Կրթահամալիրի ավագ դպրոցների ուսումնական պլաններով որոշված է ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը օգոստոսի 5-15-ը հրավիրել է կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցիներին Արցախի Մարտունու շրջանի բարձր դասարանների սովորողների հետ համատեղ մասնակցելու Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Ճամբարին մասնակցում են նաև առանձին սովորողներ մայրաքաղաքի այլ ավագ դպրոցներից, ինչպես նաև Մեծամորի ավագ դպրոցի խումբը դպրոցի և կրթահամալիրի միջև կնքված համաձայնագրով: Ճամբարի համար ընտրված սովորողների ծնողները տվել են իրենց գրավոր համաձայնությունը:
Մասնակիցների ճամբարային գործունեությունն ապահովելու նպատակով.
- կրթահամալիրի ավագ դպրոցների ղեկավարների ներկայացմամբ հաստատել Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
- ճամբարականներին անհատապես տրամադրել ճամբարի ռեժիմը, ճամբարի մասնակցի համար անհրաժեշտ անհատական պիտույքների ցանկը (հավելված 2-3).
- ճամբարի հայաստանյան խմբի ղեկավար նշանակել Արհեստագործական ավագ դպրոցի ղեկավար Արտյոմ Խաչատրյանին, օգնականներ՝ կրթահամալիրի ուսուցիչներ Արման Երանոսյանին և Գնել Հարությունյանին.
- ճամբարականների տեղափոխումը Երևանից Նոր Այգեստան կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով.
- մասնակիցների մեկնումը` օգոստոսի 5-ին, ժամը 7:30, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան - Սևան – Վարդենիս - Քարավաճառ - Թարթառի հովիտով - Նոր Այգեստան-«Ասպետ» ռազմամարզական ճամբար, վերադարձը՝ օգոստոսի 15-ին.
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան