Նկարագրություն:
Բոլոր ճամփորդությունների լավագույն հայտնագործությունը ինձ համար կա և մնում է մարդը: Զարմանալի բան կա թաքնված էս բնության մեջ՝ հմայիլ, կախարդանք, մոգություն… Հազար տարվա ծանոթ ընկերդ դառնում է մի տեսակ ուրիշ՝ ավելի կենսախինդ, ավելի բաց ավելի մարդ, ավելի ընկեր, ու էլի ավելի ու ավելի ուրիշ: Նոր, թվում է մինչ այդ գրեթե անծանոթ ճամփորդ-ընկերդ դառնում է հին ու լավ ընկերներիցդ մեկը՝ հարազատ ու սիրելի: Ի՞նչ է լինում, ի՞նչ է փոխվում: Չգիտեմ, իրոք չգիտեմ: Ինքդ էլ ես փոխվում. մարդկանց նայում ես բնության միջով, ընկալում ես բնության գույներով, նրանց լսում ես բնության ձայների միջով, ու խոսակցությունները մի տեսակ այլ երանգ են ընդունում, այլ ջերմություն ստանում: Այս անգամ էլ, ինչպես միշտ, բախտս բերեց: Այս անգամվա իմ ընկերախումբն էլ էր բացառիկ: Դե, ճիշտ եմ ապրում երևի, որ վերուստ այսպիսի նվեր-օրեր ու նվեր-ընկերներ եմ ստանում: Շնորհակալ եմ, օրվա համար: Շնորհակալ եմ, որ կաք ու այդպիսին եք: