• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տաք աշուն, գեղեցիկ գույներ ու դատա՞րկ այգիներ

Այսօր տիար Բլեյանն ինձ ու Արմինե Թոփչյանին իր մոտ կանչեց մի հետաքրքիր հարցի շուրջ մտորելու ու դրա դեմ ինչ-որ քայլեր ձեռք առնելու նպատակով: Նոյեմբերյան առավոտներն ու երեկոյան զբոսանքները նրան անհանգստացրել էին, քանի որ մեր քաղաքի այգիներում զբոսնող մարդիկ պակասել են. չկան սիրահար զույգեր, չկան մանկասայլակով երեխայի հետ մաքուր օդում շրջելու դուրս եկած ընտանիքներ: Առավոտյան մարզվողներ, վազողներ չկան: Տիարն առաջարկեց ծրագրեր իրականացնել  մեր քաղաքի այգիներում, պարզել, թե որն է նման պասիվության պատճառը, հասարակության ուշադրությունը սևեռել մեր գեղեցիկ այգիների վրա, որ դրանք տեղին օգտագործվեն: 

Մեր ակումբն էլ որոշեց արձագանքել այս առաջարկին ու բացօթյա գործնական դաս անցկացնել մեր կրթահամալիրի հարևանությամբ գտնվող մի այգում՝ սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ:

Այս նախաձեռնությունը բաց է, կոչ ենք անում բոլոր սեբաստացիներին միանալ ու հասկանալ, թե խնդիրը որն է: Նախագծեր իրականացրեք այգիներում, շրջեք այնտեղ ու նաև այդ կերպ վայելեք աշունը: 

Ստորև ներկայացնում եմ, թե ինչպիսին էին սովորողների տպավորություններն ու նրանց ֆոտոխցիկի ֆիքսած կադրերը:

 

                         Այս այգին լիքը չէր, բայց լրիվ դատարկ էլ չէր

Այսօր մենք լրագրության խմբով գնացել էինք Եկեղեցու մոտի այգին:  Այնտեղ այնքան էլ շատ մարդ չկար այդ ժամին. գնացել էինք լրագրության ժամին՝ ցերեկը ժամը երկուսի մոտ:

Նպատակ ունեինք պարզելու, թե այս տաք նոյեմբերին այգիներն ինչու են դատարկ: Մենք մի քանի հոգու հետ զրուցեցինք, նրանց կարծիքներն իմացանք: Այնտեղ մի տատիկ կար, որը արևածաղիկ էր վաճարում, երբ մենք նրան մոտեցանք ֆոտոխցիկով, նա չցանկացավ պատասխանել մեր հարցերին:

Մենք պարզեցինք, որ մեր գնացած այգին այնքան էլ դատարկ չի լինում: Այս այգի են գալիս տարբեր տարիքի մարդիկ: Այգում շատ մարդիկ են լինում հատկապես ցերեկը: Մի պապիկ ասաց, որ «Դե, երեկոյան ցուրտ է, տանը նստել է լինում, դրա համար էլ դուրս չեն գալիս: Իսկ երեկոյան այգի գնում են հիմնականում ամռանը»: Այդ պապիկը  տանից մի փոքրիկ գորգիկ էր բերել, որի վրա իր ընկերոջ հետ նստած էր: 

Քնարիկ Մկրտչյան

info.mskh ակումբ

 

                                 Նոր ծրագիր՝ այգում

Imfo.mskh-ը այսօր սկսեց նոր ծրագիր, որով ուզում ենք իմանալ, թե մեր քաղաքի որ այգիներում են ավելի շատ զբոսնում, որ տարիքի մարդիկ և օրվա որ ժամերին: Մենք ուզում ենք նաև իմանալ՝ մարդիկ այս տաք նոյեմբերին ինչու այգիներ չեն գնում:

Այսօր մենք գնացինք սուրբ Երորդություն եկեղեցու այգի և փորձեցինք ստանալ պատասխաններ մեզ հետաքրքրող հարցերին: Այգում այնքան էլ շատ մարդ չկար. հիմնականում ծնողներ էին, տատիկներ, պապիկներ իրենց փոքրիկների կամ թոռների հետ: Մի երիտասարդ հայրիկ փոքրիկ որդուն մաքուր օդում զբոսանքի էր բերել մանկասայլակով, ու երբ մոտեցանք, նա թեյ էր խմացնում: Ասաց, որ իրենք ամեն օր ցերեկը այգի են գալիս, երեկոները չեն գալիս, քանի որ աշխատում է: Նրա կարծիքով այս այգին մարդաշատ է, քանի որ ծնողները երեխաներին կարող են սղարանների ու մարզասարքերի մոտ բերել,  «թե չէ այս այգում ծառերը դեռ քիչ են, ի տարբերություն ոչ հեռու գտնվող մեկ այլ այգուց, որտեղ Վահան Տերյանի արձանն է տեղադրված»:

Մենք դեռ էլի ենք շրջելու այգիներում: Ու էլի կպատմենք, թե ուրիշ տեղերում ինչպիսի ակտիվություն է տիրում:

Գոհար Սահակյան

info.mskh ակումբ 

 

                              Գուցե՞ ծառերն են քիչ

 

Լրագրության դասին մենք գնացինք սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ գտնվող այգին։ Խոսելով  այնտեղ զբոսնող մարդկանց հետ` պարզեցինք, որ  այդ այգին շատ ակտիվ է։ Ճիշտն ասած այդ պահին այգում այնքան էլ շատ մարդ չկար, բայց բոլորն ասում էին, որ այգում միշտ մարդ կա, ու անգամ այս նոյեմբերյան օրերին զբոսնողները շատ են լինում: Բոլորն էլ ասում էին, որ հիմնականում այգի գալիս են ամռանը, իհարկե, ըստ նրանց ասածի  աշնանը նույնպես շատ են, բայց ամռանը, անվիճելիորեն, շատ են հաճախումները։

Մեր զրուցակիցների խոսքերով` այգում զբոսնելու գնում են տարբեր տարիքի մարդիկ` թե՜ երիտասարդ, թե՜ դեռահաս, թե՜ տարիքով։

Մենք չզլացանք և նաև հարցրինք նրանց կարծիքը, թե ինչու է այգին ամռանն ավելի ակտիվ: Հիմնականում բոլորն էլ նույն բանը պատասխանեցին. «Այգում ամռանը հաճախումները շատ են, քանի որ ամռանը տանը մնալը այնքան էլ հաճելի չէ, որովհետև տոթ է, իսկ այգում  համեմատաբար հով է»։ Մի մարդ էլ ասաց, որ եթե այգում ծառերը շատ լինեին, մարդիկ ավելի հաճույքով կգնային զբոսնելու։

Արփինե Նազարեթյան

info.mskh ակումբ