• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում «Cambridge University Press»-ի ներկայացուցիչների հետ

Այսօր՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն, «Անի» հյուրանոցի «Գառնի» սրահում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Cambridge University Press»-ի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին հայաստանյան տարբեր ուսումնական կենտրոնների, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, ինչպես նաև՝ մի շարք հրատարակչությունների և գրախանութների ներկայացուցիչներ: Վերոնշյալ քննարկմանը մասնակցում էր նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ներկայացուցիչը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում «Cambridge University Press»-ի մտավոր սեփականության իրավունքների և օրինական շահերի ներկայացուցիչ Նարինե Մկտրչյանը և ՀՀ-ում «Cambridge University Press»-ի բացառիկ դիստրիբյուտոր «Մանմար» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Միհրան Բարսեղյանը: Ելույթ ունեցավ Թվինինգ ծրագրի համակարգող, փորձագետ Յանե Վելենդորֆը, ով խոսեց Թվինինգ ծրագրի շրջանակներում մտավոր սեփականության իրավունքի խնդիրների, կատարված և սպասվելիք փոփոխությունների մասին: Ելույթ ունեցան նաև Մտավոր սեփականության գործակալության, ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության ներկայացուցիչները:

Տեղի ունեցավ բուռն քննարկում, մտքերի փոխանակում: Կլոր սեղանի մասնակիցները տեղեկացան, որ նման քննարկումները պարբերական բնույթ են կրելու, որոնց ժամանակ հնարավոր կլինի համագործակցություն հաստատել «Cambridge University Press»-ի և հայաստանյան տարբեր ուսումնական հաստատությունների միջև:

Ինքս պատրաստ եմ հետագայում նույնպես մասնակցել «Cambridge University Press»-ի կողմից կազմակերպված քննարկումներին, և, հնարավորթյան դեպքում, համագործակցության եզրեր գտնել այդ առաջատար հրատարակչության և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջև:

Հարգանքով՝

Արմեն Մարտիրոսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ: