• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Կարդացեք «Դպիր»-ի Դիջիթեքյան 51-րդ համարում

Կրթահամալիրի կրտսեր դպրոցի հետևողական զարգացման-ծավալման` մսուրային-մանկապարտեզային, նախապատրաստական ուսուցման խմբերի, ստեղծողի դպրոցի ու նրա արդիական միջավայր մեդիայի ու թվային գործիքների, նոր տեխնոլոգիաների համապարփակ ու նպատակային կիրառման, խելամիտ սերնդափոխության արդյունքում մեր հավաքանին` կրթահամալիրի աշխատախումբը («կոլեկտիվ» բառը միշտ չեմ սիրել, խուսափել ու խուսափում եմ գործածելուց) շարունակում է երիտասարդանալ, չի ծերանում: 2011թ. կրթահամալիրի տասներկու ուսուցիչ-մայրիկները` իրենց   զավակների ծնունդով, տասներկու «ինձի-ձեզի մեծ ավետիս»-ի ձևով, պատճառա-հետևանքային կապի մեջ են իմ նշած ջահելացման հետ: 2012-ին ծնունդների քանակը չի պակասի, պիտի ուրախանանք, պիտի նպաստավոր աշխատանքային միջավայր ստեղծենք երիտասարդ մայրերի և հայրերի համար: Ընդգրկուն թեմա է.  ես կմնամ Հանրակրթական Դիջիթեքի շրջանակում:

Ուսուցչուհի մայրիկն արձակուրդի իրավունք ունի, և շատերն օգտվում են երեք տարվա իրենց արձակուրդից: Նախկինում, մինչև ինտերնետը, մինչ մեր mskh.am-ը, մեդիամիջավայրի ու մեդիա-հաղորդակցության հաստատումը, աշխատողը երկու կամ երեք տարով մեկուսանում-կտրվում էր իր հավաքանուց, կրթական գործից: 2011-ին, հիմա, անհաղորդության պատի փլուզման, բլոկադայի ճեղքման ականատեսն ու մասնակիցը դարձանք: Ուռա~: Մեդիայի շնորհիվ յուրաքանչյուր ծնունդի (սուրբ է ծնունդը) բերած ուրախությունը, դարձավ յուրաքանչյուրինս, յուրաքանչյուր մայրիկ-աշխատող մեր մեդիայում պատմում-ներկայացնում է իր Ստեղծական աշխատանքը, իր Ստեղծագործությունը: Արմինե Թոփչյանի` բոլոր ռեկորդները խփած ֆիլմերը ահա այսպիսի պատումներից-խրոնիկայից են ծնվել: Կեցցես, Արմինե ջան, այնքան սիրով-խելքով-շնորհքով ես ստեղծել ֆիլմը, որ սերիալի կյանք  է ունենում: Հաստատվեց հաղորդակցություն մայրիկ-աշխատողի և նրա երեխա-սովորողի ապագա հասատատության հավաքանու միջև: Կրթահամալիրի սովորողները, սկսած նախակրթարանից, սկսում են արձագանքել, շնորհավորել, մայրացած  իրենց ուսուցչին, դաստիարակին: Տեսեք` ինչ սիրով-շնորհքով է արձագանքում Նոր Դպրոցի 4-րդ դասարանցի Արփի Սահակյանը: Ազնվացավ Դիջիթեքն Արփիի այս ֆլեշ-բացիկներով: Մեր կայքում նոր էջ առաջացավ` «Մայրիկի օրագիր»:Կդառնա այն ենթակայք, և իհարկե, ամենակարդացվողը:

Քաղաքացու կրթությունը (16-17-18 տարեկան սովորողը, շրջանավարտը անսեռ չէ` կին է կամ տղամարդ) անպայման նաև հայրության և մայրության ուսուցում է, ընտանեկան, ամուսնության արժեքների և կարողությունների-հմտությունների փոխանցում: «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» ծրագրի չափորոշչի, սրանից բխող ուսումնական պլանների, դասընթացների մշակման այս փուլում սա արձանագրենք:

Առցանց կրթություն ֆիզարձակուրդում գտնվող մեր երեսունից ավելի ուսուցիչների համար (սա Չափորոշչի պահանջ կդառնա. վերադառնալու են, չէ՞, շարունակելու են աշխատանքը, ուրեմն չեն կարող ընդհատել կրթությունը). և մեդիային ասենք` ուռա~: Ինչպիսի գրավիչ ու հարմար միջավայր մայրության ընթացքում աշխատանքային վիճակը պահելու համար: Իսկ ի՞նչ անի ուսուցիչ-մայրիկը, երբ սոցիալական նպաստը և ընտանեկան բյուջեն անբավարար են մայրության պատշաճ կենցաղի համար: Պիտի աշխատի, վաստակի, որքան էլ մայրությունը լրիվ ծավալով ու որակյալ աշխատանք է: Լիլիթ Բլեյանը, ով բարձր որակի լրագրող է, ո´նց է պահում իր Սոնուլիկին. իսկական-անընդհատ, ստեղծագործական աշխատանք… ու տեսեք` Ա1 պլյուսի ինտերնետ TV-ի հեղինակային հաղորդաշար է վարում, իր կատարումով հեղինակային երգերի ձայներիզ է հրապարակում, ամուսնուն օգնում է մեդիա-տեղեկատվական աշխատանքներում: Սարգսյան Մարգարիտը, գտնվելով ֆիզարձակուրդում,  երեխայի ծնունդի 3-րդ ամսից մեդիաօլիմպիադայի և «Դպիրի» պատվերներն էր կատարում և ստեղծագործական-մանկավարժական առցանց աշխատանքի լավ օրինակ տվեց: Սրա արդյունքն է և երեխայի 2-րդ տարում «Լուսաստղի» ծնունդը. Մարգարիտը, շնորհիվ մեդիայի, չկտրվեց կրթական գործից: Լուսինե Ալեքսանյանն իր կրակի կտոր Օլգայի ծննդյան ամսից էլ մայրիկի իր գործը  շատ արդյունավետ համատեղում է սովորողների սոցիոլոգիական հետազոտությունների ղեկավարման և կրթահամալիրում իրականացվող ներառական ուսուցման ծրագրի համակարգման հետ....

Ես` որպես գործատու, պատրաստ եմ ուսուցիչ-մայրիկի աշխատանքն արձակուրդում ինչ-որ ժամանակից սկսած դարձնելու անընդհատ: Մենք պարտավոր ենք աշխատելու նոր հնարավորություն առաջարկել կրթահամալիրի ուսուցչին` նոր պայմաններին համապատասխան:

Վստահ եմ` հաջորդ Դիջիթեքում կկրճատվի անջրպետը ֆիզարձակուրդում գտնվողների և առայժմ չգտնվողների միջև: