Նկարագրություն:
Ճերմակ Արագածի հմայքն ուրիշ է: Դրանում համոզվեցինք այսօր, երբ Արևմտյան դպրոցի խիզախ ճամփորդներով արշավեցինք 10-րդ դարի հայ ճարտարապետության գլուխգործոց, անառիկ Ամբերդ և Արագածի «արցունքներից գոյացած» Քարե լիճ: Որքան բարձրանում էինք, եղանակն այնքան պարզում էր: Չնայած Ամբերդում եղանակը Երևանից շատ քիչ էր տարբերվում՝ նույն թուխպ երկինքը ու ծանրացած մոխրագույնը՝ գլխավերևում: Ամբերդը միշտ հպարտ է, անառիկ կեցվածքով, անկախ եղանակային անոմալիաներից: Վահրամաշեն կամ Աստվածածին եկեղեցին, կառուցված Վահրամ Պահլավունու կողմից, խոնավ ու մարդակարոտ ողջույնի էր կանգնել: Աղոթեցինք, երգեցինք ու գնացինք Ամբերդ ամրոցն ի վեր: Վերևից ողջ գեղեցկությունն է աշնան ու ամրոցի բարձրության: Օրվա վերջնակետը Արագածի փեշերին քարե ալիքների տիրուհին էր՝ Քարե լիճը: Ճանապարհը ամպերի միջով էր կարծես: Խիտ մառախուղը տեսանելիությունը պարզապես թողել էր մեր երևակայությանը: Բայց հավատացեք, անգամ ամենավառ երևակայությունը չէր կարող պատկերել- պատկերացնել այն տեսարանը, երբ պարգև ստացանք ամպերից ազատագրվելով՝ արև ու ճերմակ լեռներ: Վայելքի, հիացմունքի, զարմանքի, հիացական ձայնարկությունների մի ողջ բույլ: Ձնախաղ ու ձնագնդի ու ջիջիլ երևանցիներին՝ առաջին ձյունը մենք էլ տեսանք: Իսկ Արագածը աննկարագրելի ուրիշ էր այն Արագածից, որին սեպտեմբերին էի տեսել: Նորահարսի պես քող էր առել սպիտակ, ու կրկնակի վեհացել իր ճերմակ չքնաղությամբ: