• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավարտվեցին ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Կրթության ազգային ինստիտուտում ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներն իրականացնում են  իրենց գործն իմացող ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդիկ: Օտար լեզուների բաժնի վարիչ Անուշ Խաչիկյանը և իր գործընկերներն այս դասընթացին էլ ավելի պատասխանատվությամբ ու եռանդով արեցին իրենց գործը, քանի որ շատ բանիմաց և լուրջ ուսուցչական խումբ էր հավաքվել: Կառուցողական մանկավարժության մեթոդներն էին ներկայացվում և ամենահետաքրքիրն այն էր, որ ես կարողանում էի շատ հարցերում հպարտորեն ասել, որ հենց այդ մեթոդներով աշխատելն է խրախուսվում մեր կրթահամալիրում ու բերում էի կոնկրետ օրինակներ: Իսկ երբ խոսվեց ուսումնական նախագծերի կազմակերպման մասին որպես նորություն, ես պատմեցի, որ մեր կրթահամալիրում արդեն մի քանի տարի է, ինչ տարբեր առարկաների դասավանդողներ տարբեր ուսումնական նախագծեր են ղեկավարում: Ցույց տվեցի իմ խորացված ուսուցման դասարանի արդեն արված աշխատանքը` <<Մեկ հեղինակ, մեկ բանաստեղծություն>> անգլիական, ամերիկյան և հնդկական բանաստեղծների բանաստեղծությունների գիրքը սովորողների թարգմանությամբ և հիմա արվող պատկերազարդ բառարանի նախագիծը: Մի առանձին ներկայացմամբ ցույց տվեցի, թե ինչ ուուցչական հնարներ ենք գործածում մեր կրթահամալիրում ՏՀՏ միջոցներով սովորողների լսելու, խոսելու ընթերցելու և գրելու կարողությունները զարգացնելու համար: Ներկայացրեցի բանավոր քննարկումների համար իմ գրած տեքստերը:Խմբում ուսուցիչներ կային Երևանի տարբեր ավագ դպրոցներից, ինչպես նաև` Գյումրիից և Գորիսից:Ինձ համար մի քիչ անակնկալ էր նրանց անսովոր գերհետաքրքրությունը իմ ներկայացրած մտքերի  և մեր կրթահամալիրի մասին տեղեկատվության հանդեպ:Մեր կրթահամալիրի դասավանդողները այնքան սեմինարների են մասնակցել վերջին տարիներին, այնքան են լսել տարբեր սեմինարավարների և հատկապես Աշոտ Բլեյանի մտքերը, որ թվում է գերհագեցած են ամեն ինչով և կարող են ամենահանճարեղ մտքին շատ անտարբեր վերաբերվել:Այդ դասընթացի ընթացքում տեսնել էր պետք այլ դպրոցների ուսուցիչների մի լավ մտքի, մի լավ կառուցված խոսքի, մեր սովորական դարձած գործերի մասին լսելու անհագ ծարավը ու անկեղծ հետաքրքրությունը: Որքան լավ ուսուցիչներ կան ամենուր:Ուրախ եմ, որ հանդիպեցի լավ ուսուցիչների, ովքեր այդքան բանիմաց են ու այդքան ուզում են նոր բան սովորել: