Նկարագրություն:
Հունաստանի Հռոդոս կղզին հնարավորություն է մոտենալու հունական դիցաբանությանը: Հռոդոս կղզին ամենագեղեցիկն է Դոդեկանիսյան արշիպելագում: Նրա ափերը ողողում են Էգեյան և Միջերկրական ծովերը, իսկ ինչ է լինում, երբ համբուրվում են ծովերը... Ըստ առասպելի՝ աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաք», որը Զևսը նվիրեց արևի աստված Հելիոսին, ով այնքան էր սիրահարվել այդ կղզուն, որ իր ամբողջ ջերմությունը նվիրում էր նրան և զարդարում վարդերով: Ըստ վարկածներից մեկի` Հռոդոսը եղել է Հելիոսի կնոջ անունը:
Այս կղզին ամբողջ տարին չի լքում արևը, բայց շոգ չէ՝ Էգեյան ծովից փչող քամին մեղմացնող ազդեցություն ունի։ Հռոդոսը հայտնի է իր մեղմ կլիմայով, մաքուր ավազով լողափներով և հարուստ բուսական աշխարհով, և դրանով իսկ տարբերվում թերակղզային Հունաստանից, որտեղ գրեթե չկան կանաչ տարածքներ,իսկ շոգը անտանելի է։
Մի հետաքրքիր փաստ, որ արձանագրեցինք Հռոդոսում։ Միջերկրական ծովի ափին ավելի շոգ է և խոնավ, իսկ Էգեյան ծովափերին մեղմ է և պակաս խոնավ։
Կղզու մայրաքաղաքը`Հռոդոս քաղաքը, բաղկացած է երկու մասից` հին և նոր:
Նոր մասում է գտնվում Հռոդոսի հանրահայտ կոթողը։Հռոդոսի կոթողը կառուցվել է մ.թ.ա. 292-280 թվականներին` ի պատիվ Կիպրոսի դեմ Հռոդոս կղզու տարած հաղթանակի: Այն ոտքերը երկու պատվանդանների վրա դրած Հելիոսի 31-մետրանոց արձան էր, որի ոտքերի տակով պետք է անցնեին կղզուն մոտեցող նավերը: Կոթողը քանդվել է կառուցումից ընդամենը 66 տարի հետո՝ ավերիչ երկրաշարժի հետևանքով: Տեղաբնակները, համարելով, որ արձանն անիծված է, հետագայում չեն փորձել վերականգնել այն: Ութ դար ընկած մնալուց հետո այն վաճառվել է մի հրեա վաճառականի, ով, 900 ուղտի վրա բարձած, արձանը տեղափոխել է անհայտ ուղղությամբ
Հին քաղաքը շրջապատված է յոթ դարպաս ունեցող միջնադարյան պարիսպներով: Դրանցից ներս մուտք գործելով՝ հայտնվում ես այլ աշխարհում: Ներկայումս քաղաքի փողոցները ողողված են հուշանվերների, ոսկեղենի խանութներով ու ռեստորաններով, սակայն սալահատակով պատված նեղ փողոցները, կամարաձև միջանցքները ու ցածրահարկ տներով այս թաղամասերը հիշեցնում են խաչակիրների ժամանակաշրջանը: Քաղաքի կարևորագույն վայրը Ասպետների պողոտան է, որտեղ բնակվել են Հոսպիտալիեր ասպետները, և պողոտայի վերջում գտնվող Մեծ մագիստրոսի ապարանքը :
Մարթա Ասատրյան, Նառա Նիկողոսյան