• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկու հարևան երկրների ժողովուրդների իրական բարեկամությունը սկսվում է մանկությունից

Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն 20 տարուց ավելի է անցել: Այս անցած ամբողջ ժամանակաշրջանին իրականում ավելի շատ բնորոշ են եղել միջպետական  հակամարտությունները, ազգամիջյան փոքրիկ բախումները և նույնիսկ` պատերազմները: Չեմ ուզում օրինակներ բերել: Դրանք բոլորին են հայտնի: Լուրերն այդ հակամարտությունների մասին ողողել են ամբողջ մեդիա աշխարհը: Պատկերն այնպիսին է, որ ժողովուրդների բարեկամության մասին պնդումներ, հայտարարություններ կարելի է կարդալ միայն միջպետական դիվանագիտական փաստաթղթերում, բայց անհնար է ժխտել այն միտքը, որ ժողովուրդների իրական բարեկամությունը ստեղծվում է ներքևից, հենց ժողովրդից: Այս առումով անգնահատելի կարևոր գործ են անում Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեն և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Երկու կրթական հաստատությունների համագործակցության 5-րդ տարին է ընթանում: Այս հինգ տարիների ընթացքում հարյուրավոր հայ և վրացի սովորողներ ու դասավանդողներ փոխայցելություններ են կատարել Երևան և Թբիլիսի, համատեղ նախագծեր իրականացրել: Այդ նախագծերն իրականություն են դարձել նաև ծնողների շնորհիվ, ովքեր իրենց տանն են հյուրընկալել հարևան երկրի երեխաներին: Արդեն ավանդույթ է դարձել վրացերենի տոնը մեր կրթահամալիրում նշելը, որին արդեն չորրորդ անգամ մասնակցում է նաև Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին: Սա հետխորհրդային անկախ երկրների ժողովուրդների միջև եղած իրական բարեկամության լավագույն դրսևորումներից է: