Նկարագրություն:
Իջևանյան արվեստի փառատոնի օրերին Սեբաստացիներ երգչախմբի առաջին ելույթը Գոշավանքում էր: Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է Հայաստանի հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի աջ ափին: Գոշավանքն իր անունն ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:
Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները։ Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։ Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Վանական համալիրը հայ ճարտարապետական մտքի և շինարվեստի նշանավոր օրինակներից է։ Մեզ են հասել շինարար վարպետներից երեքի անունները` ճարտարապետ Մխիթարի (Մխիթար Հյուսն), նրա աշակերտ Հովհաննեսի և անզուգական քարագործ վարպետ Պողոսի, որի ձեռագործ աշխատանքներից է Գոշավանքի նշանավոր խաչքարը։ Սեբաստացիներ երգչախումբը Գոշավանքի կամարների տակ հնչեցրեց Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգերից մի փունջ: