրտվել են նրանց անհատական դասացուցակները։ Մշակվել և ներդրվել են հետազոտական նախագծերի և ինքնակրթության ծրագրերի մշակման-իրականացման կարգերը։ Կրեդիտային համակարգի մշակման, մասնագիտական փորձառության կազմակերպման արդյունքները կներկայացվեն հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 8-րդ հավաքին։

5. Մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացում և աշխատանքի կազմակերպում` որպես կրթական ծրագրի կազմակերպիչներ

Կրթահամալիրի 2-5 տարեկան սաների, 1-9-րդ դասարանի սովորողների ուսումնական գործունեությունն ըստ ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծերը կազմակերպում են նախակրթարանի դաստիարակները, 1-4-րդ դասարանի դասվարները, 5-9-րդ դասարանի կազմակերպիչ-ուսուցիչները։ Ուսումնական տոնացույցով 2013 թ. հունվար-մարտ ամիսներին մշակվել և կազմակերպվել են Հանրակրթական դիջիթեք 2013-ը, ամանորյա ծեսի և Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության նախագծերը, կրթական փոխանակումների ծրագրով կրթահամալիրում հյուրըկալության կազմակերպման ուսումնական նախագծերը, ուսումնական-հայրենագիտական-էկոլոգիական ճամփորդությունները, գարնանային արձակուրդին` շրջակա միջավայրի խնամքի և բարելավման նախագծերը։ Դասվար-դաստիարակների և կազմակերպիչների համար համար կազմակերպվել է livestream համակարգի ուսուցման սեմինար։  Մանկավարժական աշխատողների ձմեռային և գարնանային դպրոցներում նրանք մասնակցել են պարուսուցման, տեխնոլոգիական հմտությունների զարգացման, մարմնամարզության պարապմունքների։ Պարբերաբար կազմակերպվել են սովորողների աշխատանքի կազմակերպման խնդիրների քննարկումներ։

6. Գործընկեր կազմակերպությունների (ՁԻՀ, ԻՏՁՄ, Յունիքոմփ, Ֆիրմա Ալֆա, Մայքրոսոֆթ-ԱՐԷՅ, Նորք, ԿՏԱԿ, Սինոփսիս, Հայաստանի ճարտարագիտական համալսարան) աջակցությամբ «Հանրակրթական տեխնոպարկ» ուսումնական նախագծի մշակում և իրականացում

Հանրակրթական տեխնոպարկում ծրագրավորման, ինժեներատեխնիկական ստեղծագործության խմբերում աշխատում են 7-9-րդ դասարանների սովորողները, 10-12-րդ դասարանների սովորողները, յուրացնում են վեբ-դիզայնի և ծրագրավորման դասընթացներ։ Աշխատանք է արվում տեխնոպարկում իրականացվող ծրագրում ընդգրկվելու 5-6րդ դասարանցիներին` նրանց ուսուցման համար նկատի ունենալով Scratch ծրագիրը։ Նախագծի մշակման համար կրթահամալիրի մասնագետը աշխատում է «Նաիրի» ՏՏ կոնսորցիումի կրթական ծրագրերի մասնագետների հետ։

7. ՀՀ բնապահպանության նախարարության հետ «Բնությունը` ուսումնական լաբորատորիա» նախագծի իրականացում` գործընկեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավմամբ

Կրթահամալիրի էկոլոգ սովորողները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած ջրային համագործակցության տարվա առթիվ  իրականացրել են «Ջուր»«Ջրի խնայողությունը կենցաղում» նախագծերը և դրանցով 2013թ. մարտի 26-29-ին Վրաստանի Թբիլիսիի թ. 98 դպրոցում մասնակցել «Կենաց աղբյուր` ոսկուց էլ թանկ» էկոլոգիական ծրագրին։  Նրանք ոչ միայն իրենք են պատաստվում կրթահամալիրում ապրիլի 26-28-ին կազմակերպվող «Հանրակրթական էկոտուր» ամենամյա 3-րդ մրցույթին, այլև այդ աշխատանքում ներգրավում են Արցախի, ՀՀ մարզերի, Վրաստանի սովորողներին։ Շարունակվում է ՀՀ Բնապահպանության նախարարության հետ իրականացվող «Հայաստանի արգելոցները, ազգային պարկերը»  նախագիծը, որի արդյունքները և հետագա անելիքները կներկայացվեն հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան 8-րդ հավաքին։ Մշակվում է «Հայաստանի բնության հուշաձանները» նախագիծը։ Ծրագրի իրականացման համար կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի ամերիկյան համալսարանի և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև։ Կրթահամալիրի թռչնաբանների էկոլոգիական ակումբը ՀԱՀ «Ակոբյան» բնագիտական կենտրոնի հետ համագործակցում է արդեն երրորդ տարին։

8. Ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, արշավախմբային գործունեությունը աշխարհագրության, պատմության, մշակույթի ուսումնասիրության ձև

Արդեն հայտարարված է մայիսի 26-28-ին Հայաստանի լեռնագագաթների հերթական նվաճման ծրագիրը` նվիրված Հանրապետության օրվան։ Սովորողները և աշխատողները մշակում են իրենց նախագծերը, որոնք կարող են նաև կրթական փոխանակումների նոր նախագծերի, նոր գործընկերության հիմք դառնալ։

«Հայաստանի սահմանամերձ գյուղերը» ուսումնական նախագծով շարունակվում է 2012-ին սկսած գործընկերությունը Վայոց ձորի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների հետ։ Հաշվետու շրջանում կրթահամալիրում հյուր են եղել Վայոց ձորի Խնձորուտ և Մարտիրոս գյուղերի սովորողները` իրենց ուսուցիչների հետ, կրթահամալիրի սովորողների խումբը եղել է Խնձորուտում։ Մարզի սովորողները մասնակցել են Հանրակրթական Դիջիթեք 2013-ին, «Գանձասար» օլիմպիական ճամբարին, պատրաստվում են մասնակցելու Հանրակրթական Էկոտուրին։ Գործընկեր դպրոցները նախօրոք պատշաճ տեղեկացվում են կրթահամալիրում իրականացվող ուսումնական նախագծերին և իրենց ընտրությամբ մասնակցում դրանց։ Կրթահամալիրի դպրոցների սովորողների խմբերը հունվար-մարտ ամիսներին եղել են ՀՀ Լոռու, Վայոց ձորի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում։ 

Կազմակերպվել է ուսումնական-հայրենագիտական բազմօրյա 7, մեկօրյա 16 ճամփորդություն, Երևանում 52 ճամփորդություն։

9. Սովորողների ընտրությամբ` վրացերենի, պարսկերենի, արաբերենի, թուրքերենի ուսուցում

Կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում գործում են սովորողների և ուսուցիչների վրացերենի ուսուցման խմբերը։  Ավագ դպրոցի վրացերենի խումբը մարտի 25-30-ին փորձառություն է անցել Թբիլիսիում։ Միջազգային տիեզերագիտական ճամբարին պատրաստվող սովորողները սովորում են թուրքերեն, անցած տարիների մասնակիցները պահպանում են օտարալեզու կապը միջազգային ճամբարի տարբեր երկրների մասնակիցների հետ։ Արաբերենի ուսուցման խմբում սովորում են կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների 11 սովորողներ։

10. Հեղինակային կրթական ծրագրերի անընդհատ տարածման բաց համակարգի գործարկում

2013թ. փետրվարի 4-9-ին «Ճանապարհ դեպի սմարթ հասարակություն» խորագրով կրթահամալիրում կազմակերպվեց «Հանրակրթական դիջիթեք 2013՝ թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ստուգատեսը, որին մասնակցել են 1500-ից ավելի սովորող, մոտ 200 ուսուցիչ` Երևանի և ՀՀ մարզերի, Արցախի դպրոցներից: Ստուգատեսի փետրվարի 4-9-ի ծրագրին կրթահամալիրում մասնակցել են նաև Երևանի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Վայոց ձորի մարզերի, Արցախի (պատվիրակության ղեկավար՝ ԼՂՀ ԿԳ փոխնախարար Միքայել Համբարձումյան)՝ Շուշիի, Ստեփանակերտի, Ասքերանի հանրակրթական դպրոցների 64 սովորողներ և ուսուցիչներ։ Հյուրերն անվճար օգտվել են կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի կացարաններից: Նրանց համար մշակվել և իրականացվել են նաև հայրենագիտական-մշակութային ճամփորդությունների նախագծեր։
Հունվարի 10-ից փետրվարի 3-ը ներկայացվել են 1000-ից ավելի անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան հայտեր, որոնցից մոտ 800-ը գրանցվել է մրցութային հանձնաժողովի կողմից։ Մրցութային նյութերը և նախագծերը հեղինակների կողմից հրապարակված են իրենց բլոգներում, կայքերում, սոցիալական ցանցերում, հղումները տեղադրված են ստուգատեսի ենթակայքում։ Ստուգատեսի մրցանակային հանձնաժողովը 13 անվանկարգերով որոշել է հաղթողներին։ Մրցանակները հանձնել են ոչ միայն ստուգատեսի գործընկեր կազմակերպությունները` «Յունիքոմփ», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Նաիրի կոնսորցիում», «Տաթև» գիտակրթական համալիրը, Ինտերնյուզը, PC Electronics, Ինստիգեյթ ՓԲԸ, Forex4you, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպություն, այլ նաև ՀՀ մշակույթի, պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդարանը, անհատներ։ Թվային միջոցները հանրակրթության մեջ արդյունավետ կիրառելու, նախագծերի, մեթոդական մշակումների, ուսումնական նյութերի, դասերի համար խրախուսվել են 100-ից ավելի սովորողներ և ուսուցիչներ: Մեդիահանրակրթություն իրականացնելու համար կրթահամալիրն արժանացավ ՀՀ Պաշտպանության և Մշակույթի նախարարությունների հատուկ մրցանակներին, Պաշտպանության նախարարության պատվոգրին։ Փետրվարի 4-9-ին կրթահամալիրում կազմակերպվեցին ստուգատեսի ծրագրով նախատեսված` ընդհանուր տոնական պարապմունքները, մեդիակրթության բաց պարապմունքները, այդ թվում` կրթահամալիրի դասարանի և արցախցի սովորողների համատեղ ուսումնական պարապմունքներ, վարպետության դասեր և սեմինարներ, որ վարեցին գործընկեր կազմակերպությունների և հանրապետությունում ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներ, ԱՄՆ-ում հիմնված հայերեն բառարանների Nayiri.com կայքի հեղինակները, կլոր սեղաններ` Արցախի, մարզերի սովորողների, ուսուցիչների մասնակցությամբ` ստուգատեսի արդյունքների ամփոփում և հանրակրթական համագործակցության հեռանկարների քննարկումներ, ԿԳՆ, ՏՏ ոլորտի ՀԿ-ների մասնակցությամբ` Ինտերնյուս ՀԿ կազմակերպած «Թվային տեխնոլոգիաները դպրոցում» քննարկում։
Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների հավանությանն արժանացած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով սովորողների գարնանային արձակուրդի օրերին վրաստանցի հասակակիցների հետ կրթահամալիրի սովորողներն իրականացրել են համատեղ մշակած երեք նախագիծ` Ջրի պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Ոսկուց թանկ կենսաղբյուր» էկոլոգիական պարապմունքներ, վրացերենի ուսուցման մասնագիտական փորձառություն, «Արտ-Թբիլիսի» քաղաքային պլեները։ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կրթահամալիրի տնօրենի մասնակցությամբ պաշտոնապես ներկայացվել է  «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը։  Ներկայացմանը մասնակցել են Վրաստանի նախագահի խորհրդականը, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին խորհրդականը, Վիրահայոց թեմի առաջնորդը, Վրաստանի ԿԳ նախարարության աշխատողներ, Թբիլիսիի դպրոցների տնօրեններ, լրագրողներ։ Ծրագրին և մարտի 25-30-ին իրականացվող նախագծերին անդրադարձել են վրաստանյան ԶԼՄ-ները։ Կրթրահամալիրի սովորողներն ու ուսուցիչները հյուրընկալվել են թբիլիսյան ընտանիքներում։ Վրացերենի պետական տոնը միասին նշելու համար ապրիլի 12-14-ը նախապատրաստվում է վրաց գործընկերների այցը կրթահամալիր: Ապրիլի 13-ին գլխավոր միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում Վրաստանի դեսպանը, «Միր» հեռուստաընկերությունը։ Մշակվել է համագործակցության 2013թ. առաջին կիսամյակի ծրագիրը։
ԼՂՀ ԿԳՆ հետ համագործակցության շրջանակում այս եռամսյակում արցախցի սովորողների, ուսուցիչների խմբերը մասնակցել են Հանրակրթական Դիջիթեք 2013-ին, կազմակերպվել է ամենամյա օլիմպիական գարնանային «Գանձասար» ճամբարը, որին մասնակցել են 6-12-րդ դասարանցիներ Երևանից, Լոռու և Վայոց ձորի մարզերից, Արցախից։ Մասնակիցների ապահով տեղափոխումը Երևան-Գանձասար-Երևան, Արցախում ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունները կազմակերպվել են ՀՀ Պաշտպանության նախարարության միջոցով և նրա տրամադրած ավտոբուսներով։ Կրթական փոխանակումների ծրագրով կրթահամալիրում հյուրընկալվել են Հանրակրթական դիջիթեքի մասնակից` Արցախցի Շուշիի, Ասկերանի, Ստեփանակերտի սովորողների և ուսուցիչների խմբերը, և Երևան ուխտագնացության եկած Ստեփանակերտի  ուսուցիչների խումբը։ Վանք գյուղի դպրոցում կրթահամալիրի տնօրենի մասնակցությամբ կազմակերպվել է հեղինակային կրթական ծրագրերի պաշտոնական ներկայացում, որին մասնակցել են ԼՂՀ ԿԳՆ աշխատողներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, սովորողներ։ ԼՂՀ ԿԳ և մշակույթի նախարարություններում, Շուշիի շրջանի վարչակազմում քննարկվել են 2013թ. համագործակցության ծրագրի նախագծերը։
«Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ աջակցությամբ կրթահամալիրում կազմակերպվել է  Լոռու մարզի գյուղական դպրոցների տնօրենների, կառավարման խորհրդի նախագահների, անդամների երկօրյա վերապատրաստում, «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» նախաձեռնությամբ ճանաչողական այցով կրթահամալիրում հյուրընկալվել է Վանաձորի դպրոցների 9-12 դասարանցիների խումբը։
Կրթահամալիրում Smart Notebook ծրագրով ուսուցման կազմակերպման վերապատրաստման դասընթացին մասնակցել է հանրապետության 17 առարկայական դասավանդող, հանրապետության դասվար-դաստիարակների եռամսյա դասընթացին մասնակցում է 15 ուսուցիչ։ Համագործակցության պայմանագրերով նախատեսված` կազմակերպվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների մասնագիտական փորձառությունը։ Ծրագրով նախատեսված` մանկավարժական աշխատողների ձմեռային, գարնանային դպրոցներին մասնակցեցին 525 աշխատողներ կրթահամալիրից և այլ դպրոցներից, մասնագիտական փորձառություն անցնող ուսանողները։  booklover.am գրքասերի ակումբի միջոցով կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը առցանց գործընկերություն է հաստատել  մեդիագրադարանների հետ։

Մարտի 18-ին կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի` ՀՀ ԿԳՆ պատվերով տարածմանը կրթահամալիրում ծանոթացավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Ընդհանուր առմամբ հունվար-մարտ ամիսներին կրթահամալիրում հյուրընկալվել է 50 խումբ` Երևանից, ՀՀ մարզերից, Արցախից, Վրաստանից։ Կրթահամալիրի սովորողները և ուսուցիչները մասնակցել են  քաղաքային, հանրապետական և միջազգային 20 միջոցառման` սեմինարի, նախագծի, շնորհանդեսի` ներկայացնելով հեղինակային կրթական ծրագրերը։

mskh.am-ում կազմակերպվել է քսան առցանց քննարկում։ Կրթահամալիրի սովորողները և աշխատողները կրթահամալիրից դուրս մասնակցել են 20 ստեղծագործական-մշակութային-ուսումնական-մանկավարժական հավաքի, որտեղ ներկայացրել են կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը։ «Քայլ առ քայլ» ընթերացանության հանրապետական ծրագրում կրթահամալիրից ընդգրկված է 3 մանկավարժական աշխատող։ Կրթահամալիրն ընդգրկված է Եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության Իթվինինգ համայնքում։ Կրթահամալիրի փորձը, հեղինակային կրթական ծրագրերը ներկայացվել են հանրապետական ԶԼՄ-ներում` կրթահամալիրում տեղի ունեցող միջոցառման լուսաբանում, կրթահամալիրի աշխատողների հոդվածներ, հարցազրույցներ (42 հրապարակում)։ Սկսել է հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 8-րդ հավաքի նախապատրաստական աշխատանքը։ 

11. Սովորողների օժտվածության զարգացման բաց համակարգի գործարկում

Սահմանված կարգով գործել են սովորողների օժտվածության զարգացման ակումբները և սովորողի ընտրությամբ գործունեության խմբերը։ Ակումբները նախագծել և ղեկավարել են կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսները` Ամանոր և Սուրբ Ծնունդ, Հայոց բանակի, Տերյանական, Մայրենի լեզվի, Թումանյանական, Չարենցյան, Տիգրան Հայրապետյանի, «Ձոն», Աղայանական, իրականացրել ուսումնական այլ նախագծեր։  «Խաղարկային դատարանի», info.mskh-ի սովորողները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մասնակցել են «ՀայՌուսգազարդը ընդդեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի» դատական վարույթի նիստերին։ Ստեղծվել են «Տիեզերք» ակումբի նոր ենթակայքը (բլոգը) և բանավեճի ակումբի «Ազատ խոսքի ամբիոն»  ենթակայքը։ 2013թ. մեդիաօլիմպիադաները կազմակերպվում են որպես ուսումնական-հետազոտական-ստեղծագործական նախագծերի մրցույթ։ «Ձմեռ», «Գարուն» մեդիաօլիմպիադաներում ընդգրկված է 36 նախագիծ, որոնց մասնակցել է 800 սովորող։ Առաջադրանքները և նյութերը հրապարակված են մեդիաօլիմպիադայի ենթակայքում։ 

Արցախի Գանձասարում կազմակերպվել է ամենամյա գարնանային օլիմպիական ճամբարը, որին մասնակցել են հանրակրթական Դիջիթեք 2013-ի, ձմեռային մեդիաօլիմպիադայի հաղթող ութսուն 6-12-րդ դասարանցիներ Երևանից, Լոռու և Վայոց ձորի մարզերից, Արցախից։ Ճամբարում քննարկվել են Հանրակրթական Դիջիթեք 2014-ը որպես ուսումնական նախագիծ կազմակերպելու, իրականացնելու և արդյունքներն ամփոփելու հարցերը, իրականացվել են ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ և ալ նախագծեր։ Դեռ 2012թ. նոյեմբերից էկոլոգների ակումբները սկսել են ամենամա 3-րդ Հանրակրթական էկոտուրի նախապատրաստական աշխատանքը։ Էկոտուրի բովանդակությունն ընդարձակվել է` ընդգրկելով նաև կրտսեր դպրոցականների ուսումնական նախագծեր` «Նորին մեծություն ԿԱՎ-ը», շրջակա միջավայրի բարեկարգման նախագծեր։

