• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր գյուղերը. Արենի

Նկարագրություն: 
Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում`Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում: Արենի բնակավայրը Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ: Համայնքը ծովի մակարդակից բարձր է 980 մ: Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս և արևելք: Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը: Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ: 2011 թվականի դրությամբ համայնքն ունի 543 տնային տնտեսություն, 2006 բնակիչ: Գյուղը թաղված է այգիների մեջ: Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետից հանված ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է: Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է` երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է: Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները, աշունը տաք է, օրերը` քիչ ամպամած: Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ: Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը: Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, գրադարան: Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է: Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս` բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին վեհաշուք եկեղեցին: Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ` Մագիլի և Թռչունների քարանձավները: Արենին ունի զբոսաշրջության մեծ պաշար` պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ: Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները` ժայռեր, ջրվեժներ, անդնդախորը ձորեր: Գյուղի կենտրոնում արենցիները կանգնեցրել են հուշարձան-կոթող` Հայրենական Մեծ պատերազմում զոհված, և խաչքար` Արցախյան ազատամարտում զոհված համագյուղացիների հիշատակին: Արենիի համայնքը էլեկտրաֆիկացված է, ապահովված է տրանսպորտային ցանցով, հեռախոսակապով, խմելու ջրի և ոռոգման ջրագծերով: 2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն: