• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դրա օգուտը չեմ տեսնում․ Բլեյանը՝ ուսուցչի վարքականոնի մասին

Համացանցում արդեն մի քանի օր է քննարկվում է, որ  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է ուսուցչի վարքի կանոններ, որոնք առայժմ նախագծի մակարդակում են: Բավական ծավալուն այս փաստաթղթի նպատակն է մասնավորապես «սահմանել ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները, նպաստել կրթական գործընթացներում երեխաների իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, կարգավորել ուսուցչի հարաբերությունները սովորողների, ծնողական համայնքի, մանկավարժական համակազմի հետ, նպաստել ուսուցիչների մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատիվը բարձր պահելուն»:   «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն Armdaily.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագծին ծանոթ չէ։ «Նմանատիպ փորձեր նախկինում էլ են եղել, բայց չգիտեմ ՝ հետո ինչու են հրաժարվել։ Այդ հիմնավորման անհարժեշտությունը չեմ տեսել։ Եթե փաստաթուղթ լինի, այդ ժամանակ կհասկանանք ինչի մասին է խոսքը։ Բայց լավ կլինի, որ նման բաներ անեն մանկավարժական ընկերակցությունները։ 30հազարից ավելի ուսուցիչներ ունենք և նրանք պետք է տարբեր նախաձեռնությունների, ավագանիներիի, ՀԿ-ների մեջ լինեին, որոնք մանկավարժական գործունեությամբ են զբաղված։ Եվ այդպիսի նախագիծ պետք է գար ոչ թե նախարարությունից, այլ բուն ուսուցչական ավագանիից»,-նշեց նա։  Բլեյանի խոսքով՝  Հանրակրթության մասին օրենքում ամեն ինչ սահմանված է՝ ինչպիսին պետք է լինի ուսուցիչը, ինչ պետք է անի, ինչպես իրեն դրսևորի։ «Այսինքն առանց օրենք մտնելու չեն կարող մարդուն   վարքի կանոններ պարտադրել։ Դրա համար եմ ասում, եթե նախարարությունը մտադիր է օրենքում փոփոխություններ կատարել, ապա ուրիշ բան։ Իսկ եթե ուզում են նոր կոչ ստեղծել, ավելի լավ է հենց ուսուցիչների կողմից դա լինի։ Իսկ ընդհանրապես, այս փուլում, երբ ուսուցիչների վիճակը չեն լավացնում, նկատի ունեմ աշխատավարձը չեն բարձրացնում,  պայմանները չեն բարելավում, պետք է նման փաստաթուղթ ստեղծելուց փուսափեն։ Պետք է ստեղծվեն ուսուցչական ընկերակցություններ, որպեսզի բարոյական այդպիսի     կոչեր հենց նրանք անեն։Թե չէ դրա օգուտը չեմ տեսնում։ Եվ քանի որ հիմա ծանոթ չեմ այդ նախագծին, ավելին ասելու իմաստ չկա։ Ուզում են անեն, թող անեն»,-հավելեց նա։

Դուսյա Ղազարյան

Նյութի աղբյուրը։