Պատանեկան «Լուսաստղ» հանդեսում մարտ-հունվար ամիսներին հրապարակվել է 120 էջ` թեմատիկ ուսումնասիրությունների շարքեր, գեղարվեստական և այլ թարգմանություններ։ Ստեղծվել է պատանեկան երկրորդ հանդեսը` «Հեռադիտակը»` որպես սովորողների էսսեների, խոհերի, վերլուծությունների, ստեղծագործությունների ժողովածու և պատանիներին հետաքրքիր, հիմնականում արտասահմանյան, փոքր արձակի և բանաստեղծությունների ընթերցարան (հունվար-մարտ ամիսներին հրապարակվել է 110 էջ)։

Ակումբները TV MSKH-ի հետ ստեղծում են իրենց հաղորդաշարերը։ TV MSKH-ը հւնվար-մարտ ամիսներին հրապարակել է 50 հաղորդում։

Կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների խմբերը նախապատրաստում են մայիսին իրականացվող «Մշակութային Շուշի», «Հանրապետության օրեր», «Ցտեսություն» ուսումնական նախագծերը, ամառային ստուգատեսները, արցախյան «Ասպետ» ճամբարի, միջազգային «Հանդուրժողականության ակունքներ» ճամբարի, Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբարի մասնակցությունը։

12. Աջակցություն հեղինակային կրթական ծրագրերի մշակող, իրականացնող և տարածող կրթահամալիրի պահպանությանը

Սահմանված աշխատակարգով գործել են կրթահամալիրի կրթական ծրագրերի կենտրոնը, գնահատման ծառայությունը, մեդիագրադարանը։ «Դպիր» ամսագիրը նորացվել է. հրապարակվել է 3 համար (68 էջ)։ Գրադարանը սպասարկել է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական ուսումնական նախագծերին, մասնակցել դրանց համապատասխան ուսումնական փաթեթների ստեղծումով։ Մեդիագրադարանում հրապարակվել են կրթահամալիրում թվայնացված 29 գիրք (այդ թվում` 11 դասագիրք), ստեղծված մոտ 100 ուսումնական այլ նյութեր` այդ թվում աուդիո, տեսանյութեր, մոտ 50 ուսումնական փաթեթ (մեդիադարակ), համացանցից 310 ուսումնական նյութի (այդ թվում` ուսումնական ձեռնարկ) հղումներ։ «Գանձասար» ճամբարում կրթահամալիրի գրադարանի աշխատողները սովորողների հետ` որպես ուսումնական նախագիծ, սկսել են իրականացնել Գանձասարի գրադարանի վերականգնման աշխատանքը` առկա գրքերի դասակարգում, հաշվառում, կնքում, պիտակավորում, գրացուցակ և հաշվառման մատյան։

Mskh.m-ը հաշվետու շրջանում մշտապես եղել է հայաստանյան կրթական հաստատությունների կայքերի առաջատարը, գործել են 15 ենթակայքերը` իրենց դպրոցական ռադիոներով, սովորողների, դասավանդողների, դասարանների և խմբերի բլոգները, TV Mskh-ը։ Սովորողները` սկսած 5-րդ դասարանից սկսում են ստեղծել իրենց TV ալիքները։  

13. Աջակցություն կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական հեղինակային կրթության ծրագրին

Ծրագրի 2-5 տարեկանների 9 խմբում սովորում է 213 սան։ Ծրագրի «Պարտեզ» կայքում հրապարակվում են ծրագրի մշակման աշխատանքները, իրականացման արդյունքները (հաշվետու շրջանում` 1100 էջ)։ Ուսումնական անիմացիոն լաբորատորիայի ստեղծման աշխատանքն ընթացքի մեջ է. մայիսյան հավաքին կներկայացվեն լաբորատորիայի ծրագիրը և աշխատակարգը։

 

 

AttachmentSize
PDF icon champord1-3.pdf134.3 KB
PDF icon hyur_1-3.pdf792.93 KB
PDF icon zlm-1-3.pdf241.94 KB
PDF icon artagna_1-3.pdf483.75 KB