• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցը մայիսի 31-ին

Նկարագրություն: 
Այս օրերին Տիար Բլեյանը ավելի ու ավելի շատ է գործածում «հավես» բառը: Այն ինչն անում ես, հավեսով պետք է անես, որ ապրած օրդ էլ հավեսով ապրես, այլ ոչ թե մի կերպ քարշ տալով ու սպասելով, թե երբ է վերջանալու այն: Հիմա հանրապետության բոլոր դպրոցները կենտրոնացած են միայն 9-րդցիների և 12-րդցիների ավարտական ու միասնական քննությունների անցկացման վրա: Դպրոցն այլևս գործ չունի տասնյակ հազարավոր դպրոցահասակ երեխաների հետ մինչև օգոստոսի 31-ը. ինչով ուզում են թող զբաղվեն, ուր ուզում են թող գնան, մենք մեր գործն արել ենք. ուսպլանով նախատեսված համապատասխան առարկաների համապատասխան դասագրքերի դասերը սերտված են, ստուգողականները գրված ու քառորդներն էլ դպրոցների դռների հետ միասին փակված: Այլ է մեր կրթահամալիրը: Մենք էլ ենք փակել մեր քառորդները, բայց ավելի լայն են բացվել մեր առանց այդ էլ ամեն օր բաց դռները: Մեր մոտ սկսվում է ուսումնական ամառը իր ռազմամարզական ճամբարներով, ուսումնական ճամփորդություններով, հեծանվավազքով, լողուսուցմամբ, կլոր սեղան քննարկումներով, միջազգային կրթական փոխանակումներով և այս ամենի մեջ ամենակարևորը ներքին ձգտումն է, սիրած զբաղմունքով զբաղված լինելն է ու այսօրը լիարժեք ապրելը: Հենց դա է այդ "հավես" ասվածը: Ֆոտոխցիկը ձեռքիս ես այսօր շատ սովորողների ու դասավանդողների աչքերում տեսա այն: Նայեք առաջին լուսանկարին՝ մեր պարուսույց Ստեփան Թորոյանը և ապագա պարուհի Ջուլի Սիմոնյանը ռազմամարզական խաղերի մեկնարկից առաջ: Շարժումը, ռիթմը նրանց տարերքն է և նրանք վստահ են, որ իրենց թիմը հաղթելու է: Երկրորդ լուսանկարում իր տարերքի մեջ է Նունե Մովսիսյանը. կարդում է, թարգմանում, ընտրություն կատարում, խմբագրում: Նա համակարգում է այս տարվա թարգմանչական ստուգատեսը: Նունեի հետ այդ պահին աշխատում էր 8-րդ դասարանցի Տաթևիկ Ալեքսանյանը: Հաջորդ լուսանկարումԹամար Ղահրամանյանն է իր ջոկատի հետ ինչ-որ գրական երկ քննարկում: Գրական երկ քննարկելն էլ մեր մայրենի դասավանդողների տարերքն է: Թե ամառվա տապին, թե ձմեռվա բուք ու սառնամանիքին գրական երկերի ամենաակտիվ քննարկողին՝ Հասմիկ Ղազարյանին, դասասենյակներից մեկում չգտա այսօր: Նա իր ջոկատով այդ պահին Ավագ դպրոցի տարածքն էր մաքրում, իսկ ժամը 13-ին նախատեսված էր նրանց այցելությունը Կոմիտասի անվան նորաբաց թանգարան: Ամենաբազմամարդը (52 սովորող և 5 դասավանդող) Վահրամ Թոքմաջյանի կաբինետն էր այսօր: Վահրամն էլ իր տարերքի մեջ է: Նա "Բռեյն ռինգ" է անցկացնում միջին դպրոցի սովորողների հետ: Պետք է հիշեցնեմ, որ անցյալ տարի Վահրամի ղեկավարած "Ապոլոն" թիմը նմանատիպ մրցույթում (թեման՝ հայոց պատմություն) հանրապետությունում առաջին տեղը գրավեց: Այդ խաղը հիմնականում տրամաբանական մտածողություն է պահանջում, և այդ պատճառով է, որ Միջին դպրոցի բնագիտական առարկաներ դասավանդողներ Սուսաննա Սահակյանը, Գայանե Մխիթարյանը և պատմություն դասավանդող Աշոտ Տիգրանյանը ներկա են այս խաղին և անկեղծորեն ուրախանում են յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար: Իսկ Ավագ դպրոցի մաթեմատիկայի դասավանդողներ Արամ Մկրտչյանն ու Արման Երանոսյանն էլ մի փոքր պատկերացում են կազմում իրենց ապագա սովորողների մտածելու կարողությունների մասին: Այս տարի ամառային ճամբարի նորություն են աշխատանքային ջոկատները: Խորեն Հազարումյանի աշխատանքային ջոկատը աշխատում էր գյուղացիական տնտեսությունում: Նրանք օգնում էին ուժեղ քամուց փլատակների վերածված մեր ջերմոցի վերականգման աշխատանքներին: Ուրախ էի, որ աշխատող տղաների մեջ ճանաչեցի Վահե Միրզոյանին: Վերջապես Վահեն մի գործ է անում: Եկեք չխանգարենք նրան: Հավատանք, որ Վահեն էլ մի օր կգտնի իր նախընտրած գործունեությունը: