• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասարան հեծանիվի վրա… ահա ինչպես են գիրք բաժանում շրջանավարտները

 

Երբ հասավ գիրք բաժանելու մեր հերթը, հասկացանք, որ անիվները բավական չեն, մեզ հեծանիվ է հարկավոր: Լիքը գրքեր, առաջադրանքներ, դպրոցի մասին պատմող թռուցիկներ, տիկին Մարիի խորհուրդներ, գրադարանը ներկայացնող Զառա, դպրոցը գովազդող երկու շրջանավարտ՝ ես և Լիանան, Նոր դպրոցը ներկայացնող Նարեկ… ահա ինչպես կարող եմ նկարագրել այս օրը:
 Այս անգամ որոշեցինք գնալ Էրեբունի համայնքում գտնվող «Վարդավառի» այգի, որտեղ կային լիքը փոքրիներ, պատանիներ, ժպտերես ու հետաքրքրասեր մայրիկներ: Սիրով բաժանեցինք գրքերը, ներկայացրինք առաջադրանքները կատարելու կանոնները, պատմեցինք մեր դպրոցի մասին: Երեխաները ուրախանում էին, երբ իմանում էին հաղթողներին սպասվող ճամփորդության մասին, իսկ մայրիկներն ուրախանում էին, որ ամռանը երեխաները հետաքրքիր զբաղմունք կունենան: Շատերին հետաքրքրեց մեր դպրոցը, իսկ մենք նրանց հրավիրեցինք մեր դպրոց այն տեսնելու, ինչպես նաև գրադարանի լայն հնարավորություններից օգտվելու. Զառան առիթը բաց չթողեց էլեկտրոնային գրադարանը մի լավ ներկայացնելու համար:
Երբեք չէի պատկերացնի, որ այսքան հաճելի է գիրք բաժանելն ու մի հետաքրքրություն երեխաների կյանքում ավելացնելը: Նույնիսկ մի քանի անգամ միացանք տարբեր պատանիների խմբերի, որոնց հետ զրուցեցինք իրենց հետաքրքրություններից, որոնք ինչ-որ չափով հնարավոր է բավարարել մեր կրթահամլիրում. հուսանք՝ կգան ու ամեն ինչ կտեսնեն իրենց աչքերով:
Գեղեցիկ լիճ, սառը քամի, վազող փոքրիկներ, ճոճոնակներ… ինչքան լավ տեղ էինք ընտրել, այդքան լավ գործ կատարելու համար:
Երեխաները մեզ էին մոտենում հարցական հայցքներով, վերցնում գրքերն ու հեռանում անսովոր փայլ իրենց աչքերում: Ուրախ ենք, որ կարողացանք մի քանի ժպիտ էլ ավելացնել:
Մեր հեծանիվը նարնջագույն էր, մեր նպատակը՝ բարի, իսկ արդյունքը՝ դրական: