• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ստեղծագործական Հայաստան-2017». Հայաստանն ունի փրկության երեք ուղի՝ կրթվել, կրթվել, կրթվել (Դ գլուխ)

«Ստեղծագործական Հայաստան» նախագիծն այսօր խոսում է, թերևս ամենաարժեքավորի՝ կրթության և գիտության մասին: 

Ժամանակակից հասարակությունն արդեն փակում է արդյունաբերական կոչված ժամանակի դուռը, ուր առաջնային էին համարվում բնական, ֆինանսական և նյութական ակտիվները: Այսօր արդեն բացառված են համարում այն երկրները, ուր չկա կրթությունն ու գիտությունն առաջին պլան մղելու բավարար գիտակցություն, ուժ և կամք: Ծերացող, հոսող Հայաստանն  օր առաջ պետք է ստեղծի մրցունակ  գիտակրթական կապիտալ, վերապրոֆիլավորի մասնագիտական հին բանկերը, կրթական շուկան կողմնորոշի նորագույն մասնագիտացումների ուղղությամբ, հակառակ դեպքում՝ գործազրկության նոր ալիքը վերջնականապես կուտի երկիրը: Այսօր  «Ստեղծագործական Հայաստան» հարթակում դուք կհաղորդակցվեք ոլորտի հեղինակավոր գործիչների հետ. մեր մեդիապլատֆորմի հարթակում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, ում առանց վարանելու կարելի է համարել մեր կրթական գուրուներից մեկը, հանրային հայտնի  գործիչ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և Localz զբոսաշրջային ստարտափի համահեղինակ և հիմնադիր ղեկավար Արտավազդ Սոխիկյանը: 

1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը (արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):

Աշոտ Բլեյան - Ես ո՛չ կառավարման-կրթության փորձագետ եմ, ո՛չ վերադաս պաշտոնյա։ Գնահատելը, առավել ևս ոլորտում տարվող պետական քաղաքականության արդյունավետության որոշումը որևէ բալանոց համակարգով, իմը չէ։ Դրանից իմ գիտակից կյանքում ես հետևողական խուսափել եմ։ Իմը խրախուսելն է, հասարակական առաջընթացին նպաստող որևէ գործողությունը, առաջացած հնարավորության բացահայտումը, դրա լիարժեք օգտագործման ճանապարհը բացելը՝ միշտ, որպես կանոն, առջևից գնալով, ուղի հարթելով։ Հատկապես որ, որպես պետական քաղաքականություն բացակայում է հանրային ջանքերի-նախագծումների-լուծումների-ծրագրերի հերոսիկրթությունը՝ իր ազատ ընտրությամբ, որի գլխավոր մեթոդը ինքնակրթություն-ինքնուսուցումն է, դրա համար հարկավոր գործիքների յուրացում-կիրառումը՝ իր, իր ընտանիքի, մերձավորի, իր պատասխանատվության-ազդեցության շրջանակում գտնվող համայնքի կյանքի խնդիրների-նախագծերի լուծում... Ցավոք։ Այս տեսանկյունից դուք գնահատեք, քանի բալանոց համակարգով ուզում եք, կրթահամալիրում մեր արածը, ուսումնական մեր նախագծերը, որ մեզ՝ մեր ուսուցչին ու սովորողին, մեր շրջապատը փոխում են հաստատ։

Հրանուշ Խառատյան - Իմ մասնագիտական ոլորտը գիտությունը և կրթությունն է: Պետական քաղաքականությունն այդ ոլորտում հանգում է, կարծում եմ, շրջանակների նեղացման, ֆինանսական հատկացումների կրճատման, և որակի նկատմամբ բացահայտ անտարբերության: Հաճախակի «բարեփոխությունները» փոփոխությունների նկատմամբ շատ զգայուն կրթական ոլորտը դարձրել են անորոշ, տարտամ: Այս ոլորտում ցանկացած փոփոխություն որակական դրական արդյունք տալու համար տևական ժամանակ  են պահանջում, իսկ բացասական հետևանքները շատ շուտ են արտահայտվում: Նույնիսկ մեկ նոր լավ դասագիրքը փորձարկելն է տարիներ պահանջում՝ ինչպես կմատուցվի,  ինչպես կընկալվի, որ թեման ընկալման դյուրության ինչ խնդիրներ ունի, ինչպես է ընկալում և մատուցում ուսուցիչը, ինչպես՝ աշակերտը/ուսանողը/, որ մասն է որպես գիտելիք յուրացվում... Սրանք բոլորը հետագա քննարկումների, վերափոխումների, փորձարկումների խնդիրներ են:  Իսկ վատ դասագիրքն անմիջապես է ազդում: Ես չեմ հիշում, որ որևէ լուրջ քննարկում եղած լինի դասագրքերի  նյութերի ընկալումների շուրջ: Մինչդեռ թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները բողոքում են դասագրքերի անհետաքրքիր և հաճախ անհասկանալի շարադրանքներից: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ ուսուցիչն էլ չի հասկանում դասագրքի նյութը և կոնկրետ դասագրքի նպատակը՝ ի՞նչ է այն տալիս, կոնկրետ գիտելի՞ք, մտածելու կարողությու՞ն, փնտրելու և գտնելու հմտությու՞ն, մեթո՞դ, այդ բոլորը միասի՞ն:  Որքան ես հասկանում եմ, հռետորական վերամբարձ ձևակերպումներից (մեզ հարկավոր են «համակողմանի զարգացած», «կյանքի հմտություններին տիրապետող», «մտածել իմացող», «ստեղծագործելու կարողություններով» քաղաքացիներ) գործնական քայլերի դժվար ենք անցնում: Այդպես էլ որևէ հստակ հետազոտություն չունենք, թե վերջին տասը տարիներին, օրինակ, առաջադրված նպատակներից որին ինչ չափով ենք հասել, կյանքի ի՞նչ հմտություն է ձեռք բերել աշակերտը/ուսանողը/, ի՞նչ մակարդակի է նրա «համակողմանի զարգացումը», ինչքանո՞վ է «համակողմանի», ի՞նչ է առհասարակ նշանակում «համակողմանի զարգացում»:

Իսկ հաճախակի ռեֆորմները ողջ կրթության ոլորտն անընդհատ պահում են լարվածության մեջ՝ երկաստիճան դպրոց, պայքար ավագ դպրոցի համար, փակվող կրթօջախներ, կրկնվող դասեր, աշակերտների խտացումներ կամ նոսրացումներ, երկու-երեք տարի անց պարզվում է՝ այն լավ մտածված չի եղել, արդյունքը վատն է (իրականում շատ վատն է), հարկավոր է նոր ձև մտածել և այլն: «Նոր ձևը» չի մտածվում, հրահանգավորվում է: 

Ավելի վատն այն է, որ հատկապես կրթական ոլորտում վարվում է կազմակերպիչների և վարչարարների քաղաքական հնազանդության և բացահայտ քաղաքական վերահսկման քաղաքականություն՝ բուհական խորհուրդների նախագահները ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչներ են, ինչը բացարձակապես անհամատեղելի է մարդու մտքի և ստեղծագործական ազատությունն ապահովելու կոչված օջախների համար, եթե նույնիսկ վերահսկող կուսակցական կառույցներն իրենք կրթության քաղաքականությունը ընկալում են հենց այդպիսին: Այդ դեպքում ի՞նչն են նրանք վերահսկում բուհերում՝ մտքի ազատության ապահովման մակարդա՞կը, թե՞ մտքի հնազանդեցման մակարդակը: 

Մտածողության քաղաքական հնազանդեցումը և ենթակայությունը երևակայությունն ու մտածողությունը կաշկանդող ճիշտ նույնպիսի երևույթներ են, ինչպես բռնատիրական հասարակությունում այլախոհության իրավական և փաստական արգելումը: Հատկապես հումանիտար գիտությունների ոլորտում թե՛ կրթությունը, թե՛ գիտական վերլուծության սահմանները դառնում են զգալիորեն «շրջահայաց», բազմիցս կշռադատվում է հնարավոր հետևանքների խնդիրը: Եթե ասելիքս համառոտեմ՝ կարծում եմ, պետական գիտակրթական քաղաքականությունը կարելի է բնորոշել որպես ծախսերը նվազեցնելու, անընդհատ կրճատելու, որակը երկրորդելու, առհասարակ կրթությունը երկրորդելու, անընդհատ և լավ չմտածված փոփոխությունների ու ձախողումների շարք:

Շատ է խոսվում այն մասին, որ գիտության «արտադրանքը» պետք է նպաստի տնտեսական զարգացումներին, ավելի քիչ է խոսվում, որ այն պիտի նպաստի հասարակական զարգացումներին: Բայց այն աշխատանքները, որոնք կարող են նպաստել, օրինակ, հասարակական զարգացումներին, պահանջարկված չեն, չեն օգտագործվում վարչարարների կողմից և գիտությունը, կարելի է ասել,  զարգանում է «ինքն իր համար»:  Արդյունքում՝ այդ կարգի գիտությունը սկսում է դառնալ ինքնանպատակ:

Բայց լավ բան էլ շատ կա: Մասնավորապես հումանիտար գիտությունների ոլորտում հնարավորություն է առաջացել սեփական նախաձեռնություններով գիտական հետազոտությունները ֆինանսավորող հիմնադրամներ գտնել, նախկինում փաստացի արգելված թեմաներով զբաղվել, կապեր հաստատել «դրսի» նախընտրելի հետազոտական խմբերի և հետազոտող անհատների հետ, շատ նվազել է գիտական հետազոտությունների արդյունքի՝ հոդվածների, գրքերի գրախոսումը: Մի խոսքով, ամփոփելու դեպքում, կարելի է ասել, որ գիտա-կրթական քաղաքականությունը և գիտակրթական զարգացումները զուգահեռ գոյություններ են, որոնք քիչ հնարավորություններ ունեն «միմյանց հանդիպելու»: 

Արտավազդ Սոխիկյան- Պետական քաղաքականությունը գնահատում եմ բավարար։ Վերջին տարիներին բավականին լավ արտոնություններ տրվեցին ՏՏ նորաստեղծ ընկերություններին, ինչը միանշանակ խթանեց ոլորտում նոր ընկերությունների ստեղծումը։ Կուզեի ավելի շատ տեսնել պետության աջակցությունը ներդրումային ընկերություններին, մասնավորապես հրեշտակ-ներդրողներին և ավելի սաղմնային փուլում ներդրում կատարող հիմնադրամների ստեղծման գործում։

2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:

Աշոտ Բլեյան-Հանրակրթական անհեղինակ ծրագրի կազմակերպումը, երբ անհատականություն չհարգող, անհատի կենսական ժամանակը խժռող, նյութակեր հաստատության միջոցով ստրկացած-ճորտացած տնօրենը-ուսուցիչը-սովորողը ինքնարտահայտման-ինքնաճանաչման հաճույքից շարունակում են զրկված մնալ…

Մասնագետի պատրաստության պատվիրատուի՝ գործատու շուկայի փոխարինումը պետական որակավորման հանձնաժողովի անունից դիպլոմներ բաժանող հաստատությունով։

Կրթահամալիրի փորձը ցույց է տալիս, որ կրթության գործի մասնակիցներին պիտի վստահել կրթության ծրագրման գործը՝ իր դասընթացը որոշող, ուսումնական նախագծեր մշակող, անընդհատ սովորող ուսուցչին, իր անհատական պլանը կազմող, սովորեցնող սովորողին։

Հրանուշ Խառատյան- Կարող է տարօրինակ թվալ, բայց կոնկրետ իմ ոլորտի գիտական գործունեությունը զարմանալիորեն բեղուն է: Անցյալ տարի «արդյունավետ գիտաշխատող» գնահատվածների մեջ ողջ Հայաստանի հումանիտար գիտությունների ոլորտի մոտ հիսուն տոկոսը բաժին ընկավ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի» գիտաշխատողներին: Եթե հնարավորություն ստեղծվեր նաև օգտվելու ոչ շատ թանկ, բայց վճարովի էլեկտրոնային գիտական ռեսուրսներից՝ առաջատար գրադարաններից, արխիվներից և այլն, վստահ եմ, արդյունավետությունը զգալիորեն կբարձրանար: Անշուշտ, լուրջ խոչընդոտ է գիտա-հետազոտական աշխատանքների ծիծաղելիորեն սուղ ֆինանսավորումը: Մենք Հայաստանի միջոցներով հնարավորություն չունենք ծրագրավորելու քիչ թե շատ ֆինանսատար աշխատանքներ, և հաճախ հարկադրված ընտրում ենք թեմաներ, որոնց հետազոտական աղբյուրները փաստացի գտնվում են Հայաստանում:

Մեր աշխատանքների զգալի մասի աղբյուրները կամ «դաշտային են», կամ արխիվային: Արխիվային փաստաթղթերի պատճենները շատ թանկ արժեն, իսկ արտերկրների բուն արխիվներում տևական աշխատանքը այդ երկրներում կեցություն և ուրեմն ծախսեր է պահանջում: 2017թ.-ին, օրինակ, մեր հետազոտական խումբը Ռուսաստանի և Վրաստանի արխիվներից պատճենել և Հայաստան է բերել Հայաստանին և հայերին վերաբերող շուրջ վաթսուն արխիվային գործի պատճեն, որոնց համար վճարվել է ավելի քան մեկ միլիոն դրամ, մեծ մասը՝ «դրսի» ֆինանսավորմամբ: Մեկ արխիվային գործը կարող է բաղկացած լինել տասնյակ էջերից, իսկ մեր կողմից Հայաստան բերված գործերից մեկը 600 էջ ծավալ ունի:  Պատճենների համար վճարում ենք էջերի, ոչ թե՝ գործի հաշվարկով: Մեր հետազոտական խմբի անդամներից երեքը մեկ ամսից ավելի աշխատել են Վրաստանի ՆԳՆ Ակադեմիայի արխիվում՝ կազմելու համար Խորհրդային Վրաստանում ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների ենթարկված հայերի տվյալների շտեմարան: Ամսից ավելի Վրաստանում ապրելու և արխիվում աշխատելու համար ֆինանսներ են պետք: Պատկերացրեք, թե ինչքան դժվար է գիտական թեմաներ ընտրել, որոնց «դաշտային տարածքները» արտերկրում են:

Թուրքիայում ցեղասպանությունից փրկված և գավառներում մնացած հայերի «ընտանեկան պատմությունների» նյութերը գրանցելու համար միայն մեկ անգամ է հնարավոր եղել պետական միջոցներով տեղում աշխատել: Արդյունքում՝ մեր ոլորտում  գլխավոր «խոչընդոտը» ես համարում եմ այն, որ մենք հարկադրված ենք գիտական թեմայի  ընտրությունը հարմարեցնել մեր երկրի «գիտական գրպանին», ինչը զգալիորեն նվազեցնում է լուրջ գիտական ծրագրեր կազմելու հնարավորությունները: Մենք հաճախ ստիպված ենք լինում մասնակցել միջազգային ա՛յն գիտաժողովներին, որոնցում մեր մասնակցությունը՝ ճանապարհածախսը, կեցությունը ֆինանսավորում է գիտաժողովի կազմակերպական կողմը: Սա նաև գիտաժողովին ներկայացվելիք թեմայի ընտրություն է նշանակում՝ այն պետք է համապատասխանի կազմակերպիչների ճաշակին, նախընտրություններին: Կրկին առաջանում է «թեմայի ընտրության» սահմանափակման հարցը: Այլ կերպ ասած՝ մենք «արտաքին գիտական աշխարհին» ասելիք ունենալիս համարյա միշտ կախյալ ենք, թե՛ թեմայի ընտրությամբ, թե՛ արդյունքի ներկայացմամբ: Բայց, քանի որ այսօր մեծ հնարավորություններ կան վիրտուալ շփումների համար, գլխավոր խոչընդոտը ես կհամարեի մեր գիտաշխատողների լեզուների իմացության ողբերգականորեն ցածր մակարդակը: Չկարողացանք կրթության միջոցով լեզվի գոնե միջակ իմացություն ապահովել, բոլոր մակարդակներում լեզուների տիրապետելու համար անհատ գիտաշխատողների կողմից մեծ ջանքեր են գործադրվում, հիմնականում՝ կամ «դրսի» օգնությամբ, կամ՝ սեփական միջոցներով: 

Արտավազդ Սոխիկյան- Ինչպես վերևում նշեցի, շատ կարևոր են ստարտափերի վաղ շրջանում ներդրումներ կատարող կառույցները։ Ցավոք, մենք դեռ չունենք բավարար ներդրումային կառույցներ։

 

3. Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:

Աշոտ Բլեյան- Իմ՝ արդեն հնչեցրած «վայ»-երից, կարծեմ, հետևում է պատասխանը։ Անպատասխանատվության արմատը ուսումնական հաստատության, նրան ենթակա մասնագետի՝ պետության անունից գործելն է։ Մասնագետը նախ պիտի գիտակցի իր իրագործած ծրագիրը (մասնակցի, համաձայն լինի) պատասխան տա իր գործածի համար, չանի բաներ, որոնց հետ, իբր թաքուն, համաձայն չէ։ «Ինչ արած»-ի, տունը պահելու պատրվակներից զրկված լինի։ Նույնը՝ նաև սովորողի, նրա ընտանիքի դեպքում. ստեղծականությունը՝ որպես առանցք, անցնի կրթության-ուսուցման հյուսիսային բևեռից հարավային բևեռ, այնպես, որ նրա շուրջ պտտվեն կրթական խմորումները։

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել․կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չենք կարող ծառայել Աստծուն և Մամոնային․․․»։ Չես կարող անգիրի դպրոցում, նրա գործունեության դաշտում լինել և իբր երազել ստեղծականության մասին։

Հրանուշ Խառատյան- Չգիտեմ այդպե՞ս է արդյոք: Այսինքն՝  չգիտեմ, փոշիանում և այլասերվու՞մ են արդյոք գիտական խնդիրները սիրողական քննարկումներում: Այսպես կոչված «սիրողական քննարկումները» իրենց դրական կողմն էլ ունեն՝ գիտական արդյունքը, երբեմն, այդ ճանապարհով հանրայնանում է: Անշուշտ, դրանք հատվածային և մեթոդաբանորեն ոչ միշտ հիմնավորված արդյունքներ են, բայց «սիրողական տարածքը» հարցեր է առաջադրում, որը չի առաջադրում գիտական տարածքը: Ինչ վերաբերում է «մասնագիտական և գործուն ընտրախավերին», ապա այդպիսիք, կարծում եմ կան, մի մասը սպասարկում է ձևակերպված կամ ենթադրելի քաղաքական պատվերը, մեկ այլ մասը իրենք իրենց համար ձևակերպել են քաղաքականության, երկրի, պետության, հասարակության և ժողովրդի ցանկալի «պատվերը», երրորդները փորձում են «դուրս գալ» առկա կամ հնարավոր, ենթադրելի պատվիրատուի փնտրտուքից և զբաղվել մաքուր նախընտրելի վերլուծություններով և այլն: Երբեմն, ինձ թվում է՝ «գիտական ընտրախավ» կոչվածը Հայաստանում կարելի է բաժանել երկու խմբի՝ ֆորմալները՝ գիտական և քաղաքական իշխանությունների կողմից նախընտրելիներ, և ոչ ֆորմալները, որոնց մեջ կան, անշուշտ, նաև «նախընտրելիներ», գիտական միջավայրում ոչ թե վարչական կամ, առնվազն ոչ միայն վարչական, այլ հետազոտական ազդեցություն ունեցողներ: 

Արտավազդ Սոխիկյան- Միանշանակ համաձայն եմ։ Այս առումով շատ դրական եմ գնահատում մեր ոլորտի զարգացումները, մասնավորապես 2017 թվականին՝ արդեն նկատվում են Ձեր նշած ընտրախավի ձևավորման առաջին քայլերը։ Համոզված եմ, առաջիկա մի քանի տարում մենք կունենանք ոչ միայն կայուն ու զարգացած ընկերություններ, այլև մասնագետներ, որոնք կիսվում են իրենց փորձով սկսնակների հետ, դառնում են մենթորներ և ներդրողներ։

4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:

Աշոտ Բլեյան-«Եվ իր աշակերտներից մեկն ասաց․ «Տեր, ինձ թույլ տուր, որ գնամ, նախ իմ հորը թաղեմ»։ Հիսուս նրան ասաց․ «Դու իմ ետևից արի և թույլ տուր մեռյալները թաղեն իրենց մեռելներին»»։ 
Ուսումնական հաստատությունները քննություններ անցկացնելու-շարունակ ստուգելու կենտրոններից վերածել անընդհատ ուսուցողական-հետազոտականի․․․ Վերացնել բոլոր կարգի քննությունները, այդ թվում՝ կենտրոնացված, միասնական, որ ուսուցանողը դառնա ուսուցման ծրագրի կազմակերպման ու բովանդակության հեղինակը։ Վերացնել հավատարմագրումը, պետության անունից որակավորումներ շնորհելը. որ լինի այնպես, ինչպես ասված է Կտակարանում՝ ուսուցանել «ինչպես մեկը, որ հեղինակություն  ունի, այլ ոչ թե ինչպես օրենսգետները»։ Վճռականորեն անցում կատարել նախագծերով մեդիաուսուցման, վերացնել խոչընդոտները մանկավարժ աշխատելու վճիռ կայացրած գործող մասնագետի առաջ, վերացնել խտրությունը համատարած տիրապետող առկա ուսուցման և այդպես էլ չկիրառվող, տնային ուսուցման միջև։ Թող ազատ ընտրի սովորողը։ Վերացնել արգելքները պետական և հեղինակային (այլընտրանքային) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև։ Զարկ տալ ամենուր ինքնավարությանը-ինքնուրույնությանը։

Հրանուշ Խառատյան- Այս հարցին կարծում եմ, մասամբ անդրադարձա Ձեր 2-րդ հարցին պատասխանելիս: «Տառապանքի» գնով ձեռք բերած իմ մասնագիտական գլխավոր դասը, փորձառությունը այն է, որ միայն բավական հասուն տարիքում հասկացա, թե գիտության մեջ որքան երկրորդական, երրորդական են գիտական կոչումները, պարգևատրումները, կարգավիճակները, որոնք ի վերջո հանգում են «պատվավոր»-ի ֆորմալացման և ծերության շրջանում «ծուլանալու» իրավունքին: Հենց որ մարդն ազատվում է այդ մրցակցությունից, գալիս է իրական գիտական աշխատանքը: 

Արտավազդ Սոխիկյան-Ոչ մի դաս դառը չեմ համարում։ Շատ ենք սխալվել տարբեր հարցերում, բայց ցանկացած սխալից հետո գոնե փորձ ձեռք ենք բերել։ Շատ կարևորում եմ թիմը։ Ցանկացած խնդիր լուծելիս, կամ նորարար գաղափար կյանքի կոչելիս թիմի դերը ամենակարևորն է։ Մյուս  տարի մեր ընկերության հիմնական նպատակը լինելու է  էլ ավելի զարգացնել թիմի մասնագիտական և անհատական որակները։

5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին: 

Աշոտ Բլեյան- Հարցնում եմ՝ ե՞ս... Ո՛չ կայունություն ունեմ ֆինանսական, և ո՛չ բարեկեցություն, բայց գործում եմ չթուլացող վստահությամբ, որ մեծագույն օգուտ եմ տալիս Հայաստանի Հանրապետությանը, եթե այդ հանրապետությունը իսկապես կոչված է գրավիչ-պաշտպանված բնակավայր դառնալ երեխաների համար։ Պատրաստ եմ նորից նստել՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նորից խցում ընդունել սեբաստացիների բազմապատկված շնորհավորանքներն ամանորյա (միայն թե ոչ Նուբարաշենի քննչական մեկուսարանում, որտեղ եղել եմ երկուս ու կես տարի, այլ Հայաստանի որևէ գաղութում)։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը եղել է և կա հազարների՝ համեստ միջոցներով հասարակ մարդու-քաղաքացու կրթական պատվերը կատարող հաստատություն։ Նրանց կայունություն և բարեկեցություն ենք ցանկանում ամեն նոր տարում։

Հրանուշ Խառատյան- Չգիտեմ՝  ինչ է նշանակում այս հարցը: Որևէ հարթակում «մեծագույն օգուտ» բերելու առիթն ինքնին, առավել ևս՝ հայրենիքին,  շատ գայթակղիչ, պատվավոր, բայց հազվադեպ վիճակվող «նվեր» է, կարծում եմ դիպվածը քչերին է արժանացնում այդ «նվերին»: Իմ կյանքում ես երեք անգամ կամավոր հրաժարվել եմ որոշակի դիրքից և ֆինանսական հարաբերական կայունությունից՝ պատվի և արժանապատվության, արժեքների իմ սանդղակին չհամապատասխանող իրավիճակների պատճառով: Ես սրանք «զոհաբերություններ» չեմ համարում և այդպիսին չեմ ընկալում, կարծում եմ, որ սա մարդու գոյության բնական վիճակ է: 

Արտավազդ Սոխիկյան- Իհարկե։ Կարծում եմ մեր ոլորտում շատ-շատերն են պատրաստ։ 

6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:

Աշոտ Բլեյան-2017-ի սեպտեմբերը սկսեցինք նաև հեռավար ուսուցմամբ սովորողներով։ Բնակիչների ավտոտնակները կարողացանք ներառել մեր բացած-ստեղծած շրջակա կրթական միջավայրում։ Աչք ենք տնկել մեր բնակելի Բանգլադեշի շենքերի, մանկապարտեզների՝ դեռ մնացած չափարներին, մետաղե դարպասներին, անապատացող հողերին, ասֆալտ-բետոններին։ Ուզում ենք ողջը, գոնե 2018-ին, կանաչեցնել, հարմարության, ճաշակի մեջ կորցնել։ 

Սկսել ենք «Ուսումնական Գյումրի», «Աշտարակը ազգագրության բաց լաբորատորիա», «Երկրագործի կրթությունը խոշորացված համայնքում», «2800 խնդիրներով Երևան», .... նախագծերի իրագործումը։ Ես չեմ սիրում ինձ հայելու մեջ նայել, ինքնահիացման նարցիսականությունից զերծ եմ՝ հեծանվի վրա։

Հրանուշ Խառատյան- Դե, շատ եմ աշխատել: Խմբով էլ ենք աշխատել, անհատապես էլ եմ շատ աշխատել: Աշխատելն ինքնին հպարտանալու բան չէ: Անշուշտ, կա այդ աշխատանքի որոշ արդյունք՝ հրատարակված և հրատարակության ուղարկված գրքեր, հոդվածներ, նյութեր: Հպարտանու՞մ եմ դրանով: Հազիվ թե: Այդպիսի զգացում չունեմ: Ավելի շատ դժգոհություն կա: Ամեն «գրավոր» աշխատող գիտի, թե ինչքան թերի է աշխատածի արդյունքը, ինչքան հարց մնաց «շրջանցված»: Հպարտանալու բան չէ: Ինչով իսկապես հպարտանում եմ, դա ինձ հետ աշխատող երիտասարդ թիմակիցներիս արածն է՝ այս տարի մենք ամփոփեցինք ԽՍՀՄ քաղաքական բռնությունների ենթարկված շուրջ 55.000 մարդու մասին համառոտ տվյալների շտեմարանի կազմումը,  այդ թվում նաև Վրաստանի, Ալթայի երկրամասի և Տոմսկի մարզի արխիվների նյութերով, մեր ներդրած ժամանակի համար անհնար թվացող մի գործ: Անշուշտ, շատ երախտապարտ եմ այդ աշխատանքին օգնած հիմնադրամներին: Հույս ունեմ, որ այդ աշխատանքի արդյունքը, հավանաբար շուրջ հինգ հատոր կազմող գրքերը, յուրաքանչյուրում մոտ 10.000  մարդու մասին համառոտ տեղեկություններով, օգտակար կլինեն թե՛ հետազոտողների, թե՛ պարզապես մարդկանց, թե՛ խնդրով շահագրգիռ պետական մարմինների համար: Առայժմ հրատարակության են պատրաստվել միայն երկու հատորները: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017-ին.վատ հարց է: Դուր չի գալիս:

Արտավազդ Սոխիկյան- 2017 թվականը շատ մեծ հաջողությունների տարի էր։ Բավականին մեծ հաջողություններ ունեցանք տարբեր ոլորտներում։ Ունեցանք նաև շատ նկատելի անհաջողություններ և նահանջներ։ Ամենաոգեշնչողը,  երևի թե,  մեր հաճախորդների դրական կարծիքներն են, որոնք բավականին շատ էին այս տարի։ Ոչ մի տարի դեռ ես իմ դուրը չեմ եկել, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ ամեն տարի ավելի լավն եմ դառնում։ Առհասարակ, շատ եմ կարևորում մասնագիտական աճը, ուստի ամեն ինչ անում եմ, որ ամեն տարվա վերջում կարողանամ ասել, որ այս տարի ավելի լավն էի, քան նախորդ տարի։

7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:

Աշոտ Բլեյան-«Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»։ Երջանիկ րոպե ունեմ, որին սպասել եմ ողջ կյանքում, Խաչատուր Աբովյանին կրկնեմ, «ի՛մ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկան ազգ»։ «Սիրեցեք զիրար, շա՛տ սիրեցեք, որպեսզի ապրեք».- այս մեկն էլ Կոմիտասն է ասել։ 
Մասնակցեք համահայկական անճաշակությունը հաղթահարելու՝ կրթահամալիրի հանրակրթական նախագծերին, հանրային առարկայական դարձող պատվերով դպրոց-պարտեզների ստեղծմանը հանրապետությունով մեկ, «Բարեկամություն» բաց ճամբարի խողովակներով մանկավարժական նորարարության տարածմանը։ Միացեք մեզ։ Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան:

Հրանուշ Խառատյան- Աշխարհի հայեր, մոռացեք, որ մարտիրոսությունը և նահատակությունը առաքինություն են, ազգային մարտիրոսությունն ու ազգային նահատակությունը՝ մեծ առաքինություն: Առաքինությունը արարումն է: Ոչ ազգի, ոչ հայրենիքի համար պետք չէ մարտիրոսանալ կամ նահատակվել, դրանք չեն ծառայում արարմանը: Կարծում եմ, մեր կյանքի մի հատվածը հայրենիքին և մարդկությանը ծառայեցնելը անհամեմատ կարևոր է:

Արտավազդ Սոխիկյան- Ես համոզված եմ, որ հիմա ամենալավ ժամանակաշրջանն է հայ լինելու և Հայաստանում ապրելու համար։ Թվային աշխարհը մեզ տալիս է անսահման հնարավորություններ ու արդեն կարևոր չէ, թե ֆիզիկապես որտեղ ես գտնվում։ Վերջին մի քանի տարում քիչ, բայց արդեն նկատելի է ունակ և կարող հայ երիտասարդների ներհոսքը Հայաստան, որոնք գալիս են աշխարհի տարբեր անկյուններից, գալիս են ու մի փոքր ավելի լավն են դարձնում ինչ-որ բիզնես, ոլորտ և ընդհանրապես՝ մեր երկիրը։ Կուզեմ, որ շատ լինեն նման մարդիկ։

«Ստեղծագործական Հայաստան»  մեդիանախագիծ

ՎԱՐԴուհի Սիմոնյան

Աստղիկ Ղազարյան

Սյուզան Թոսունյան

Tert.am