• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բարձունքների հաղթահարում» նախագծին ընդառաջ

 

Բարև ձեզ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը իրականցնում է «Բարձրունքների հաղթահարում» նախագիծը , որի շրջանակներում տարվա մեջ երկու անգամ՝ Սեպտեմբերի 21-ին և Մայիսի 28-ին կրթահամալիրի տարբեր տարիքի սովորողների խմբերը ուղևորվում են հանրապետության տարբեր ուղղություններով նվաճելու գագաթներ:

Այժմ մենք նախապատրաստական փուլում ենք և մասնագետի խորհրդի կարիք ունենք: Ցանկանում եմ մի քանի հարց ուղղել ձեզ, ճիշտ ուղղություն և բարձունք ընտրելու համար, որպեսզի եղանակը տհաճ անակնկալներ չմատուցի:

1.      Խնդրում եմ ասեք ինչպիսի՞ եղանակներ են սպասվում առաջիկա օրերին, և ըստ երկարաժամկետ կանխատեսումների մայիսի 28-ին ինչպիսի՞  եղանակային պայմաններ կլինեն:

Առաջիկա  5 օրերին հանրապետությունում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ ինչ վերաբերվում է մայիսի 28-ին ապա առհասարակ այդ ժամանակահտվածում մթնոլորտը գտնվում է անկայուն շերտավորման վիճակում, որի արդյունքում դիտվում  է ամպրոպային ակտիվ գործունեություն:

2.      Ո՞ր գագաթները խորհուրդ կտայիք բարձրանալ, որոնք են առավել ապահով:

Օդերևութաբանական պայմաններից ելնելով տարվա այդ ժամանակահատվածում առավել նպատակահարմար է բարձրանալ մինչև 2500-2800մ բարձրություն ունեցող գագաթներ:

3.      Ես զրուցում էի «Սևան» ազգային պարկի գլխավոր գիտաշխատողի հետ և առաջարկեցի պարկի տարածքում գտնվող Արտանիշ լեռը, ի՞ նչ կասեք հնարավոր է այն բարձրանալ այս եղանակային պայմաններում, թե ոչ:

Արտանիշը իրենից որևէ բարդություն չի ներկայացնում, բացառությամբ այն օրերին երբ նկատվում է ամպրոպային գործունեություն, ինչը խիստ վտանգավոր է շանթահարվելու տեսանկյունից:

4.      Ուրծասար, Երանոսի լեռներ այս հատվածում արդյոք օձերի տարածման շրջան չէ են, ապահով են արդյոք բարձրանալու համար:

Թունավոր օձեր, հատկապես Գյուրզան  հանդիպում են նշված լեռների հատկապես նախալեռնային գոտում, սկսած 2000մ-ից չեն նկատվում:

5.      Եղանակային ո՞ ր ժամանակահատվածն է առավել հարմար լեռնագնացության, բարձունքներ հաղթահարելու համար:

Հուլիս-Օգոստոս ամիսները, իհարկե, եթե այդ օրը ամպրոպային երևույթներ չեն սպասվում:

6.      Ես գիտեմ, որ դուք բազմիս բարձրացել եք Աժդահակ լեռը: Ե՞ րբ կկարողանանք մենք նույնպես զգալ այդ հրճվանքը:

Աժդահակը հիմնականում անցանելի է լինում հունիսի 20-ից հետո, իսկ մայիսի վերջին այստեղ դեռևս առկա է ձնածածկույթ, որը խիստ վտանգավոր է հատկապես այն առումով, որ բուքը ձյունը կուտակում է գոգավորությունների և չինգիլների հատվածներում, որոնք դառնում են անտեսանելի: Բացի այդ մայիսին Գեղամա լեռների մերձգագաթային մասում դեռևս բավականին ցուրտ է, օդի ջերմաստիճանը 0 - ից հազվադեպ է բարձր լինում, եղանակը անկայուն է և բնութագրվում է կտրուկ և տարերային փոփոխություններով, ուժեղ ամպրոպներ, տեղատարափ, կարկուտ, ձնամրրիկ և այլն:

Շնորհակալություն հարցերին համբերատար պատասխանելու համար:

Առցանց հարցազրույց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանի հետ