Պատմում է Բ-4 դպրոցի գրադարանի ղեկավար Արևիկ Տատինցյանը.
-Որոշեցի գրադարան ստեղծել, որ իմ ընկերները շատ գրքեր կարդան, հազար ու մի բան իմանան: Առաջինը ասեցի պապիկիս այդ մտահղացման մասին: Պապիկը համաձայնեց, էն էլ ինչպե~ս համաձայնեց: Դե ես այն ժամանակ չէի սիրում գիրք կարդալ, բայց հիմա արդեն սիրում եմ: Ընկեր Մարիի հետ որոշեցինք ընթերցասրահի տեղը, պահարանների ձևը, ծանոթացանք ընթերցողների հետ:
Շարունակում է ընթերցավար Նազելի Տեր-Պետրոսյանը.
-Այսօր մեզ հյուր եկավ ընկեր Մարին: Նա մեզ ասեց, որ մենք ենք վարելու գրադարանը: Գրադարանային անձնակազմի թիմը ինքներս ենք հավաքել: Սիրում եմ կարդալ, դրա համար էլ ուզում եմ գրադարանավար լինել: Մեր դասարանցիները օգնեցին մեզ, որ բերենք սեղանները, իսկ հինգերորդ դասարանցիները օգնեցին պահարանները բերել:
Մենք բոլորս ութ տարեկան ենք: Ինչպես ասում են, պստիկ ենք, բայց ճստիկ ենք:
-Իսկ ես Այրա Առաքելյանն եմ, ընկերներիս հետ հերթով կաշխատենք գրադարան-ընթերցարանում: Արևիկն ու Նազելին ինձ առաջարկեցին իրենց հետ աշխատել:
Երկարօրյայի ժամանակ մեզ հյուր եկավ կրթահամալիրի գրադարանից ընկեր Մարին և ակտիվը: Այսօր մենք անցանք գրադարանի առաջին դասը: Երկրորդը վաղն է լինելու: Մինչ վաղը: