2013-2014 ուսումնական տարի
Երկարացված ուսումնական օրվա գործունեությունը այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական ամենամեծ պահանջարկ ունեցող ծառայություններից է (այսուհետ` կազմակերպում): Այդ պահանջարկը բացատրվում է ոչ միայն ծնողների զբաղվածությամբ, այլ նաև կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցներում ուսումնական պլանով որոշված գործունեության արդյունավետ կազմակերպմամբ և մանկավարժական վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ:
Կազմակերպումը հնարավորություն է տալիս իրականացնելու սովորողի լրացուցիչ կրթությունը, կրթահամալիրի նյութատեխնիկական բազան օգտագործելու սովորողների նախասիրությունների զարգացման համար, հմուտ մանկավարժների ղեկավարությամբ` ստեղծագործական-հետազոտական նախագծեր իրականացնելու միջոցով նպաստելու սովորողի կարողությունների և հմտությունների զարգացմանը: Կազմակերպումը ապահովում է նաև որակյալ և մատչելի սնունդ: Սահմանված կարգով կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր:
Երկարացված ուսումնական օրվա խմբի սովորողների թիվը 16-22 է:
Կազմակերպման մեջ սովորողների ընդգրկվածությունը լուծում է նաև անձի ձևավորման համար ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ: Սովորողների մեծ խմբի ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական շփումը (միասին հանգստանալ, ճաշել, ֆիլմ դիտել, հասարակական նախագծեր անել և այլն) զարգացնում է համագործակցային և ապրումակցելու կարևոր հատկանիշներ, միասին ապրելու և միասնական գործ անելու հնարավորություն են ընձեռում: Սա մեծ, իրական ընտանիքի մոդել է, որն ունի առավելություններ և դաստիարակչական մեծ հնարավորություններ: Կազմակերպման մեջ սովորողների մեծ թվով ընդգրկվածությունը պայմանավորված է նրա որակով և մատչելիությամբ:
Կազմակերպումը պարտադրում է դպրոցական շենքի համապատասխանեցումը այս ծառայության խնդիրներին` հանգստի համար նախատեսված պայմաններ, անհատական պահարաններ, սանիտարահիգիենիկ լրացուցիչ ջանքեր: Օրվա երկրորդ կեսին կրթահամալիրը իր բոլոր ծառայություններով սպասարկում է այս կազմակերպմանը: Կազմակերպման մեջ կարող են ընդգրկվել ոչ միայն սովորողների առանձին խմբեր, այլև ամբողջական դասարաններ: Եթե ամբողջ դասարանն է ընդգրկված կազմակերպման ծրագրում, փոխվում է նաև դասարանի հանրակրթության կազմակերպման ձևը: Դասարանի ուսումնառության պլանավորումը կազմվում է ամբողջ օրվա համար` այն բաժանելով գործունեության տարբեր ոլորտների և գործունեության տարբեր ձևերի: Սա առավել արդյունավետ է դարձնում ուսումնառության գործընթացը:
Երկարացված ուսումնական օրվա կազմակերպիչը խմբի համար կազմում և հաստատմանն է ներկայացնում օրվա ռեժիմը։ Նա վարում է վարում է իր ուսումնական բլոգը, որտեղ հրապարակում է խմբի հետ իրականացվող ուսումնական նախագծերը, դրանց արդյունքները, խմբի գործունեությունը լուսաբանում դպրոցի ենթակայքում։ Նա կազմակերպում է նաև սովորողի լրացուցիչ կրթությունը: Երկարացված օրվա կազմակերպիչը սահմանված կարգով ներկայացնում է կիսամյակային հաշվետվություն։
1-4-րդ դասարաններում կազմակերպման պատասխանատուն նաև դասվարն է, ով ղեկավարում է սովորողի ամբողջական գործունեությունը, գիտի նրա բացթողումներն ու ձեռքբերումները, հետաքրքրություններն ու կարողությունները և կարող է առավել արդյունավետությամբ կազմակերպել սովորողի գործունեությունը օրվա երկրորդ կեսին:
5-6-րդ դասարաններում երկարացված ուսումնական օրվա կազմակերպիչը իրականացնում է նաև սովորողների լրացուցիչ կրթության, նախասիրությունների զարգացման կազմակերպումը:
7-9-րդ դասարաններում երկարացված ուսումնական օրվա խմբերը կազմվում են ըստ նախասիրած գործունեությունների:
Յուրաքանչյուր խումբ ղեկավարում է տվյալ գործունեության անմիջական ղեկավարը, ով էլ պատասխանատու է օրվա երկրորդ կեսի սովորողի ռեժիմի կազմակերպման համար: Լրացուցիչ կրթությունը (նախասիրության զարգացում) սահմանված կարգով իրականացվում է կազմակերպման շրջանակում: Լրացուցիչ կրթություն սովորողը (ծնողը) ընտրում է կրթահամալիրում հաստատված նախասիրությամբ պարապմունքների ցանկից` օտար լեզու (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, հունարեն, թուրքերեն), մաթեմատիկա, տեխնիկական ստեղծագործություն, բնագիտական փորձեր, աստղագիտություն, կինո-ֆոտոգործ, համակարգչային գրաֆիկա, համակարգչային կիրառական ծրագրեր, դաշնամուր, ազգային նվագարան, վոկալ, պար, կերպարվեստ, քանդակ-խեցեգործություն, կարուձև, կարպետ-գոբելեն, փայտամշակում-մետաղամշակում, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորում, խոհարարություն, շախմատ, լող, մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, մարմնամարզություն, թեթև ատլետիկա)։